Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը պատրաստվում է հրապարակել Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության միջեւ ուղիղ բանակցությունների ծրագիրը՝ մասնավորապես դրանց ժամկետները: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ կառավարության եւ մերձավորարեւելյան «քառյակի» մասնակցությամբ: Վերջիններս փորձում են կողմերին համոզել մի քանի ամիս շարունակվող եւ միջնորդների միջոցով ընթացող բանակցություններից հետո ուղիղ բանակցություններ վարել:
Պաղեստինցիների ու իսրայելցիների միջեւ արդեն յոթ տարի է, ինչ գործնականում ուղիղ զրույց չի եղել: Բանակցությունները վերսկսվել էին միայն 2007թ.- ին, բայց շուրջ մեկ տարի անց, այդպես էլ որեւէ նշանակալի արդյունքի չհասած, նորից ընդհատվել էին:
Վերջին մի քանի ամիսներին ԱՄՆ հատուկ բանագնաց Ջորգ Միտչելլը (նկարում) մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Իսրայելը եւ Պաղեստինի ինքնավարությունը համաձայնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ու թեեւ կողմերը դեռ բազմաթիվ տարաձայնություններ ունեն, այդուհանդերձ, նրանք լավատեսորեն են գնահատել բանակցություններում հնարավոր ճեղքում արձանագրելու հեռանկարը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, թե կողմերի միջեւ ուղիղ բանակցությունները կմեկնարկեն սեպտեմբերին: Սեպտեմբերի 26-ին լրանում է Հորդանան գետի արեւելյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը սառեցնելու ժամկետը: Սեպտեմբերին է ծրագրվում անցկացնել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր ասամբլեայի նիստը, որտեղ քննարկման առարկա է դառնալու նաեւ մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել