Լրահոս
Օրվա լրահոսը

Խալաֆյանի գործով դատավարությունը շարունակվեց

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Հնչեցին սեռական հայհոյանքներ, սակայն ձեռնամարտը կանխվեց

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Վահան Խալաֆյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանում ցուցմունք տվեց ոստիկանության Չարենցավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Գագիկ Ղազարյանը: Վերջինս պատասխանում էր տուժողի իրավահաջորդի եւ մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանի եւ Կորյուն Փիլոյանի հարցերին: Գագիկ Ղազարյանը նախաքննական մարմնում՝ հատուկ քննչական ծառայությունում, իր տված ցուցմունքում գրել էր նաեւ, որ Խալաֆյանի մահվան հետ կապված իրեն մասնակի է մեղավոր համարում: Դատարանում նա հայտարարեց, որ իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչում տեղի ունեցածի մեջ: Երբ Կորյուն Փիլոյանը նկատեց, որ «նախաքննական եւ դատաքննական ցոցմունքներում կան էական հակասություններ» եւ հարցրեց՝ «Ինչ կասեք այդ մասին», ամբաստանյալ Ղազարյանը մի քանի րոպե դադար տվեց, որից հետո ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ «այլ հանգամանքներ կան»:
Տուժողի իրավահաջորդ Արտակ Զեյնալյանը հարցրեց Գագիկ Ղազարյանին, թե դեպքի օրը ինչ է տեղի ունեցել, մասնավորապես, բժիշկները քանի հոգի են եղել եւ արդյոք կրել են սպիտակ խալաթներ, Ղազարյանը սկսեց անհասկանալի բառեր արտասանել, ինչին դահլիճում նստած Խալաֆյանի հարազատներն ու մտերիմները արձագանքեցին. «Ստախոս, մի\’ խաբիր»: Իսկ երբ Ղազարյանը հայտնեց, որ Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել դանակով, դահլիճում կրքերն ավելի բորբոքվեցին եւ լսվեցին միմյանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ: Դատական կարգադրիչների միջամտության արդյունքում միջադեպը լուրջ ձեռնամարտի չվերածվեց:
Կրքերը հանդարտվելուց հետո, դատավոր Մեսրոպ Մակյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար նիստերի դահլիճից դուրս հանեց Վարդան Խալաֆյանին (Վահան Խալաֆյանի եղբորը), նրա հորեղբայրներ Արա եւ Ռուբիկ Խալաֆյաններին, հորեղբոր որդի Արթուր Խալաֆյանին, իսկ ամբաստանյալներ՝ ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին ու Գագիկ Ղազարյանին հայտարարեց զգուշացում: Իսկ  «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մարտիրոսյանին դատավորը արգելեց տեսանկարել դատական նիստը եւ կարգադրեց լքել դահլիճը:
Ընդմիջումից հետո Արտակ Զեյնալյանը, պատճառաբանելով, որ դահլիճում մթնոլորտը լարված է, միջնորդեց դատարանին, որպեսզի դատական նիստը հետաձգվի մինչեւ հաջորդ օրը: Այս միջնորդությանն առարկեցին մեղադրողներն ու ամբաստանյալները: Ըստ հաստատված կարգի, պետք է ցուցմունք տար նախորդ դատական նիստում դեռեւս իր ցուցմունքը չավարտած ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը: Վերջինս երեկ հրաժարվեց շարունակել իր ցուցմունքը եւ պատասխանել հարցերին, պատճառաբանելով, թե պատրաստ չէ: Ցուցմունք տալու «հերթը հասավ» ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին, որի փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանին հայտնեց, որ թեեւ իր պաշտպանյալը պատրաստ է ցումունք տալ եւ պատասխանել դատարանի հարցերին, սակայն դատարանից խնդրեց, որպեսզի դատական նիստը կայանա հաջորդ օրը:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 21-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել