Վնասվածքի պատճառով տեւական ժամանակ պարապուրդի մատնված արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ապաքինվելուց հետո վերադարձել է կորտ եւ իր մրցելույթներով հիացնում է հանդիսականին: 28-ամյա մարզիկը, ասես, երկրորդ երիտասարդությունն է ապրում: Ցինցինատիում մեկնարկած «Western &Southern Finansial Grup Masters 2010» միջազգային «A» կարգի մրցաշարի մեկնարկային խաղում Դավիթը երկու սեթում 7:5, 6:0 հաշվով վստահորեն պարտության մատնեց խորվաթ անվանի թենիսիստ Իվան Լյուբիչիչին: Ընդ որում, հաղթանակի համար Դավիթից պահանջվեց ընդամենը մեկ ժամ մեկ րոպե: Հիմա, լրատվամիջոցների ներկայացմամբ, երրորդ շրջան անցնելու համար Նալբանդյանը մրցելու է ամերիկացի թենիսիստ Ջոն Այզների հետ: 25-ամյա տանտերը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային դասակարգման ցուցակում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Դավիթը ներկայումս այդ ցուցակում 37-րդն է: