Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցվում է երկհարկանի դպրոց, որը նախատեսված է 320 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Դպրոցաշինական ոլորտում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ ծրագիրն է այս շրջանում:
Ըստ հիմնադրամի մամուլի հաղորդագրության, դպրոցը կունենա 12 դասասենյակ, ուսուցչանոց, տնօրենի առանձնասենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաեւ առանձին սենյակներ՝ ռազմագիտության, կենսաբանության դասավանդման եւ բուժսպասարկման համար: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում են ԼՂՀ կառավարությունը եւ «Վարդանյանների ընտանիք» բարեգործական կազմակերպությունը:
Դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, համոզված է, որ դպրոցի կառուցումից հետո ոչ միայն կփոխվի ուսման որակը, այլ կավելանա աշակերտների թիվը: Համայնքը մեծ թվով գիտաշխատողներ ու դասախոսներ է տվել արցախահայությանը, եւ գիշեցիները հավատում են, որ նոր սերունդն էլ կշարունակի այդ ավանդույթը նոր դպրոցում, որը շահագործման կհանձնվի 2011թ. հունվարին: