Այսպես է կարծում Դմիտրի Մեդվեդեւը
ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մեր հարաբերությունները, իսկապես, ռազմավարական եւ դաշնակցային են: Դրանք արտացոլում են մեր ժողովուրդների զգացմունքները, եւ այդ են պահանջում Հայաստանի, հուսով եմ՝ նաեւ Ռուսաստանի, ազգային եւ պետական իրական շահերը: Բանակցությունների արդյունքում այսօր ստորագրվեց հինգ փաստաթուղթ: Դրանց շարքում կուզենայի հատկապես նշել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագիրը եւ Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը: Այդ արձանագրությամբ ոչ միայն երկարաձգվեց ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, այլեւ ընդլայնվեց դրա աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը:
Ռուսական ռազմակայանի գործունեությունը մինչ այս սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ հիմա այդ սահմանափակումը հանված է համաձայնագրի տեքստից: Ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել համատեղ ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը եւ աջակցելու մեր զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով հագեցնելու գործում»:
Ի պատասխան այն հարցի, թե պաշտոնական Մոսկվան ինչպես է վերաբերվում ԼՂ հարցով բանակցային գործընթացի ձեւաչափը փոխելու առաջարկներին, Դմիտրի Մեդվեդեւն ասաց. «Նախ՝ կարեւորն արդյունքն է, այլ ոչ թե կիրառվող ինստիտուտները: Երկրորդ՝ այն միջնորդական ինստիտուտները, որոնք օգտագործվում կամ առաջարկվում են, պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն՝ այդ թվում նրա կողմերի համար»: Ըստ ՌԴ նախագահի, եթե ներկայացվող առաջարկները կողմերի համար կասկածելի են կամ անհիմն, չի կարելի պարտադրել դրանք: ՌԴ նախագահի խոսքերով, եթե, այնուամենայնիվ, կողմերը նոր միջնորդություն ընդունեն՝ Մոսկվան նույնպես կընդունի այն. «Գլխավորը՝ արդյունավետ լինի»,- ասաց ՌԴ նախագահը եւ հավելեց, որ ինչ-որ արդյունավետություն այս պահին ապահովում է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների այլ ձեւաչափերը պետք է փոխադարձաբար ընդունելի լինեն բոլորի, այդ թվում նաեւ՝ կողմերի համար»: Մինչ այդ Սերժ Սարգսյանն ասել էր, որ միակ ընդունելին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է: ՌԴ նախագահը նաեւ հայտարարեց. «Ես ամոթ չեմ զգում այն աշխատանքի համար, որ Ռուսաստանը կատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի: Այդ աշխատանքները շարունակվում են եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ: Մոսկվան չէր ցանկանա 90- ականների իրադարձությունների կրկնությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»: