Երկու տարի առաջ հրդեհից տուժած քաղաքացուն վնասը չեն փոխհատուցում՝ չեն կարող որոշել, թե ով է հրդեհի համար մեղավոր:
Երկու տարի առաջ՝ հոկտեմբերի 23-ին, Երեւանի Բուռնազյան փողոցի թիվ 116 տան հրդեհի հետեւանքով տուժեցին կից տների 3 սեփականատերերը՝ Հենրիկ Հովհաննիսյանը, Արայիկ Ասկարյանն ու Գեղամ Ասատրյանը:
Վերոհիշյալ տների գույքը, տեխնիկան, գորգերն ու փայտյա պատուհանները վնասվեցին, այրվեցին տանիքների փայտյա կառուցատարրերը:
Կանչի վայր եկավ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ. տեղում պարզվեց, որ տեղի ունեցածը բարդության 2-րդ աստիճանի հրդեհ է:
Ըստ Երեւանի հրդեհային տեսչության 2008թ. հոկտեմբերի 30-ի կազմած ակտի, հրդեհի առաջացման պատճառը էլեկտրատեխնիկական էր: Վերջնական եզրակացության համար ՀՀ փորձագիտական կենտրոնում նշանակվեց հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Տուժող Հենրիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, հրդեհը տեղի էր ունեցել հարեւան Արմեն Հարությունյանի բնակարանում: «Թե ինչից է ծագել հրդեհը՝ բնակչի, թե էլցանցի մեղքով՝ մինչ օրս ինձ հայտնի չէ»,- ասում է զրուցակիցս:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե վերոհիշյալ ակտով պարզ է, թե հրդեհը ինչից է ծագել, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ակտը ի սկզբանե սխալ է կազմվել: Քանի որ սեփականատիրոջ անունը սխալ է գրված. գրվել է Կարինե Հարությունյան, սակայն այդ անուն-ազգանունով սեփականատեր այդ հասցեում գոյություն չունի: Արմեն Հարությունյանն էլ, հարեւանների տեղեկացմամբ, Մոսկվայում է: Այդ հասցեում բնակվել է ոմն Արա Դավթյան»: Հ. Հովհաննիսյանի համար կարեւոր է հարեւանի ինքնությունը պարզելը, քանի որ իրենց պատճառվել է 1 միլիոն 163 հազար 500 դրամի նյութական վնաս, որը մինչ երեկ փոխհատուցված չէ:
«Օգնության համար դիմեցի թաղապետարան, քանի որ իմ ընտանիքն ի վիճակի չէր ճկված, բաց տանիքի հարցը լուծել: Պահանջեցին 10-ից ավելի փաստաթղթեր: Սակայն հետո մերժեցին: Մինչ այդ սպասում էի, թե ինչ պատասխան կտան փորձագետները: Առաջին փորձագիտական եզրակացության համաձայն մեղավորը էլցանցն էր՝ հրդեհը հետեւանք էր լարման կտրուկ տատանումների: Կրկնակի փորձաքննությունից հետո պարզվեց, որ մեղավորը բնակիչն էր, որի սխալ շահագործման հետեւանքով է առաջացել հրդեհը», նշում է Հ. Հովհաննիսյանը: Երեկվա դրությամբ նշանակվել է երրորդ փորձաքննությունը, պարզելու, թե նախորդ երկու որոշումներից որն է ճիշտ: «Զարմանալի է, որ լիցենզավորված փորձագետները երկու հակասող եզրակացություններ են տվել»,- ասում է Հ. Հովհաննիսյանը:
Ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց, քաղաքացին քաղհայցով դիմեց տարածքային դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:
Սակայն դատարանը քաղհայցը վերադարձրեց, պատճառաբանությամբ, թե ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Հովհաննիսյանը երկրորդ անգամ հայցով դիմեց դատարան: Սակայն պատասխանողի պատշաճության խնդիրը ծագեց: Հրդեհային վարչության տվյալներով՝ բնակարանատերը Կարինե Հարությունյանն է, իսկ կադաստրի՝ Հ. Հովհաննիսյանին տրված տեղեկանքով սեփականատերը նա չէ:
«Հրդեհի ակտը միտումնավոր սխալ էր լրացված, քանի որ սեփականատերը Կ. Հարությունյանը չէր: Իրականում բնակարանը պատկանում է Արմեն Հարությունյանին: Դիմեցի Երեւանի հրդեհային տեսչություն, որպեսզի տեղեկանք տա: Նրանք ասացին, որ դիմեմ ՀՀ հրդեհային ծառայությանը: Վերջինիս տրված տեղեկանքի մեջ դարձյալ նշվեց Կարինե Հարությունյանի տվյալները», հավելում է տուժողը: Կադաստրի վերջին տեղեկանքի համաձայն, վնաս հասցրած հասցեատերը Ա. Հարությունյանն է:
Հ. Հովհաննիսյանը ստիպված է լինում փնտրել արտակարգ իրավիճակների նախարարին: Խորհուրդ են տալիս դիմել փրկարար ծառայության պետին: Քաղաքացին 21 էջից բաղկացած նամակ է գրում՝ իր հետ պատահած կուրյոզների մասին: Հովհաննիսյանին կանչում են փրկարար ծառայություն, ասելով, թե՝ «Կուրյոզը» ո՞րն է, հասկանալի գրի»: Հասկանալին այն է, որ քաղաքացու վնասը չի հատուցվել, եւ մտավախություն կա, որ այնքան ժամանակ չի հատուցվի, մինչ անցնի վաղեմության համար նախատեսված 3 տարվա ժամկետը: Իսկ որ ուշագրավ է, մինչ օրս վնաս պատճառած բնակարանի անշարժ գույքը կալանքի տակ չի վերցված:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ