Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մարզաձեւի մեր ազգային հավաքականի չորս անդամներ մոտ օրերս սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերի 13-19-ը Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությանը, որտեղ մասնակիցները, մեդալներից բացի, պայքարելու են 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ ձեռք բերելու համար:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը եւ մարզիչ Կարեն Սիմոնյանը նախատեսել են օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը ուսումնամարզական հավաք կազմակերպել Աբովյան քաղաքում, որին մասնակցելու համար հրավիրել են հանրապետության առաջատար ձյուդոիստներին: Նրանք են՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ, Եվրոպայի նախկին չեմպիոն Արմեն Նազարյանը եւ միջազգային մրցաշարերի հաղթող Համբարձում Տոնոյանը: Հավաքի օրերին նրանց է միանալու նաեւ մոսկվաբնակ, մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Գայանե Հարությունյանը: Գայանեն հանդես է եկել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում եւ տատամիում բավականին հաջողություններ է ունեցել: Մասնավորապես, նա մեկ ամիս առաջ Մոնղոլիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 5-րդ տեղը:
Ֆեդերացիայից նախազգուշացրին նաեւ, որ սա առայժմ Տոկիո մեկնող հավաքականի նախնական կազմն է: