Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՍՐՏՈՒՄ

Օգոստոս 21,2010 00:00

Ճարտարապետ Արտակ Ղուլյանը կարծում է, որ ուրիշից սովորել պետք է, բայց ուրիշի նման քայլելու կարիք չկա

\"\"

Հայաստանում՝ 6, Ռուսաստանում 7 եկեղեցիների նախագծող ճարտարապետ է Արտակ Ղուլյանը: Ինչպես ասում են՝ մի ոտքը Հայաստանում է՝ իր նախագծով Աբովյանում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու կողքին, մյուս ոտքը՝ Ռուսաստանում: Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ գլխավոր եկեղեցին էլ է Արտակ Ղուլյանի նախագծով կառուցվում: Սա ավելի շուտ վանական համալիր է, քան՝ սոսկ եկեղեցի: Այն լինելու է մի հաստատություն՝ իր առաջնորդարանով, դպրոցով, մշակույթի կենտրոնով: Մի խոսքով, մի ամբողջական համալիր, որտեղ, աղոթքից ու մոմավառությունից բացի, հավատացյալն ու ոչ հավատացյալը հնարավորություն կունենան «թերթել» մաքառումների միջով անցած քրիստոնյա հայի պատմության ու հոգեւոր կյանքի էջերը, կրթվել ու դաստիարակվել, ամուր կառչել իրենց արմատներին՝ օտար հողում ազգապահպանության բարդ գործը գլուխ բերելու համար:
Ռուսաստանի մայրաքաղաքից վերջերս է վերադարձել պատմաբան-ճարտարապետը. հերթական ցուցումներով ու առաջարկներով, ինչպես նաեւ գործի ընթացքին ծանոթանալու նպատակով հաճախ է մեկնում Մոսկվա:
Վստահ է, որ արագ տեմպերով ընթացող շինարարությունը ոչ հեռու ապագայում կավարտվի, եւ Ռուսաստանի սրտից առաջին անգամ կհնչեն թեմի նորակառույց եկեղեցու կոչնակները՝ ազդարարելով Ռուսաստանում հայկական ամենամեծ ու ամենաշքեղ եկեղեցական համալիրի բացումը: «Ոչ հայկական ճարտարապետությամբ մի փոքրիկ եկեղեցի կար, իսկ կառուցվողը միանգամայն զերծ է լինելու օտար ազդեցություններից: Բացառապես հայկական է. բացի հոգեւոր թեմաներից, ներառելու է նաեւ ազգային թեմատիկան»,- «Առավոտին» փոխանցեց ճարտարապետը:
Նրա համոզմամբ՝ եկեղեցին չպետք է սոսկ սրբավայր լինի, այն պետք է նաեւ դպրոց լինի, որի յուրաքանչյուր պատը, սյունն ու խոյակը «խոսել» կարողանան: Այս տրամաբանությամբ, բացի սրբապատկերներից ու զարդաքանդակներից, պատմաբան-ճարտարապետը Գլխավոր եկեղեցու վրա պատկերել է նաեւ հայի հոգեւոր ու ազգային նկարագրի կերտման ու հայապահպանման գործում մեծ դերակատարում ունեցած երեւելիների պատկերաքանդակները: Եկեղեցու այցելուն հենց միայն պատերն ուսումնասիրելով կարող է պատկերացում կազմել թարգմանչաց հայ դպրոցի եւ պատմագրության ռահվիրաների մասին, ծանոթանալ հայի՝ քրիստոնեության ընդունման պատմությանը, հարթաքանդակի միջոցով ականատես լինել Գրիգոր Լուսավորիչի՝ Տրդատ թագավորին մկրտելու տեսարանին:
Հարթաքանդակի տեսքով արեւելյան ճակատի համար էլ սկսել է մշակել Հիսուսի 7 մետրանոց քանդակը: Հետո կանցնի որմնանկարներին: «Եզրաս սրբազանի հետ որոշել ենք՝ որմնանկարները ոչ միայն եկեղեցական թեմաներով են լինելու, այլեւ՝ ազգային. տեղ կգտնեն հատկապես հավատքի համար մղած պատերազմական տեսարանները»,- ասաց ճարտարապետը: Ըստ նրա, եկեղեցին արդեն այսօր հոգածության պակաս չի զգում. «Անծանոթներն անգամ ներդրում անելու պատրաստակամություն են հայտնում… Մեկը քարն է նվիրում, մյուսը՝ տեխնիկան: Ոմանք նույնիսկ առաջարկել էին ոսկեզօծել եկեղեցու գմբեթները, բայց սրբազանը մերժել էր»: Եկեղեցական համալիրի կառուցման գործում մեծ դերակատարում ունեն ռուսաստանաբնակ հայ կայացած գործարարները: Ֆինանսական չընդհատվող հոսքը հնարավորություն է տալիս շինարարական աշխատանքներն ավելի թափով ու որակով առաջ տանել:
Թե ինչ անունով կօծվի Մոսկվայի հայկական ամենամեծ եկեղեցին՝ հավատացյալներին հայտնի կդառնա հենց օծման օրը: Մինչ այդ, ճարտարապետ Ղուլյանը պատշաճ չհամարեց իր՝ աշխարհիկի շուրթերից հնչեցնել հոգեւոր տաճարի անունը: Ասաց, որ այդ պատիվը վերապահված է կաթողիկոսին:
Արվեստի մեջ ազգային ավանդույթներին հավատարիմ մնալը Արտակ Ղուլյանի համար հավատամք եւ սկզբունք է: Չի ընդունում օտարամոլությամբ տառապող այն արվեստագետներին, «որոնք ծիծաղելի վիճակի մեջ են գցում մեզ ու մեր մշակույթը»: Հիշելով քանդակագործներից մեկին, ասաց՝ ամեն տեղ սպիտակ մարմարից կիսանդրիներ են, ասես՝ Հայաստանը Հին Հռոմը լինի: «Ուրիշից սովորելն այլ բան է, ուրիշի ձեւերով քայլելը՝ այլ»: Երիտասարդ սերնդի ստեղծագործողներից շատերը, նրա կարծիքով՝ քայլում են ուրիշի ձեւերով:
Արտակ Ղուլյանի համար անընդունելի է նաեւ Երեւանի կենտրոնում, հասակով մեկ կանգնած Սարոյանի արձանի վայրը: «Նրա առանցքի շուրջն է պտտվում ամբողջ կասկադը, օպերայի կյանքը: Բայց նա անգլախոս, հայի հոգեբանությամբ մի գրող էր, որը Հայաստանում ընդամենը մեկ անգամ է եղել ու փողոցում քայլելիս նրան հաստատ չեն տեսել կամ քչերն են տեսել: Մինչդեռ Շիրազին հաճախ կարելի էր հանդիպել փողոցում, մարդկանց հետ շփվելիս, կատակներ անելիս: Ես անձամբ մի քանի անգամ տեսել եմ՝ գարեջրի շիշը ձեռքին՝ մարդկանցով շրջապատված: Այնպես որ, մինչեւ Սարոյանին այդ վայրում տեղադրելը՝ էլի գրողներ կային…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել