Մեծ Բրիտանիան Լիբիայի իշխանություններին կոչ է արել ձեռնպահ մնալ 1988թ.-ին Լոկբերի երկնքում ինքնաթիռի պայթեցման համար դատապարտված լիբիացի Աբդելբասետ Մեհրահի ազատ արձակման մեկամյա տարեդարձը նշելուց:
BBC-ի մատուցմամբ, ուղիղ մեկ տարի առաջ Շոտլանդիայի կառավարությունը մարդասիրական նկառատումներով ազատ էր արձակել ցմահ ազատազրկման դատապարտված Մեհրահին: Այդ որոշումն ընդունելու պահին Էդինբուրգում հայտարարել էին, թե բժիշկների եզրակացության համաձայն, քաղցկեղով հիվանդ լիբիացին երեք ամսից ավելի չի ապրի: Սակայն լիբիական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը մինչ օրս կենդանի է:
Ազատ արձակվելուց հետո Մեհրահին Տրիպոլիում իսկական հերոսի նման էին դիմավորել, իսկ հիմա բրիտանական ԱԳՆ-ն ընդգծում է, որ նման տարեդարձների նշումը ծայրահեղ ոչ կոռեկտ կլինի ավիավթարի արդյունքում զոհված 270 մարդկանց ընտանիքների հանդեպ:
Ժամանակին լիբիացու ազատ արձակումը խստորեն քննադատել էին նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որն այն ժամանակ ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդն էր: Մինչդեռ շոտլանդացիները կարծում են, որ Շոտլանդիայի կառավարությունը ժամանակին ճիշտ է վարվել, երբ մարդասիրական նպատակներով նման որոշում է ընդունել: Այդուհանդերձ, ամերիկացի չորս սենատորներ, որոնք կասկածի տակ են դնում ժամանակին լիբիացու վերաբերյալ բժիշկների փորձագիտական եզրակացությունը, կոչ են արել Մեհրահի ազատ արձակման հանգամանքների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել:
Շոտլանդական կառավարությունը մարդասիրական նկատառումներով ժամանակին ազատ էր արձակել 27 կալանավորի, որոնցից մինչ օրս կենդանի է միայն Մեհրահը:
Ժամանակին Լիբիան ստանձնել է Լոկբերի ողբերգության պատասխանատվությունը եւ Մեհրահին հանձնել էր միջազգային արդարադատությանը, նաեւ մեկուկես մլրդ դոլար փոխհատուցում էր տրամադրել ավիավթարի զոհերի ընտանիքներին: Լիբիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Մեհրահը մեղավոր էր ճանաչվել այն բանում, որ Շոտլանդիայում պայթած ինքնաթիռի մեջ ռումբ էր տեղադրել: