Լրահոս
Օրվա լրահոսը

Գույնի բուժիչ ուժը՝ գունաթերապիա

Օգոստոս 20,2010 00:00

Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլեւ՝ բուժել

Գունային թերապիան օգտագործում էին դեռեւս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։ Այդ երեւույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող-գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց «Գույնի բուժիչ ուժը» աշխատությունը, որը հաջողություն ունեցավ եւ բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։ Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատեւ հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով, շարադրեց լուսային եւ գունային թերապիայի հիմունքները։ Գիտնականը գրում էր. «Գույնը չունի անմիջական թերապեւտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է»։ Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների՝ «կարմիր» եւ «կապույտ»։ Իր կարծիքով՝ հենց այդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։ Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների եւ մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության եւ սպիացման գործընթացները։ Կարմիրը կարող է առաջացնել փսխում, հաճախամիզություն, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող էֆեկտ։ Տաք գույները վնասակար են սուր բորբոքային պրոցեսների, փորլուծության, անքնության եւ նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։ Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են զարկերակի աշխատանքը, վերացնում բորբոքային պրոցեսները։ Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում են նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ Միեւնույն ժամանակ՝ այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երեւույթների, լեղուղիներում եւ երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների եւ հիպոթենզիայի ժամանակ։ Ուսումնասիրելով մարդու կենսաէներգետիկան՝ Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Այսպես. գլխին համապատասխանում են սառը գույները՝ մանուշակագույնը, կապույտը եւ երկնագույնը։ Սրտին, թոքերին, իմուն եւ արյունատար համակարգերին՝ կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին եւ ստամոքսին՝ դեղինը կամ դեղնականաչը։ Սեռական օրգաններին, միզապարկին եւ հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին՝ կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը)։

ԳՈՒՆԱԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ: Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա՝ Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն՝ քրոմոթերապիան, նաեւ մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։ Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։ Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։ Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։ Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։ Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը՝ քրոմոդիսկը եւ քրոմոոսպնյակը։ Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը՝ բեկման։ Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։ Բացի այդ՝ գունավոր ոսպնյակի օգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու եւ թրջոցների համար նախատեսված ջուրը։ Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը եւ ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում։ Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արեւի լույսի տակ։ Այդպիսի գործընթացը տեւեց 4-5 ժամ։ Որեւէ գույնի չընդունելը վկայում էր համապատասխան օրգանի գործառույթի խանգարման մասին։ Այստեղից էլ բխում է, որ բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա։ Անհրաժեշտ է նաեւ խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր։ Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաեւ զգեստի ընտրությունը։ Բեբբիթի տեսության համաձայն՝ սպիտակ եւ բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արեւի շողերը։ Սեւը, ընդհակառակը, կլանում է լուսային շողերը՝ էներգիան փոխակերպելով ջերմության։ Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել