Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաղանդիս համար Հայաստանին եմ պարտական»

Օգոստոս 20,2010 00:00

Ասում է Հայաստան այցելած անվանի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

«Առավոտը» անդրադարձել է «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով ռուս-հայկական նախագծին, որի շրջանակում Երեւանում եւ Գյումրիում նախատեսված էր անցկացնել համատեղ համերգներ, «կլոր-սեղաններ»: Ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կայացան, սակայն՝ առանց հայկական կողմի ու դատարկ դահլիճներում: Ռուս արտիստների այցն առանձնապես չլուսաբանվեց: «Կլոր- սեղանի» ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նման բովանդակությամբ ռուս մշակութային էլիտային ուղղված ելույթ ունեցավ: «Դուք կարիք չունեք նմանվել եվրոպացիներին եւ չեք էլ կարող, ձեր մշակույթը հայերիս համար դրանով է հրապուրիչ: Ինքս ապրել եմ մոլոկանների ընտանիքում, զարմանալի ժողովուրդ են, այդ մարդկանց համար հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, Ամերիկայում, նրանք ապրում են իրենց կյանքով, այնպես, ինչպես ապրել են 200 տարի առաջ, եւ դա հիանալի է, նրանք աշխատասեր են, մաքուր, ազնիվ, ամենակարեւորը՝ մաքրարյուն, դե՛ ստիպիր այդ մարդկանց՝ աշխատել կիրակի օրերին, չե՛ն աշխատի, պատշաճ կհագնվեն ու մինչեւ ուշ երեկո կերգեն ազգային երգեր»: Ապա դերասանը մեջբերեց ֆրանսիացի գրող Անդրե Մորուայի՝ մի առիթով ասած խոսքը. «Մասկուլտուրան» անջրպետն է՝ հասարակության եւ մշակույթի միջեւ»: Հանճարեղ է ասված, այսօր, երբ նայում ենք մեր եւ ձեր հեռուստատեսությունը, դա ահավոր մի բան է, հասկանում ենք, որ մեր հեռուստատեսությունը կրկնօրինակում է ռուսականին: Լավ, թե վատ՝ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ մերոնք կրկնօրինակում են ձերը, թե դա ո՞ւր կտանի՝ մտածելու տեղիք պետք է տա, տխուր է… Ռուսաստանը պարտավոր է լինել ֆլագման: Ես միշտ իմ ընկերներին ասում եմ, մեզ մոտ վատ է, որովհետեւ Ռուսաստանում է վատ: Երբ ձեզ մոտ վիճակը փոխվի, մեզ մոտ էլ լավ կլինի: Հայերն ու ռուսները կապված են իրար, եւ այդ ազդեցությունը հայկական մշակույթի վրա շատ մեծ է ու շարունակում է մնալ»: Վարպետի խոսքերից հետո սկսվեց ռուսների հարցերի տեղատարափը: Օրինակ, ռուս դերասան Տիմոֆեյ Ֆեոդորովը տեղից բացականչեց. «Իսկ ո՞ւր է ձեր երիտասարդությունը, ինչո՞ւ չի եկել շփվելու»: Միակ կոնկրետ առաջարկը ՌԴ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայայինն էր. «Եկե՛ք նկարենք ֆիլմ, թե ինչպես է, օրինակ, հայ տղան սիրահարվում ռուս աղջկան»: «Կլոր-սեղանից» հետո 70-ամյա դերասանուհին, որ ծնունդով Գյումրիից է, բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»: «Ծնվել եմ Գյումրիում, գեներալի ընտանիքում, հետո մայրիկը տարավ Ռուսաստան, ապա Մերձբալթիկա, որտեղ էլ առաջին դասարան եմ գնացել: Հենց նրա խորհրդով էլ ժամանակին բախտս փորձել եմ «մեծ էկրանին»: 1943-ին եմ վերադարձել Գյումրի, բայց հիմա լավ հիշում եմ այն տունը, որտեղ ապրել եմ, լավ հիշում եմ օվչարկային, որը բոլորին կծում էր, իսկ ինձ՝ սիրում: Որովհետեւ կենդանիներն ինձ են սիրում, ես էլ՝ նրանց: Հավաքում եմ շներ ու կատուներ, ինչպես Նատաշա Ֆատեեւան, այս իմաստով մենք նման ենք: Երբ 13 տարեկան էի, մեր ընտանիքը եկավ Կատյա մորաքրոջ մոտ, որը պատգամավոր էր եւ պատիվ էր բերում Հայաստանին: Այդ ժամանակ զգացի Հայաստանի օդի յուրահատկությունը, ազգային բաղադրատոմսով պատրաստած կարկանդակների յուրահատկությունը… Իմ տաղանդի մեջ Հայաստանն իր մասնաբաժինն ունի, այս հող ու ջրին եմ պարտական»,- ասում է Սվետլիչնայան:

Մեր զրուցակցի՝ այս այցից ստացած տպավորություններն էլ այսպիսին էին. «Ցավ եմ ապրում բաժանումից, ե՛ւ իմ, ե՛ւ ձեր մեջ սիրելի մարդիկ կան, հեռացել ենք իրարից, ու կապը խզվել է… Հիմա, երբ արդեն որպես կայացած մարդ եմ գալիս Հայաստան, ուրիշ կերպ եմ արժեւորում ծննդավայրի կանչը: Ի դեպ, հայրս ուկրաինացի է, երբ Ուկրաինա եմ գնում, այնտեղ էլ բոլորն ասում են, մե՛ր Սվետլանան տուն է եկել: Գիտե՞ք՝ ինչ եմ ուզում, ուզում եմ, որ երբ Հայաստանում էլ ինձ տեսնեք կամ լսեք ռադիոյով, դուք էլ ասեք, սա մե՛ր Սվետլանան է»: Նա խոսեց նաեւ այսօրվա ռուսական կինոյում նկատվող միտումների մասին. «Հիմա էլ որոշակի «կոնտինգենտ» կա, ինչ-որ ֆիլմեր են նկարվում, բայց ես լինելով ավագ սերնդի ներկայացուցիչ, ռետրո ֆիլմերն եմ նախընտրում: Կուզեի, որ այնպիսի ֆիլմեր ավելի հաճախ ցուցադրվեին, ինչպիսին, օրինակ, «Միմինոն» է, երիտասարդները տեսնեին Մհեր Մկրտչյանի խաղը՝ ամենատխուր աչքերով ամենատաղանդավոր արտիստին»: Զրույցի վերջում Ս. Սվետլիչնայան կատակով հավելեց. «Շատ լավ է, որ առիթ ունեցա խոսելու, որովհետեւ ինձ ամեն տեղ ճնշում են: Ուշացումով, բայց հասկացել են, որ որոշ շիկահերներ նաեւ խելոք բաներ կարող են ասել»:

Հ. Գ. Անվանի կինոդերասանուհին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, սակայն նրան ճանաչում է բերել «Ադամանդե ձեռքում»՝ Աննա Սերգեեւնայի կերպարը: Ճակատագրական շիկահերի իմիջի համար նրան առաջարկեցին խաղալ «Աննա Կարենինա», «Պատերազմ եւ խաղաղություն», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերում: Այսօր էլ 70-ամյա Սվետլիչնայան նույնքան հմայիչ է ու կանացի, թոռնուհու՝ Մաշայի հետ շարունակում է հաճախել մարզասրահ, մոդայիկ բուտիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել