Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Գյումրիում բացեցին Ղարսն ազատագրած ռուս զինվորների հուշարձանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Գյումրի ամբողջովին տեղավորվում էր հայտնի նախադասության տրամաբանության մեջ՝ «Օրհնվի էն սըհաթը, երբ ռըսի արդար ոտը…»:
Գյումրիում երեկ բացվեց «Պատվո բլուր» հուշահամալիրը, նվիրված 19-րդ դարում, ռուս-թուրքական պատերազմում Ղարսի գրավման ժամանակ զոհված ռուս զինվորների հիշատակին: Ճիշտ այդպիսի հուշահամալիր 1919 թվականին Ղարսում պայթեցրել էին թուրքերը:
Վաղ առավոտից Գյումրին իրար էր անցել, Տերյան փողոցում էին հավաքվել հայտնի եւ անհայտ գյումրեցիներ, քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների մասին ավելորդ է խոսել: «Պատվո բլուրը» ամեն կողմից շրջապատված էր: Մեդվեդեւի այցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Գյումրի հասցրին նախագահների այցից շա՜տ առաջ, եւ տժժան արեւի տակ առանց յուղի տապակվեցինք մինչ այն պահը, երբ նախագահների ուղղաթիռները սկսեցին պտտվել «Պատվո բլուրի» վրա: Հավաքվածները բաժանվել էին երկու խմբի՝ մեծ մասը մնացել էր հուշարձանի դրսի հատվածում, ռուսական դրոշները թափահարելով, իսկ հատուկ հյուրերը ցանկապատից ներս էին: Բայց մեկ է, արեւը նույն ուժով այրում էր բոլորին: Հրավիրվածների մեջ էին ԵՊՀ ռեկտորը, բանաստեղծ Ռազմիկ Դավորյանը, Նկարիչների միության նախագահը, Ալ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը, Սուրեն Զոլյանը, Արտաշես Գեղամյանը, Ստյոպա Սաֆարյանը,՝ Գյումրու քաղաքապետը, Շիրակի մարզպետը, ռուսներ եւ բազմաթիվ այլ անձինք: Նախագահների ժամանումից անմիջապես առաջ, նաեւ՝ արծաթափայլ եղեւնի տնկելու պահին հնչում էր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Միակ ընդհատումը եղավ, երբ հնչեցին երկու երկրների օրհներգերը: Ծաղկեպսակ դնելով Ղարսի համար մղված մարտերում զոհված զինվորների հուշարձանին, Սերժ Սարգսյանն ասաց. «Հայ-ռուսական փոխըմբռնումն ունի խոր եւ ամուր պատմական արմատներ: Դրանց շնորհիվ էլ մենք այստեղ ենք՝ այս հուշահամալիրի մոտ: Եվ մեր շարժիչ ուժը ոչ թե այսրոպեական զգացմունքները կամ անցյալի իներցիան է, այլ մեր երկարաժամկետ ազգային շահերի գիտակցումը եւ դրանց հետեւողական իրականացումը: Սա մեզ նաեւ թույլ է տալիս համարժեք արձագանքել ժամանակակից աշխարհի ոչ միանշանակ շատ մարտահրավերների: Հենց այս ըմբռնումով էլ մենք այսօր ստորագրեցինք Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը եւ ընդլայնեցինք դրա պատասխանատվության ոլորտը»: Նաեւ հայտարարեց՝ ով չի հիշում անցյալը, չունի ապագա:
Ստյոպա Սաֆարյանը եկել էր որպես խմբակցության ղեկավար եւ ասաց, որ Մեդվեդեւի այցի ընթացքում ռուսական ռազմաբազաների պայմանագրի թարմացումը եւ ժամկետի երկարաձգումը չի կարելի ձեւական համարել. «Սա աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջեւ որոշակի փոխպայմանավորվածությունների հետեւանք է, այսինքն, միմյանց թողնել ինչ-որ գոտիներ, ինչ-որ հարցեր՝ ինչ-որ բաների դիմաց: Եվ մի բան ակնհայտ է, Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը, սեփական ազդեցությունն էլ ավելի մեծացնելուն եւ երկարաժամկետ դարձնելուն է ուղղված»: Ըստ Ստյոպա Սաֆարյանի, «Հայաստանը միշտ գրավիչ է եղել իր ինքնիշխանությամբ, անկախությամբ եւ ազատության աստիճանով, հիմա ինչպիսին կլինի Արեւմուտքի, աշխարհի մնացյալ հատվածների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, այն դեպքում, երբ նա այլեւս ունի այսպիսի մեծ ռազմավարական դաշնակից, որի հետ կարելի է պայմանավորվել բոլոր հարցերում, ժամանակը ցույց կտա»:
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին հարցրինք՝ ռուս-հայկական այս թարմացված պայմանագրով վտանգ չի՞ սպառնում մեր ազատությանը: Ի պատասխան բանաստեղծն ասաց. «Բացարձակապես, մեզ վտանգ սպառնում էր մեր ազատությունը (ծիծաղում է-Մ.Ե.), հիմա, կարծում եմ, այդպես հիմնավոր վտանգ չպիտի սպառնա, իսկ ռուսների հետ հարաբերությունը…, կարիք չկա ավելի խելոք ձեւանալ, քան մեր ազգի զորավոր զավակներն էին՝ Իսրայել Օրի, Խաչատուր Աբովյան եւ այլն: Սա մեր ժողովրդի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող ակցիա է, բացի էն, որ ռուսների համար կարեւորագույն քայլ է՝ վերականգնելու իրենց զոհերի հիշատակը մի տարածքի վրա, որտեղ մեր հայրենիքն է: Եթե երեք անգամ Ղարսը ձեռքից-ձեռք է անցել, եւ ռուս զինվորները իրենց կյանքը դրել են վերադարձնելու համար, ի՞նչ իմանաս, չորրորդ անգամ ովքե՞ր են գլուխները դնելու Ղարսի բերդը օրինական տիրոջը վերադարձնելու համար»:
Մեր հարցին՝ ռուսների հետ այս նորացված մերձեցումը չի՞ խանգարելու Արեւմուտք-ՆԱՏՕ հարաբերություններին, պարոն Դավոյանը հակադարձեց. «Մենք Արեւմուտք-ՆԱՏՕ հարաբերություններ չունենք, այդ բաները միֆական ձեւակերպումներ են, չօգտագործենք մեր բառապաշարի մեջ նույն զառանցանքը, ինչ-որ Սահակաշվիլին կարող է անել, Ալիեւը կարող է անել: Եթե առանձին այդ տեսակ հարաբերություններ ունենայինք, կմտածեինք դրանց մասին, բայց դրանք բոլորը միջնորդավորված հարաբերություններ են: Պետք է հստակատես լինել, պետք է իմանալ՝ ովքեր են ցանկացել քո վերջնական բնաջնջումը, որի համար դու մարդկային ջերմության կապ ունես եւ որի համար չունես»: Արտաշես Գեղամյանը Մեդվեդեւի այցը եւ համատեղ պայմանագրի վերաստորագրումը համարեց «բացառիկ պատմական դրական նշանակության» իրադարձություն. «Պատկերացրեք, հանկարծ Ադրբեջանը հազարավոր, դիցուք, մոջահեթ վարձկանների կամ չեչեն գրոհայինների միջոցով սանձազերծում է պատերազմական գործողություններ Հայաստանի ամբողջ սահմանի պարագծով, այսինքն, ոչ թե արցախյան ճակատ ենք ունենում, այլ ճակատ ենք ունենում Աշոցքում, Շամշադինում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սիսիանում, Արարատում: Այս պայմանագրի վավերացմամբ արդեն իսկ ՌԴ-ն, ի դեմս իր ռազմակայանի, պարտավորվածություն է ստանձնում ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Ուստի, եթե մեր սահմաններին Ռուսաստանի պետական դրոշը լինի, արդեն հազար անգամ կմտածեն մինչե ռազմական գործողություն սանձազերծելը: Ուստի, թերագնահատել այս պայմանագրի նշանակությունը, կնշանակի բացարձակապես մակերեսորեն մոտենալ հարցին: Պետք է շնորհավորել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, պետք է շնորհավորել ՌԴ նախագահին՝ այս պատմական պայմանագիրը գլուխ բերելու կապակցությամբ»: Արմատներով ղարսեցի, այժմ՝ գյումրեցի, 80-ամյա Մկրտիչ Հաբեթի Տեր-Մկրտչյանը ասաց. «Ռըսի հետ կապը վաբշե պըտի չդադարեցվի, մենք միշտ պըտի Ռուսաստանի հետ էղնեինք, որովհետեւ ռուսը էն ժողովուրդն է, որ շահախնդիր չէ, ռուսը թուրք չէ, ռուսին որ մենք ճիշտ հասկանանք, եղբայրություն ընենք, մենք անտեր չենք մնա, ռուսների հետ գժտվելն էր, որ թողինք Ղարսը, հուշարձանը պայթեցրին, հիմի էլ էնքան անշնորհք ժողովուրդ ենք, որ Ղարս ըսելու տեղը մեր բուկլետներու մեջը Կարս կգրենք: Ղարսը իմ հայրենիքն է, ես ընդե տուն եմ ունեցել, հերս տուն է ունեցել, իսկ հըմի իմ տունս քանդեցին, 22 տարի է կսպասեմ: Թուրքը իմ տունս կվայելե, իսկ ես վայելելու ոչինչ չունեմ: Ես ռուսամետ չեմ, մարդ եմ, գիտակից, ես կգտնեմ, որ ռուսների հետ մեր մոտիկությունը մեզի հաց է, ջուր է, ընկերություն է, ախպերություն է»: