Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի վտանգը ռեալ է»

Օգոստոս 21,2010 00:00

Կարծում են թուրք եւ ռուս վերլուծաբանները

Բաքվում գնալով շատանում են Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման կողմնակիցները: Համոզմունքը, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ՝ գնալով գերիշխող է դառնում Ադրբեջանում: Թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի ղեկավար Սինան Օղանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ դիվանագիտական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը, հաջողությամբ չեն պսակվել եւ նույնիսկ ձգձգել են խնդրի լուծումը: «Սխալ է մտածել, որ Բաքվի նման հայտարարությունները թելադրված են Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկությամբ: Ուղղակի Ադրբեջանն աշխարհին հայտարարում է՝ եթե դուք չեք կարողանում լուծել այդ հակամարտությունը, ապա մենք ինքներս դա կանենք»,- news.am-ի մատուցմամբ, ասել է թուրք վերլուծաբանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի հիասթափությունը կապված է խնդրի լուծման հարցում առաջընթացի բացակայության հետ, որն ուղեկցվում է այն համոզումով, որ Անկարան դավաճանել է իրեն՝ փորձելով հաշտվել Երեւանի հետ: Սա իրավիճակն ավելի վտանգավոր է դարձնում:
Այս համատեքստում, ըստ Օղանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցելությունը Հայաստան «մեսիջ» է Ադրբեջանին՝ չդիմել ռազմական գործողությունների: Նրա կարծիքով, եթե ռազմական գործողություններ սկսվեն, դա կարճաժամկետ բնույթ կկրի եւ կառնչվի միայն Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջաններին: «Բուն Ղարաբաղում պատերազմ չի լինի, բայց Ադրբեջանը կարող է հարվածել՝ գրավելու համար ԼՂ-ին հարակից տարածքները»,- նշել է նա:
Օղանը կասկած է հայտնել, թե կարճաժամկետ պատերազմին Ռուսաստանը  կմիջամտի: «Ռուսաստանն իրավունք չունի միջամտել Ղարաբաղին հարակից տարածքներում ռազմական հակամարտությանը: Ռուսաստանը կարող է օգտագործել ինչ-որ փոքր հակամարտություն, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով կարգավորել խնդիրը, քանի որ ռուսական կողմը չի ցանկանում պահպանել ստատուս-քվոն»,- ամփոփել է թուրք փորձագետը:
Որ սառեցված հակամարտությունը կարող է վերածվել ռազմական գործողությունների՝ Hurriyet Daily News-ի հետ զրույցում այնքան էլ հավանական չի համարել Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի փորձագետ Իգոր Տորբակովը՝ միաժամանակ չբացառելով իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը:
«Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմական հնարավորությունները, բայց Ալիեւը չի կարող չհասկանալ, որ Կովկասում ցանկացած պատերազմ ի չիք կդարձնի Բաքվի էներգետիկ նկրտումները: Բաքուն տոննաներով գումարներ է ներդնում ռազմական բնագավառում, բայց դա կարծես թե Երեւանի եւ միջազգային հանրության վրա հոգեբանական ճնշումը ուժեղացնելու նպատակ է հետապնդում եւ ազդանշան է, որ ներկա ստատուս քվոն անընդունելի է»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, կարծիք է հայտնել ֆիննական ինստիտուտի փորձագետը: Նա նաեւ շեշտել է, որ թեեւ երկու կողմերը կարող են ցանկանալ խուսափել լայնամասշտաբ պատերազմից, սակայն պատերազմի հնարավորություն, ցավոք, գոյություն ունի: «Մի շարք սադրանքներ՝ համակցված սխալ հաշվարկների հետ, կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից, ինչպես եղավ Վրաստանում 2008 թվականին»,- ընդգծել է Տորբակովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել