Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԻՄ ԴԱՋՎԱԾՔՆԵՐ՝ ԱՄԵՆԱԻՆՏԻՄ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ

Օգոստոս 20,2010 00:00

Հայերն ամաչո՞ւմ են

«Հայերն ամեն հարցում առաջ են գնացել, բայց դաջվածքների առումով դեռ շատ հետ են: Երբ քայլում ես Երեւանի փողոցներով, թվում է, թե ինչ-որ ծովափնյա քաղաքում ես, աղջիկներն այնքան բաց են հագնված, գրեթե կիսամերկ են: Իհարկե, մեր աղջիկները շատ գեղեցիկ են, լավ է նայվում, երբ ժամանակակից ու ճաշակով են հագնվում, բայց միեւնույն ժամանակ շատ հետամնաց են: Մեկ ամիս է՝ ինչ Երեւանում եմ, հասցրել եմ լինել մի շարք ժամանցի վայրերում, բայց մարմնին դաջվածք ունեցող աղջիկ շատ քիչ եմ հանդիպել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մոսկվայից ժամանած Ալեքսը, որն արդեն 15 տարի զբաղվում է դաջվածքներ անելով: Վերջին անգամ Ալեքսը Հայաստանում եղել է 7 տարի առաջ ու ինչպես ինքն ասաց՝ «Երեւանն ու երեւանցիներն աննկարագրելիորեն փոխվել են»: Ալեքսի հայրենիք վերադառնալու պատճառը եղել է սեփական «tattoo սրահ» բացելու գաղափարը, բայց, ըստ նրա՝ «պլաններս փոխվեցին, որովհետեւ հասկացա, որ Երեւանում աշխատելով հաստատ կսնանկանամ: Այստեղ մեկ ամսում չեմ կարողանա վաստակել Մոսկվայի մեկ օրվա վաստակածիս չափ: Այնտեղ օր է լինում՝ ինձ մոտ հերթեր են գոյանում, իսկ այստեղ, համոզված եմ, օրերով դուռս բացող չի լինի»,- ծիծաղելով ասաց Ալեքսը, հավելելով, որ ինքը «շաբլոն» դաջվածքներ չի անում: «Ես հիմնականում բաց տեսարաններ եմ դաջում՝ մարդկանց ամենաինտիմ հատվածներում, անգամ մարմնի այն մասերում, որը հայերի պատկերացումներց դուրս է: Հայաստանցի ընկերներիս երբ պատմեցի, թե ինչպես եմ ռուսների սեռական օրգանների ամենաներքին հատվածներում tattoo անում, սկզբում զարմացան, հետո ծիծաղեցին ու ինձ այլասերված համարեցին: Օրեր առաջ էլ Երեւանի ամենամոդայիկ ակումբներից մեկում ընկերներիս հետ զվարճանում էի, տեսա՝ շատ գեղեցիկ աղջիկներ են պարում, ծանոթացա նրանց հետ, ասացի, թե ինչով եմ զբաղվում, նրանք իմ աշխատանքի բնույթը նորմալ ընդունեցին: Բայց հետո, երբ առաջարկեցի իրենց մարմնին մի անմեղ tattoo անել, օրինակ՝ կրծքին կամ հետույքին, այդ աղջիկներն այնքան սարսափահար արձագանքեցին իմ առաջարկին, որ կողքի սեղանի մարդկանց թվաց, թե նրանց ուզում էի բռնաբարել: Ախր շատ ծիծաղելի է: Իհարկե, նախասիրությունների հարց է, ամեն մեկը չի, որ ցանկանում է իր մարմնի որեւէ հատվածին ինչ-որ բան նկարված լինի, բայց tattoo-ից հուշտ լինել էլ պետք չի: Հայ աղջիկները շատ կոմպլեքսավորված են, երբ ասում ես՝ արի մարմնիդ tattoo անենք, անմիջապես խառնվում են իրար ու սկսում իրենց անհեթեթ պատճառաբանությունները՝ վա՜յ, պապաս չի թողի, վա՜յ, ախպերս կջղայնանա, բա հարեւաններն ինչ կմտածեն իմ մասին… եւ այլն: Այստեղից հարց է առաջանում՝ աղջիկ ջան, բա որ ոտքերդ այդպես բացում ես՝ պապադ չի տեսնո՞ւմ, բա ախպերդ չի՞ ջղայնանում, որ քո շորտը իր գոտիից կարճ ա, կամ հարեւանները չե՞ն բամբասում, երբ լողազգեստով տնից դուրս ես գալիս… Մեր աղջիկները, ճիշտ է, շատ լավն են ու երբեք չպետք է կորցնեն հայուհուն բնորոշ ամոթխածությունը, բայց, ցավոք, երբ կամ որտեղ որ պետք է՝ չեն ամաչում, իսկ ամենահասարակ բաները, որն ընդունված են ողջ աշխարհում՝ հայերի համար խայտառակություն է»,- պատմում է Ալեքսը:

Ի դեպ, չնայած Ալեքսն արդեն 15 տարի է՝ ինչ հազարավոր մարդկանց մարմիններին նկարել է, իր մարմնին՝ աջ թեւին ընդամենը մի փոքրիկ դաջվածք ունի: Ալեքսը նշում է, որ սիրում է մեծ աշխատանքներ անել, նկարը՝ դաջվածքը տեղավորել մարդկանց ամբողջ մարմնի վրա: Նա շատ է սիրում դաջվածքներ անել հատկապես մարդկանց մեջքին, ասում է՝ «մեջքին աշխատանքը եւ լավ է երեւում, եւ ավելի արագ է լինում»: Ալեքսը դաջում է ամեն ինչ՝ գիշատիչ կենդանիներից մինչեւ Կամասուտրա, որն էլ, ըստ նրա, առավել սեքսուալ է երեւում, երբ դաջում է հատկապես մարմնի ինտիմ հատվածներում: «Առաջին հայացքից թվում է, թե Կամասուտրայի դիրքերը դաջելը աբսուրդ է, բայց առաջին հերթին դա արվեստ է: Նշեմ, որ ամեն մեկը չի հասկանում Կամասուտրայի իմաստը: Օրինակ՝ ռուսների համար դա զուտ գլամուրային կերպար ստեղծելն է, իսկ իմ թուրք հաճախորդների համար դա գեղեցկություն է, արվեստի նմուշ: Ի դեպ, մասնագիտությամբ նկարիչ եմ, փոքր ժամանակվանից շատ եմ սիրել նկարել մերկ կանանց, երեւի դա է պատճառը, որ Կամասուտրան ավելի հաճույքով եմ դաջում»,- ժպտալով ասաց Ալեքսը, հավելելով՝ «հայերը ոչ թե tattoo չեն սիրում, այլ ամաչում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել