Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցություններից հետո երեկ ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրությունը: Սեյրան Օհանյանի եւ Անատոլի Սերդյուկովի ստորագրած փաստաթղթով փոփոխություններ են կատարվում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում: Ըստ այդ փոփոխությունների, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին՝ նախկին 25-ի փոխարեն:
Ամրագրվում է, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: Ստորագրվեց նաեւ համաձայնագիր՝ Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկ կառւոցելու մասին: