Երեկ վաղ առավոտյան գյումրեցի ծանրորդ, +85 կգ քաշային Գոռ Մինասյանը Սինգապուրում ընթացող պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հաշվարկում մեդալների պաշարը համալրեց «արծաթով»:
Սա առայժմ մեր պատանի մարզիկների նվաճած երեք մեդալներից ամենաազնիվ համաձուլվածքի պարգեւն է, ինչի համար շնորհավորում ենք բոլորիս: Սակայն պիտի ասենք, որ, ինչպես եւ 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը, այս տարվա մայիսին Վալենսիայում անցկացված Եվրոպայի պատանեկան 8-րդ առաջնությունում +94 կգ քաշային կարգում 155+185=340 կգ արդյունքով կրկին երկրորդը ճանաչված Գոռն ի վիճակի էր բարձրանալ պատվո պատվանդանի առաջին աստիճան, եթե արդյունավետ օգտագործեր բոլոր մոտեցումները:
Պոկում վարժությունն սկսելով 155 կգ-ից, երբ մրցակիցներն արդեն ավարտել էին ելույթը, գյումրեցին, ըստ երեւույթին, մեկնարկային հուզվածության պատճառով անհաջողության մատնվեց: Սակայն սխալը շտկեց երկրորդ մոտեցման ժամանակ, իսկ վերջին փորձում բարձրացրեց 160 կիլոգրամ՝ ամբողջ 5 կգ-ով ավելի, քան պոկում վարժությունում երկրորդը ճանաչված իրանցի մրցակիցը: Սա, անշուշտ, ոսկե մեդալի լուրջ հայտ էր: Սակայն հրում վարժությունում սցենարը գրեթե նույնությամբ կրկնվեց: Գոռը արդյունավետ կատարեց ընձեռվող երեք հնարավորություններից միայն մեկը: Կրկին ձախողվեց առաջին փորձը՝ 190 կիլոգրամը: Ծանրությունը մեր մարզիկին ենթարկվեց միայն երկրորդ մոտեցումով: Անձնական քաշով ավելի ծանր կշռող իրանցուն անելանելի վիճակի մեջ դնելու եւ հաղթող դառնալու նպատակով՝ Գոռը վերջին մոտեցման համար պատվիրեց 195 կգ: Ավաղ, մոտեցումը կրկին անհաջող ստացվեց: Իսկ իրանցին բարձրացնելով 196 կգ, երկամարտում մեկ կիլոգրամով շրջանցեց հայ ծանրորդին: Ափսոս: Բայց ընդունենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված պատանեկան օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դառնալը լուրջ նվաճում է: Մանավանդ որ, չնայած Սինգապուրում հանդես են գալիս 14-18 տարեկանները, նրանց ճնշող մեծամասնությունն արդեն կայացած մարզիկներ են ու իրենց երկրների ազգային ու երիտասարդական հավաքականների անդամներ:
Երեկ Սինգապուրում պայքարի մեջ էր մտել նաեւ նետաձիգ Վասիլ Շահնազարյանը: Նա 32 մասնակիցների պայքարում 613 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: