Կամ ինչպես մոգոնել զարգացման ծրագիր՝ զվարճալի ձեւակերպումներով
«Կրթության մասին» ՀՀ օրենքի, կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրն» է: Վերջինիս կազմողները փաստում, են որ ավելի քան 10 տարվա բարեփոխումների արդյունքում լուծվել են շատ խնդիրներ, սակայն կրթական համակարգը դեռ հեռու է իր առաքելության լիարժեք եւ ամբողջական իրականացումից: Նշվում է, որ, օրինակ, ներկայումս հանրապետության 400-ից ավելի համայնքներում չկան նախադպրոցական հաստատություններ, իսկ նախադպրոցական ծրագրերում համախառն ընդգրկվածությունը 2008-ին կազմել է 29,8 տոկոս (քաղաքային համայնքներում՝ 39,3, գյուղական համայնքներում՝ 13,6 տոկոս): Հայրենի կառավարությունն էլ «կարեւորելով նախադպրոցական կրթության դերը, երեխաների համակողմանի զարգացման եւ դպրոցական կրթության համար հավասար մեկնարկային պայմաններ ստեղծելու համար» նպատակադրել է մինչեւ 2015թ. ավագ նախադպրոցական տարիքային խմբի ընդգրկվածությունը հասցնել 90 տոկոս, առավելությունն էլ տալ աղքատ ընտանիքներին: Թե ինչպե՞ս, կյանքը ցույց կտա: Ծրագրում նշվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը 8000 է, մինչդեռ հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ ներառական կրթության մեջ ընդգրկվածների թիվը 4000 է: Ծրագրից տեղեկանում ենք, որ, ի տարբերություն այլ զարգացող երկրների (իսկ մեզ պաշտոնական քարոզչամիջոցը ամեն Աստծո օր ավետում է, թե զարգացած երկիր ենք, տնտեսական աճի ահագնացող տեմպերը չտեսնողներն էլ կույր են), երեխաների՝ դպրոցից դուրս մնալու դեպքերը համեմատաբար քիչ են: Փաստաթղթում, ասես գյուտ արածի նման, հայտարարվում են հայտնի բաներ, որոնք առանձնապես գյուտ չեն, օրինակ, որ հարուստ ընտանիքները ավելի շատ գումար են ծախսում կրթության վրա, իսկ աղքատ ընտանիքները չունեն նման հնարավորություններ: Ի թիվս այլ հարցերի, ծրագրում անդրադարձ կա Բոլոնիայի եւ Կոպենհագենի գործընթացների սկզբունքներին համապատասխան իրականացվող նախաձեռնություններին՝ «ուղղված մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին եւ եվրոպական ստանդարտներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը» ու էլի լիքը ճռճռան ձեւակերպումներ: Հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ երիտասարդների մեծ մասը իր ապագան չի տեսնում Հայաստանում, պաշտոնական տվյալներով՝ հայաստանցի գործազուրկների 21 տոկոսն էլ երիտասարդներն են: Մի ինքնատիպ փաստ եւս, որ ծրագրի հեղինակներին զարմանալիորեն գոհունակություն է պատճառում: Ըստ «Գլոբալ տնտեսական ֆորումի» տվյալների, Հայաստանը 133 երկրների շարքում տարրական կրթությունից բավարարվածության ցուցանիշով զբաղեցնում է «պատվավոր» 81-րդ տեղը, կրթության համակարգի որակի ցուցանիշով էլ՝ 105-րդը:
Լավ է, որ ծրագրում գոնե փաստվում է՝ մանկավարժական բուհերում կրթության ցածր որակի մասին, ինչը պայմանավորվում է մի շարք հանգամանքներով, օրինակ՝ նրանով, որ դիմորդները ուսման համեմատաբար ցածր առաջադիմություն ունեցող շրջանավարտներն են, մանկավարժական բուհերը համալրված չեն ժամանակակից ուսումնական ռեսուրսներով եւ այլն: Բայց այս խոստովանություններն անելով հանդերձ, ԿԳ նախարար Աշոտյանը որոշել է բարձրորակ ու գրագետ մանկավարժների բացը լրացնել նժդեհական երդում տվող մանկավարժական «ծաղկաբույլ» թողարկելով, մոռանալով, որ ժամանակին Մաշտոցը, չլինելով նժդեհական- հանրապետական կուսակցության անդամ, ավելի լավ ու սեղմ մանկավարժական պատգամ է թողել՝ Աստվածաշնչի Սողոմոնի Առակաց գրքից թարգմանած նրա առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ եւ իմանալ զբանս հանճարոյ»: Ընդհանրապես «Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը», բացի ճոռոմ արտահայտություններից ու բարի ցանկություններից, գործնականում համարյա որեւէ ռեալ բան չի առաջարկում: