Ֆրանսիացի զբոսաշրջիկը՝ մեր երկրի լավ ու վատ կողմերի մասին
Ալեն եւ Գոհար Թեղիյաները:
Ֆրանսիացի Ալեն Թեղիյան եւ Գոհար Ստեփանյանն ամուսիններ են: 2003-ից սկսած Ալենն ամեն տարի այցելում է Հայաստան, ասում է՝ շատ դրական փոփոխություններ եւ զարգացումներ է նկատել: Հիացած է հայկական ճարտարապետությամբ, իսկ Երեւանում հավանում է Հյուսիսային պողոտան ու կասկադը: «Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի պատմության, մշակույթի հանդեպ, հայերը բացառիկ են տարածաշրջանում եւ շատ գեղեցիկ լեզու ունեն: Միշտ զարմացել եմ ձեր ժողովրդի արարելու շնորհով, ձեռքի տակ ունեցած ամեն ինչից ինչ-որ բան եք ստեղծում, մի բան, որ հատուկ չի արեւմտյան ժողովրդին»,- նման կարծիք է հայտնում Ա. Թեղիյան: Ի դեպ, Հայաստան այցելելիս նա անպայման լինում է նաեւ մարզերում, անգամ Արցախ է հասնում: «Երբ որեւէ երկիր կամ ժողովուրդ եմ «հայտնագործում» ինձ համար, սիրում եմ լիովին բացահայտել, ինչը չի ստացվի միայն ռեստորան գնալով, պիտի խորապես զննես այդ երկիրը՝ իր ամեն ինչով: Իմ բացահայտումների արդյունքում հանգել եմ այն եզրակացության, որ Հայաստանը հակադրությունների երկիր է: Օրինակ, Երեւանը իր փայլով ու ճոխությամբ հակադրությունն է մարզերի խեղճության: Հատկապես երկրաշարժից հետո հետաքրքրված եմ եղել Սպիտակով ու Գյումրիով, իսկ Արցախն ինձ միշտ գրավել է իր յուրահատուկ պատմությամբ, հաղթանակներով ու ճակատագրով»,- նշում է մեր զրուցակիցը: Մեր դիտարկմանը՝ քանի որ հայուհի կին ունի, ուրեմն Ֆրանսիայում յուրօրինակ դեսպանն է Հայաստանի, ինչպե՞ս է այնտեղ ներկայացնում մեր երկիրը, Ալենը պատասխանեց. «Ամեն ինչ ներկայացնում եմ այնպես, ինչպես կա իրականում, ինչ տեսել եմ, զգացել այստեղ: Որովհետեւ լավ է, երբ իրականությունն ես ասում մարդկանց: Պատկերացրեք մի բանի մասին ասես հրաշալի է ու մարդիկ այցելելով տվյալ երկիր՝ հակառակ պատկերին ականատես լինեն, ինչքա՜ն կհիասթափվեն:
Ինչ վերաբերում է Հայաստանին, շատ եմ սիրում: Այն ամբողջական է իր ժողովրդով, պատմությամբ, մարդկանցով, նաեւ առօրյա կանքով ու կենցաղով: Ինձ համար դժվար կլինի ամեն ինչ ճիշտ ներկայացնել, որովհետեւ ես ձեր առօրյա կյանքով չեմ ապրում, ընդամենը զբոսաշրջիկ եմ: Բայց նաեւ հասցրել եմ եւ լավը, եւ վատը նկատել: Մի փոքրիկ նկատառում-քննադատություն. երբ Եվրոպայում որեւէ սրճարան ես գնում, անպայման ունենում ես մենյուն՝ գումարով, գիտես, թե գրպանիդ համեմատ ինչ կարող ես պատվիրել: Մինչդեռ Հայաստանում շատ հաճախ անակնկալի ես գալիս, քեզ ներկայացրած հաշիվը երբեմն ցնցող է լինում»: Ալենը տպավորված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով, ասում է, եթե անգամ չիմանաս պատմությունը, միեւնույն է, տպավորիչ կառույցը կհետաքրքրի: Ֆրանսիացուն դուր է եկել Էջմիածնի մայր տաճարը, Մատենադարանը, Էրեբունի արգելոց-թանգարանը: Ալենը հետաքրքրված է հայկական ծեսերով, այս տարի առաջին անգամ խաղողօրհնեքի արարողության է մասնակցել: Երբ ասացինք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ծիրանօրհնեք էլ ունենք, որոշեց հաջորդ տարի այդ ամիսներին Հայաստան գալ: Հայկական խոհանոցի մասին էլ նշեց, որ սիրում է ամեն ինչ, իսկ այն, ինչ չի ուտում Ֆրանսիայում, չի ուտում նաեւ Հայաստանում: Օրինակ, ձմերուկ տանել չի կարողանում: Ալենի տպավորությամբ՝ մշակութային կյանքն այստեղ աշխույժ է, շատ ափսոսում է, որ օգոստոս ամսին օպերային եւ բալետային ներկայացումներ չի կարող դիտել, իսկ ինքը շատ էր ցանկանում «Ալմաստը» վայելել: Մի բանի համար էլ է ափսոսում՝ Երեւանում տրամվայները հանվել են, մինչդեռ Ֆրանսիայում 40-ամյա ընդմիջումից հետո կրկին «անցել» են տրամվայների: Ալենի տիկինը՝ Գոհարն էլ կատակով նշեց, որ ֆրանսիացիների համար այդքան էլ հեշտ չէ ընկալել, որ Գոհարը կնոջ անուն է: Ասոցացնելով Բեռնարի ու Ժերարի հետ, հաճախ Գոհարը տղամարդու անուն են համարում: «Ես էլ Գոհարի համար ավելի լավ բան եմ մտածել՝ փաղաքշական ձեւով ջանիկ եմ դիմում»,- ժպտում է Ա. Թեղիյան: Նա ցանկություն հայտնեց, որ Հայաստանի մյուս քաղաքներն ու վայրերն էլ լավ ներկայացված լինեն, քանի որ վստահ է՝ եվրոպացի զբոսաշրջիկները ուղղակի չեն դիմակայի դրանց գեղեցկությանը. «Իմ ծանոթներից շատերը սիրում են արկածային տուրիզմ, սար բարձրանալ, բայց չգիտեն, որ Հայաստանում նման տեղեր կան»: