Արդեն 5-րդ տարին «Օրրանն» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օգոստոս ամսին իրականացնում է «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ եւ կարիքավոր երեխաների եւ տարեցների վերաբերյալ, ինչպես նաեւ գումարներ հայթայթել՝ նրանց օգնելու նպատակով։ Մեկամսյակի շրջանակներում այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը: Վերջինիս մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնության ձեռք մեկնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին, միայնակ եւ կարիքավոր տարեցներին, փողոցում հայտնված երեխաներին: Անցյալ տարիների բարեգործական ընթրիքների հասույթը տրամադրվել է ինչպես Երեւանի, այնպես էլ Վանաձորի «Օրրանին»: Մեծ նվիրատուների շարքում են բարերարներ Աննա եւ Գրիգոր Գրիգորյանները (Անգլիա), Հովիկ Քուրքջյանը (Սաուդյան Արաբիա), Վահագն Հովնանյանը (Հայաստան), Գարո Արմենը (Նյու Յորք, ԱՄՆ), «Օրրանի» կորպորատիվ բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի: Առ այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Օրրանին» տրամադրել է ավելի քան $200 000: Այս տարվա ընթրիքի բանախոսներն են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: «Մարդկային հոգու ջերմությունը հաղորդելը չգրված բարոյական նորմ է, որն օգնում է իմաստավորել կյանքը: Հոգատարության ծիլերից ձեւավորված արժեհամակարգը ոչ միայն չի մթագնում սառը բանականությունը, այլեւ վաղվա սերնդի ապագան կառուցելու հարցում օգնում է կայացնել կարեւոր որոշումներ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եղել եւ մնում է կորպորատիվ մտածողության մշակույթի տարածման կողմնակից»,- վստահ է պարոն Յիրիկյանը:
2000 թվականին հիմնադրված «Օրրանը» գործունեության 10 տարիների ընթացքում ավելի քան 5000 կարիքավորի ապահովել է ոչ միայն սննդով եւ հագուստով, այլեւ՝ կրթական, հոգեբանական, բժշկական, ատամնաբուժական ծառայություններով: «Օրրանը» փողոցում հայտնված բազմաթիվ երեխաների օգնել է նաեւ կյանքում իրենց տեղը գտնելու եւ հաջողությունների հասնելու հարցում։ Ամեն օր «Օրրանի» Երեւանի եւ Վանաձորի կենտրոններում տաք սնունդ եւ սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում շուրջ 150 երեխայի եւ 60 միայնակ տարեցների։ Զուգահեռաբար, «Օրրանի» բարեգործական ատամնաբուժարանն անվճար սպասարկում է 6-16 տարեկան կարիքավոր բոլոր երեխաներին։