Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի փոքր ուշադրություն է հարկավոր

Օգոստոս 21,2010 00:00

\"\"Ավելի շատ եւ ավելի շուտ վիշտ կիսել, քան ռեպորտաժ անել ես ուզում, երբ այցելում ես վանաձորցի Հրաչիկ Հովհաննիսյանի բնակարան, որի պատերին զոհված տղաների եւ հանգուցյալ տիկնոջ մեծադիր նկարներն են:

Արցախն ազատ ու անկախ տեսնելու նպատակով Հրաչիկ Հովհաննիսյանի երկու որդիները զինվորագրվեցին: Վաչագանը պատերազմի առաջին իսկ օրից իրեն նվիրեց Արցախի պաշտպանության գործին: Ընտանիքի սովորական առօրյան խաթարվեց 1990-ին՝ երբ իր որոշման մասին նա հայտնեց ծնողներին ու կնոջը, ովքեր փորձեցին ամեն գնով ետ պահել նրան: Ոչ մի թախանձանք չօգնեց. «Բա ես գլխիս լաչակ կապեմ, տանը նստեմ, թուրքը գա իմ հայրենիքը գրավի՞», սա էր Վաչագանի միակ պատասխանը բոլոր առաջարկներին: Անցավ մեկ ամիս, ընտանիքից գաղտնի՝ անդամագրվեց «Գուգարք» վաշտին ու մասնակցեց նախ Շուշիի, ապա Լաչինի ազատագրմանը: 1992թ. օգոստոսի 22-ին՝ 30 տարեկան հասակում Վաչագան Հովհաննիսյանը զոհվեց: Նրա մարտական ուղուն նույնիսկ ծնողներն ու կինը ծանոթ չէին: «Եթե Լաչինում չխփվեր, մենք չէինք իմանա, որ նա Լաչինում էլ է եղել, իսկ Շուշիի մասին պատմել են ընկերները, երեւի սփոփելու համար: Այլ մարտերի մասին ես ինքս չեմ ցանկացել լսել»,- պատմում է որդեկորույս հայրը:
Վաչագանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Մանկության ընկերները նրա հիշատակին շենքի բակում հուշաղբյուր են կառուցել: Սակայն հոր վիշտը կրկնապատկվել է:
Կրտսեր որդին՝ Հունանը շարունակեց ազատամարտիկ ավագ եղբոր կիսատ թողած գործը, ապա Աստծո կամոք բարեհաջող տուն վերադարձավ: Զոհված եղբոր երեխաներին մեծացնել էր պետք, բայց մի օր տագնապի ազդանշան հնչեց, պարտավոր էր, պետք է գնար: Հայրն այդ ժամանակ իմացավ, որ գաղտնի անդամագրվել է Իջեւանի վաշտին եւ սահմանապահի իր գործն է արել Օմարի լեռնանցքում, Քարվաճառում եւ արդեն երկրորդ անգամ է գնում Իջեւան:
Տարիներ առաջ սկիզբ առած խոսքն ու զրույցը շարունակվեց, նույնիսկ եղբոր որբ երեխաների ու իր զավակների համար ետ չկանգնեց. «Վերջին օրերին կրակոցները շատացել են, այժմ կրկնակի զգոնություն ու աչալրջություն է պահանջվում ամեն հայ զինվորից, որ բոլորս տանը նստենք ու չգնանք, բա էլ մեր արած գործն ի՞նչ արժեք կունենա»,- հորից ներողություն խնդրելով՝ ասել ու առանց ետ նայելու գնացել էր Հունանը: «Երեք ամիսը լրանալուց հետո նա տուն չեկավ, ասում էին ազերիներն անընդհատ խախտում են սահմանը, այդ օրերին վիրավոր 3 վանաձորցի բերեցին, հետո էլ մեկ զոհ ունեցավ Վանաձորը… Այդ ժամանակ եմ նրան տեսել, եկավ տուն, երեխաներին տեսավ, փաթաթվեց, չէր ուզում բաժանվել, մի պահ ուրախացա, մտածեցի՝ էլ չի գնա, բայց նորից գնաց: Բոլորս միասին ճանապարհեցինք, փորձում էի համոզել, նույնիսկ չթաքցրեցի, որ սիրտս վատ բան է գուշակում, գրկեց ինձ ու ասաց. «Պապա ջան, քո խաթրը շատ է, բայց էս երեխեքի խաթրն ավելի շատ է, նրանց գլխավերեւի խաղաղ երկնքի համար ես պետք է գնամ»,- պատմում է հայրը: Գնաց, որ վերադառնա Նոր տարուն, բայց… 2005 թվականի դեկտեմբերին նա զոհվեց՝ ծարավ ընկերների համար ջուր բերելիս:
Երկրորդ որդու մահից հետո մոր սիրտը չդիմացավ, մի օր տղաների նկարների հետ խոսելիս հանկարծամահ եղավ: «Կարճաժամկետ այցերի ժամանակ անգամ սահմանի թոհուբոհից ոչինչ չէր պատմում, ասում էր՝ խաղաղ է, հրադադարի պայմանագիր է կնքված, բայց ես հո գիտեի, որ մեզ է խնայում, նույնիսկ հեռուստացույցով պատերազմին վերաբերող ոչ մի բան չէր թողնում նայենք, «չափազանցված է», ասում էր ու նայում երեսիս: Տեսնելով, որ չեմ հավատում, պնդում էր՝ հավատա, ճիշտ եմ ասում»,- հիշում է հայրը:
Վաչագանը այդպես չէր: Հատկապես որդիներին պատմում էր ոչ թե մարտերի, այլ իրենց ջոկատի սխրանքների ու Արցախ աշխարհի մասին, թե որքան գեղեցիկ ու կանչող է, պատմում էր, որ վախկոտ ու թուլամորթ չմեծանան, ով գիտե, թե կռիվն ինչքան է շարունակվելու, ու ասում էր՝ «թուրքը թուրք է մնում, չի հանգստանա»: Հրաչիկ Հովհաննիսյանը հիշում է նաեւ, որ որդին չէր սիրում ու չէր թողնում տանն անգամ օգտագործեն Ղարաբաղ բառը, ասում էր Արցախը հայերեն է ու Արծիվների բույն է նշանակում՝ ցախը հենց այն ճյուղերն են, որով արծիվը իր բույնն է հյուսում: Ամեն անգամ Արցախի իր եղած բնակատեղից մանրամասներ էր պատմում: Նրա պաշտպանած վերջին վայրը Գյուլիստանի բերդն ու Նապատ եկեղեցին էին, որի մասին Հրաչիկ պապի թոռները հետաքրքիր մանրամասներ են պատմում, որ հորից են լսել: Այնպես են պատմում, կարծես տեղում տեսած լինեն… Նրանց որդիները հատուկ որոշել են զինվորական ծառայությունը միայն Արցախում անցկացնել: Դա մասամբ կօգնի վաղուց փայփայած երազանքի կատարմանը՝ իրենց աչքերով տեսնել Արցախը:
Անասելի ցավի ու տառապանքի մեջ Հրաչիկ Հովհաննիսյանը չի ընկճվում: Դժգոհում է ղեկավար զինվորականների վերաբերմունքից, բայց չի ընկճվում, միայն մի փոքր ուշադրություն է ակնկալում ազատամարտիկների ընտանիքների հանդեպ. «Ես կարող եմ գլուխս բարձր ու ճակատս պարզ քայլել: Բայց նեղսրտում եմ, որ չեն հետաքրքրվում մեր ընտանիքով, եթե տղաներս ողջ լինեին, մենք հո էս վիճակում չէի՞նք լինի: Գոնե մի քիչ օգնություն ցույց տային, էս երեխեքին ոտի կանգնեցնենք»:
Արցունքն աչքերին ու տղաների կարոտը սրտում, նա խնամում է Վաչագանի եւ Հունանի զավակներին, մայրերը արտագնա աշխատանքի միջոցով են հոգում հացի խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել