Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումների կարիք կա

Օգոստոս 21,2010 00:00

Թուրք պրոֆեսորներ Հալիլ Բերքթայը եւ Մուրադ Բելգեն քննարկեցին թուրքական դեմոկրատիայի խնդիրները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի «Դեմոկրատիայի դպրոց» ծրագրի հրավերով Հայաստանում են հայտնի թուրք պրոֆեսորներ, Հրանտ Դինքի մտերիմ ընկերներ՝ պատմաբան, «Սաբանջ» համալսարանի դասախոս Հալիլ Բերքթայը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի թուրքական կոմիտեի նախագահ, «Բիլջի» համալսարանի դասախոս Մուրադ Բելգեն: Թուրք պրոֆեսորները Հայաստանում անցկացնում են երկօրյա սեմինար դեմոկրատիայի թեմայով:
Ինչպես տեղեկացրեց Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի համանախագահ Անահիտ Բայանդուրը, ծրագիրն իրականացվում է Երեւանում եւ Հայաստանի 6 քաղաքներում: «Նպատակն է՝ բարձրացնել երիտասարդ հայ քաղաքագետների մակարդակը, ընդլայնել նրանց աշխարհայացքը, իրազեկել աշխարհում կատարվող իրադարձություններին, հնարավորություն տալ համեմատել եւ կապել դրանք Հայաստանի հետ: Հայաստանը ակտիվանալու խնդիր ունի քաղաքագիտության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Բայանդուրը:
Սեմինարին մասնակցում էին երիտասարդ սոցիոլոգներ, քաղաքագետներ: Երկու օր տեւած սեմինարի ընթացքում թուրք պրոֆեսորները խոսեցին Թուրքիայի ներքին կյանքի, արտաքին քաղաքականության եւ հարաբերությունների մասին կամ, ինչպես իրենք նշեցին, գլոբալ խնդիրների մասին: Հայ-թուրքական հարաբերությունների արդիական թեմաներից, ինչպիսին է, օրինակ, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագը, հյուրերը խուսափեցին խոսել:
Երկու բանախոսներն էլ փաստեցին, որ Թուրքիայում այժմ կա միջազգային մակարդակի մտավորականների խավ: Սակայն ներքին կյանքում, ինչպես բոլոր պետություններում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, եւ նրանք չեն ամաչում բարձրաձայնել այդ մասին: Պատմաբան Հալիլ Բերքթային, օրինակ, մտահոգում է ռազմական կրթության ոլորտը: Ըստ նրա, բարեփոխումների մեծ անհրաժեշտություն ունեն թուրքական ռազմական ուսկենտրոնները:
«Թուրքիայում իսլամի զարգացման խնդիր կա: Թուրքական ռազմական ղեկավարությունը մեծ ուշադրությամբ հետեւում է իսլամի զարգացմանը, որպեսզի որեւէ վտանգ չառաջանա քաղաքացիական հասարակության համար: Սա նշանակում է, որ կրոնը Թուրքիայում խիստ ղեկավարվում է: Օրինակ՝ կրոնական հայացքների համար զինծառայողներին կարող են ուղարկել թոշակի: Նույն այդ ալիքի տակ բազմաթիվ անմեղ մարդիկ են տուժել: Տասնամյակների ընթացքում ռազմական ուսումնական կառույցներում քարոզվում է այն համոզմունքը, որ քաղաքական գործիչները հիմնականում կոռումպացված մարդիկ են: Չնայած չեմ հերքում, որ նման երեւոյթներ կան մեր ներքին կյանքում»,- նշեց թուրք պրոֆեսորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել