Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

Օգոստոս 21,2010 00:00

Ասում է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ միաժամանակ համարելով, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության ժամկետի երկարաձգումը
միանշանակ գնահատելը ճիշտ չի լինի:

\"\"Ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում մինչեւ 2044 թվականը երկարաձգելու
եւ 1995-ին ստորագրված պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը տարբեր տեսանկյուններից մեկնաբանվել են ինչպես հայաստանցի, այնպես էլ ռուս եւ ադրբեջանցի փորձագետների եւ քաղաքագետների կողմից: Հայաստանում որոշ փորձագետներ համարում են, թե պայմանագրի 49 տարով երկարաձգումը բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ այն զսպող դեր կարող է կատարել մասնավորապես Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները գործնական քայլերի վերածելու եւ Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու համատեքստում: Ոմանք ավելի լավատես են ու հայտարարում են, թե Ադրբեջանի կողմից Ղարաբաղի  դեմ հնարավոր ոտնձգության դեպքում ռուսները կպաշտպանեն հայկական կողմին: Փորձագետների ու քաղաքագետների մի ստվար հատված էլ պնդում է ճիշտ հակառակը՝ շեշտելով, թե ռուսները հանուն Հայաստանի կամ Ղարաբաղի Ադրբեջանի դեմ որեւէ քայլ չեն ձեռնարկի, որ նրանք հայերի համար բախտորոշ պահերին, որպես կանոն, մեզ դավաճանել են: Խնդրո առարկայի շուրջ առայժմ կարծիքներ ու մեկնաբանություններ չեն հնչում Ղարաբաղից, որին Հայաստանում տեղակայված ռուսական բազաները, իբր, պաշտպանելու են ադրբեջանցիներից:
«Առավոտը» երեկ զրուցեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի՝ Ագոյի հետ: Ի պատասխան մեր հարցի, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներն ու դրանց տեղակայման ժամկետի երկարաձգումը, իր դիտարկմամբ, դրական ազդեցություն կունենա՞ն Լեռնային Ղարաբաղի դեմ ոտնձգությունները ետ մղելու իմաստով, ասաց. «Այսպիսի ուղիղ հարցադրումը միանշանակ պատասխան ունենալ չի կարող: Մի կողմից՝ կարծում եմ, այո, կունենան: Մյուս կողմից՝ այդ հարցին նաեւ այլ տեսանկյունից կարող եմ պատասխանել. եթե մենք  հոգեբանորեն պատրաստ ենք ինքնուրույն լինել, ստրուկ չլինել, կամ ռուս ժողովրդին ընդունել որպես բարեկամ եւ օգնել նրան, որ դառնա մեզ բարեկամ, ապա ռուսական բազայի տեղակայումն ու դրա ժամկետի երկարաձգումը մեզ վնաս չէ, նույնիսկ օգուտ է՝ մանավանդ այսօր ստեղծված իրավիճակում: Բայց եթե մենք ստրուկ ենք, ռազմաբազան կարող է առ ժամանակ մի օգուտ բերել, բայց հետո վնաս տալ կամ հակառակը: Այսինքն, ամեն ինչ կախված է մեզնից»: Նրա դիտարկմամբ, ռուսները հայերի համար, ի տարբերություն եվրոպացիների, հոգեհարազատ ժողովուրդ են, ու եթե բոլոր խնդիրներին այդ տեսանկյունից նայենք՝ ապա Ա. Կարապետյանն, իր ասելով՝ ամեն ինչին էլ համաձայն է: «Չերչիլը մի հիմարություն է ասել՝ չկան հավերժական դաշնակիցներ եւ թշնամիներ, կան շահեր: Եթե նայենք այդ շահերի հնարավոր բախման տեսանկյունից, ապա շահերի առկայության պարագայում ոչ ընտանիք կա, ոչ բարեկամություն, ու կարելի է բոլորին առնել ու ծախել: Եթե մենք  ռուսներին համարում ենք, այսպես ասած՝ հոգեւոր դաշնակից, ու այդ դաշինքում էլ մեկի շահը գերակայող չէ, նրանց հետ որեւէ համագործակցություն ես համարում եմ դրական»:
Մեր դիտարկմանը, թե այդ նույն ռուսները Ադրբեջանին նաեւ զենիթահրթիռային համակարգեր են վաճառում, արցախյան ազատամարտի վետերանն այսպես հակադարձեց. «Այդ հրթիռները հակաօդային նշանակության են եւ հարձակողական չեն, իսկ մենք, որ գնանք Բաքուն գրավենք, օդով չենք գնալու, ոտքով ենք գնալու»: Մյուս կողմից, Ա. Կարապետյանը շեշտեց, թե հենց դրա համար էր ասում, որ հայ-ռուսական համագործակցության հիմքում երկու կողմերի համար էլ պետք է հոգեւոր կապը լինի. «Այդ տեսանկյունից ես անձամբ պատրաստ եմ լինել ռուս ազգի նույնիսկ  ամենափոքր եղբայրը, բայց ոչ ստրուկը»: Նրա կարծիքով, բոլոր դեպքերում ռուսական ռազմակայանների տեղակայված լինելը դրական դեր ունի:
Հրամանատարին հարցրինք՝ հայկական բանակն այսօր ի վիճակի՞ է ինքնուրույն դիմագրավել ադրբեջանական հնարավոր ագրեսիային: «Այո: Իհարկե, բայց միայն ժողովրդի հետ միասին: Եթե դա անի միայն բանակը՝ չէ, չի ստացվի»,- շեշտեց Ա. Կարապետյանը: Եթե մենք կարող ենք հարկ եղած դեպքում առանց ռուսների պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, այդ դեպքում ինչո՞ւ է փորձ արվում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը արդարացնել Արցախը պաշտպանելու պատճառաբանությամբ՝ հույս դնելով ռուսական 5-հազարանոց անձնակազմի վրա: «Եթե մենք գիտակցում ենք, որ ազգ ենք եւ ստրուկ չենք, համախմբված ենք եւ բարձր գիտակցություն ունենք, մենք որեւէ հարց կարող ենք լուծել առանց որեւէ մեկի օգնության, բայց եւ կարող ենք հավասարը-հավասարի պես դաշնակից լինել՝ բացառապես հոգեւոր հիմքի վրա: Հակառակ դեպքում, եթե մտածենք, որ դաշինքների հիմքը կողմերի շահերն են՝ նման դաշինքում որեւէ մեկը մեզ «կքցի»: Հենց այդ պատճառով է, որ ես ՆԱՏՕ-ի դաշինքը չեմ ընդունում. այնտեղ հոգեւոր ոչինչ չկա: Մենք  նույնիսկ ամբողջ ազգով պետք է դեմ կանգնենք ու չթողնենք, որ սեպտեմբերին ՆԱՏՕ-ն Հայաստան ոտք դնի: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա՝ երբ  1992թ.-ին լայնածավալ պատերազմ սկսվեց, ըստ  արեւմտյան ռազմական հաշվարկների՝ զինատեխնիկա, զինվորների թվաքանակ եւ այլն, մենք անհամեմատ քիչ էինք ու պիտի որ պարտված լինեինք: Բայց հաղթեցինք: Հաղթել ենք մեր ժողովրդի ոգու շնորհիվ»,- հայտարարեց Ա. Կարապետյանը: Մենք նրան հիշեցրինք, որ Հայաստանում շատերն այսօր էլ պնդում են, որ արցախյան պատերազմում մենք հաղթել ենք ռուսների օգնությամբ: «Սուտ են ասում: Այդ ասողները ժամանակին Ղարաբաղում չեն եղել ու հիմա հեքիաթներ են պատմում: Նրանք չեն տեսել, որ տղաները 7 հոգով երկու գումարտակ թուրքի դեմ կռվել, զոհվել են, ու եթե դա չանեին՝ երկու ժամ հետո թուրքերը Ստեփանակերտում կլինեին: Այնտեղ մեզ պահող ռուս չկար: Նման խոսակցությունները թուլացնում են մեր ազգի պաշտպանունակությունը, եւ դա հատուկ է արվում: Նման բան նույնիսկ ռուսները չեն խոսում, որովհետեւ դա նրանց պատիվ չի բերի: Նման բան ասողը թուրքական արմատներ ունի»,- վրդովվեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել