Թեեւ ընդդիմության այլ հատվածները «Ժառանգության» հանդեպ ժամանակին հանդես չեն բերել նույն դիրքորոշումը
Ի տարբերություն ՀԱԿ-ի համակիր լրատվամիջոցների եւ գործիչների, որոնք անցած տարի ակտիվորեն եւ բավական չարախնդությամբ էին մեկնաբանում «Ժառանգության» ներկուսակցական խնդիրները՝ «Ժառանգության» ներկայացուցիչները գրեթե չարձագանքեցին ՀԱԿ-ում վերջերս ծագած խնդիրներին՝ ՀՀՇ համագումարից հետո տեղի ունեցած զարգացումներն էին, թե ՀՀ պաշտպանության նախարարի հետ «Հանրապետության» քաղխորհրդի այլեւս նախկին անդամի հետ հանդիպմանը հետեւած հակազդեցությունը կամ ՍԴՀԿ-ին առնչվող թնջուկը: Մեր խնդրանքով պարզաբանելով նման զուսպ վերաբերմունքի պատճառները՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ժառանգությունը» կարծում է, որ ցանկացած կուսակցություն օրինաչափորեն կարող է ունենալ ներքին խնդիրներ, եւ այդ խնդիրների լուծման լավագույն ուղին ներքին բանավեճերն են, եւ ոչ թե դրանք մամուլի էջեր հանելը կամ դրան այլ քաղաքական միավորների միջամտելը: Գոնե մեր փորձից գիտենք, որ որպես կանոն՝ դա ոչ միայն չի նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը կամ մեղմացմանը, այլ ավելի՛ն՝ խնդիրն անլուծելի է դառնում, եւ անգամ ներկուսակցական փոքրիկ հարցը վերածվում է քաղաքական մեծ հակադրությունների եւ առճակատումների: Սա է պատճառը, որ «Ժառանգությունը» միշտ զուսպ է եղել եւ զուսպ է լինելու այլ կուսակցությունների ներսում կատարվածի եւ կատարվողի հանդեպ: Մենք ուրախ չենք, որ ընդդիմության որեւէ հատվածում տեղի է ունենում թուլացում: Ի սկզբանե համոզված ենք եղել, որ մեր ուժը ուրիշների ուժն է, եւ ուրիշների ուժը՝ մեր ուժն է: Ցավոք, նույնպիսի մոտեցում չեն ունեցել բոլորը՝ ընդդիմադիր դաշտում, ինչը դրսեւորվել է նաեւ մեր ներքին խնդիրների կապակցությամբ: Բայց այնուամենայնիվ՝ դա մեզ հիմք չի տվել, որ նույնպես որդեգրենք այն ռազմավարությունը, ինչ նրանք են ունեցել մեր հանդեպ»:
Չնայած հստակ արտահայտված այս մոտեցմանը՝ այսուհանդերձ, փորձեցինք գնահատական կորզել, թե արդյոք իշխանության որեւէ ներկայացուցչի հետ հանդիպման փաստին նման արձագանքը համարժե՞ք է համարում, կամ արդյոք ՍԴՀԿ-ին առնչվող զարգացումների պատճառը չի՞ պայմանավորում ՀԱԿ-ի ձգտմամբ՝ չկորցնել 18 ուժերի միավորում կոչվելու իրավունքը: Ստեփան Սաֆարյանի արձագանքն ընդհանրական էր. «Անշուշտ, կարծում եմ: Եվ դա ես չէ, որ ասել եմ. Լեւոն Տեր-Պետրոսյանն ի՛նքն է առաջադրել նոր փուլի համար նպատակը: Նա այս պահին համարում է, թե համաժողովրդական շարժման հիմնական նվաճումը ՀԱԿ-ն է, որը պետք է մշտական գործոն լինի քաղաքական դաշտում: Սա նոր նպատակ է, որն էապես տարբերվում է 2008-ին առաջադրված նպատակից՝ այն է, հաղթել եւ հասնել իշխանափոխության: Իսկ հիմա շարժման նպատակը փաստացի տրանսֆորմացվել է, եւ այսօր այն ուղղակի ինստիտուցիոնալ կառույցը՝ ՀԱԿ-ը պահպանելն է: Հետեւաբար ՀԱԿ-ին անդամակցող այն բոլոր անհատները կամ ուժերը, որոնք վտանգում են այս նպատակը՝ դառնում են «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ: Այնուամենայնիվ՝ հիմա նկատելի է, որ ոչ միայն առաջադրված նպատակը, այսինքն՝ ՀԱԿ-ը պահպանելու գերակայությունը, այլ նաեւ նախընտրական տրամադրություններն են ազդում քաղաքական վարքագծերի վրա: Սրան էլ եթե գումարենք, որ իշխանությունը մշտապես շահագրգռված է հակառակորդի իսպառ ոչնչացմամբ ու ջանք չի խնայում այդ ուղղությամբ, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»:
Մեր դիտարկմանը, թե ՀԱԿ-ը կարծես միտումներ է ցույց տալիս, որ կրկնելու է այն փորձը, որն ունեցել են 1996-ի եւ 2003-ի ընդդիմադիր միավորումները, որոնք հաղթանակ չամրագրելով՝ ի վերջո սկսեցին իրենց շարքերում որոնել թուլության մեղավորներին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց. «Ինչպես Հայաստանի պրակտիկան է ցույց տալիս՝ քանի որ նախագահական ընտրություններում ընդդիմադիր միավորումը ձեւավորվում է ընտրության միջավայրի եւ հարուցած խնդիրների հենքի վրա, բնականաբար՝ նպատակներն էլ դրվում են այդ համատեքստում: Եվ եթե ընտրական կամ հետընտրական շրջանում (որքան էլ տարբեր լինեն դրանք տարբեր ժամանակների համար. «Արդարություն» դաշինքի համար, ենթադրենք, 1-1,5 տարի էր կամ, համաժողովրդական շարժման համար՝ 2 տարի), միեւնույն է, հռչակված նպատակը՝ հաղթանակը, ձեռքբերված չէ, ապա անշուշտ՝ դա հանգեցնում է ներքին մեղավորների եւ պատասխանատուների փնտրտուքների: Եվ նաեւ նրանք, ովքեր փորձում են քաղաքական դաշտում վարել ինքնուրույն քաղաքականություն՝ դառնում են հարձակումների թիրախ: Այո՛, 2008-ին ձեւավորված համաժողովրդական շարժումն անցնում է այդ նույն ցավոտ ճանապարհը: Եթե այդ շարժմանը մաս կազմած ուժերի մի մասն ընդունել է, որ ընդդիմությունը չի կարողացել լուծել այն խնդիրները, որոնք դրել էր իր եւ հասարակության առջեւ՝ բնականաբար, դառնում է թիրախը ընդդիմության մեկ այլ հատվածի, որը շարունակում է պատրանքներ տածել, թե այդ նպատակին կարող է հասնել հատկապես նրանից հետո, երբ բաց են թողնվել բոլոր հնարավորությունները»: