Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվում է «Abu Dhabi Chess Festival 2010 Masters Tournament» հեղինակավոր միջազգային մրցաշարը, որին մասնակցող 26 շախմատիստներից տասը գրոսմայստերի կոչում է կրում: Յոթերորդ տուրում Աշոտ Անաստասյանը իրանցի Մոհշեն Շարբաֆի հետ պայքարում կես միավոր կորցրեց, որի պատճառով միանձնյա առաջատարի դերը զիջեց ուկրաինացի Անտոն Կորոբովին, որն իր հերթին առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ: Հայաստանցի երրորդ շախմատիստը՝ հանրապետության գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը (նկարում) սեւերով հաղթեց հնդիկ Անտոնիո Վիանիին:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Աշոտ Անաստասյանը 5,0 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում (նա Կորոբովից ետ է մնում կես միավոր), Ավետիք Գրիգորյանը 4,4 միավորով երրորդն է, իսկ Հովհաննես Գաբուզյանը հանգրվանել է 8-րդ տեղում (4,0 միավոր): Երեկ կայացած նախավերջին տուրում Անաստասյանը սեւ խաղաքարերով հանդիպում էր Զուրաբ Ստուրուայի (Վրաստան), Գրիգորյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մոհշեն Շարբաֆի, իսկ Գաբուզյանը՝ միջազգային վարպետ հնդիկ Սրինատ Նարայանանի հետ: