Լիբանանյան նավը, որի տախտակամածին գտնվողները, բացի անձնակազմի անդամներից, բացառապես կանայք են, ուղեւորվում է Գազայի հատվածի «շրջափակումը ճեղքելու»: Newsru-Istael-ի մատուցմամբ, բոլիվիական դրոշի ներքո նավարկող «Մարիամ» («Ջունիա») նավը պետք է ծով դուրս գար դեռ երկու ամիս առաջ՝ թուրքական «Ազատության նավատորմից» անմիջապես հետո: Բայց նավատորմի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով նավարկությունը հետաձգվել էր: «Մարիամը» ծով դուրս կգա օգոստոսի 22-ին՝ Տրիպոլիի նավահանգստից եւ կուղեւորվի Կիպրոս: Այնտեղից էլ՝ Իսրայել: Բանն այն է, որ լիբիական օրենքներն արգելում են նավերին ուղեւորվել դեպի «Իսրայելի կողմից զավթված» ափերը:
Պաղեստինյան ծագում ունեցող լիբանանցի գործարար Յասեր Քաշլագը, որն այս նախաձեռնության հեղինակներից մեկն է, հաղորդել է, թե նավի ուղեւոր կամավորները՝ թվով 60, այդ թվում՝ լիբանանցի, պաղեստինցի եւ եվրոպացի կանայք են:
Լիբանանի վարչապետն ու խորհրդարանի խոսնակը հրաժարվել են ակցիային աջակցող որեւէ հայտարարություն անելուց: Նավը բեռնված է Գազայի հատվածում օնկոլոգիական հիվանդների համար նախատեսված դեղորայքի խոշոր խմբաքանակով: Եվ մեկ լիբանանյան նավ՝ «Նաջի ալ-Ալին», մտադիր է նույն երթուղով ծով դուրս գալ «Մարիամ» նավի նավարկությունից մի քանի օր հետո:
Թուրքական նավատորմի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչները կարողացել են պայմանավորվել, որ նավը բեռնաթափվի Եգիպտոսում, որտեղից էլ հումանիտար օգնությունը կհասցվի Գազայի հատված: «Մարիամի» նավարկության կազմակերպիչներն արդեն հայտարարել են, որ իրենց նպատակը Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելն է, ուստի իրենք, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեն կատարել Իսրայելի պահանջը եւ ուղեւորվել իսրայելական կամ եգիպտական որեւէ նավահանգիստ: