Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերյան հոգսեր

Օգոստոս 21,2010 00:00

Աշակերտների ծնողները դժգոհ են ապրանքների բարձր գներից

\"\" \"\"

Այս օրերին հագուստի, կոշիկի եւ գրենական պիտույքների խանութներում ասեղ գցելու տեղ չկա. առջեւում սեպտեմբերի 1-ն է:
Հանրապետության տոնավաճառներում ակտիվ առեւտուր է, այն էլ՝ սովորականից բարձր գներով: «Առավոտը» ծնողներից փորձեց պարզել, թե որքա՞ն գումար են ծախսում մեկ դպրոցահասակ երեխայի համար:
«Նիրվանա» խանութում մանկական կոշիկների գները տատանվում են 5000-9000 դրամի սահմանում, պայուսակների գները սկսվում են 2900-ից, տղա երեխաների կոստյումները՝ 3000 դրամից:
«Շրջանայինի» անցումներում մանկական դպրոցական պարագաների գներն ավելի բարձր են՝ աղջիկների դպրոցական վերնաշապիկները մինչեւ 9900 դրամ, տղաներինը՝ 12000: Վաճառասրահներից մեկի աշխատակցուհին, ում խնդրանքով իր եւ խանութի անունը չենք նշում, մեզ հետ զրույցում ասաց. «Այս տարի գներն անհամեմատ բարձրացել են, իսկ ծնողներն ի վիճակի չեն այս գների սահմանում երեխայի ուզած վերնաշապիկը գնել: Առեւտուր չկա, մարդիկ չեն կարողանում լիարժեք բավարարել իրենց երեխաների ցանկությունները: Մեծ պահանջարկ ունեն աղջիկների կիսաշրջազգեստները, որոնք արժեն 6000- 9000 դրամ»:
Առաջին դասարանցի Եսթերի մայրը նշում է. «Միջին աշխատավարձ ունեցող եւ միայն այդ աշխատավարձի հույսին ապրող մարդը չի կարող այս գների պայմաններում երեխայի համար ձեռք բերել նորմալ, բարձր որակի վերնաշապիկ եւ կիսաշրջազգեստ: Տեսեք՝ աղջիկս հենց նոր մի կիսաշրջազգեստ հավանեց, որն արժե 9000 դրամ: Ստիպված եմ նրան տանել այստեղից՝ ավելի մատչելին փնտրելու համար»:
Վաճառասեղանները «ծփում» են մանկական պայուսակների առատությունից, մասնավորապես՝ երեխաների կողմից այդքան սիրված «Winx» մուլտհերոսների պատկերներով: «Այրարատ» տոնավաճառին հարող տարածքում գործող վաճառասրահի վաճառող Արամը նշում է. «Միայն Winx-ի պայուսակներն են վաճառվում: Պայուսակ բերողներն էլ միտումնավոր բարձր գին են սահմանել դրանց համար, իմանալով, որ երեխան եթե կանգնեց տաղավարի մոտ, մայրիկին մատնացույց է անելու Winx-ի գույներով եւ նկարներով պայուսակները: Ուրիշ ոչ մի պայուսակ չի վաճառվում»:
Ինչպես տեղեկացրեց Արամը, մանկական պայուսակների գները տատանվում են 3000-15000 դրամի սահմանում. «Ծնողները հիմնականում չեն ցանկանում 5000-6000 դրամանոց պայուսակներ գնել: Գալիս հարցնում են՝ 1500 դրամանոց ունե՞ք… Մաքսիմում 3000 դրամ են նախատեսած լինում»:
Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, դրանց արժեքը եւս մտահոգիչ է: Տետրերն արժեն 80-400 դրամ: Նույնը եւ գրիչներն ու մատիտները: Երկրորդ դասարանցի Վահրամի մայրը՝ Վարդուհին «Առավոտին» տեղեկացրեց, որ իր որդու վրա արդեն ծախսել է մոտ 30.000 դրամ: Առաջին դասարան գնացող Էդգարի մայրն էլ դժգոհեց, որ արդեն հատել են 40.000-ի սահմանը, բայց ոչ բոլոր պիտույքներն է գնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել