Երեւանյան բեմերը «բոյկոտած» անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանը առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել է հայ-ավստրիական փառատոն-ակադեմիա:
Վերջին տարիներին հայ կատարողական արվեստի տարբեր սերունդների ճանաչված շատ դեմքեր լքեցին հայրենիքը, իրենց խոսքերով՝ օտար երկրներում փնտրելով ստեղծագործական բարեկեցություն: Որոշ նշանավոր կատարողներ էլ մնացին ու շարունակում են ստեղծագործել այստեղ: Նրանցից մեկն էլ հայրենիքում եւ արտերկրում ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանն է: Արվեստագետի հետ «Առավոտի» հանդիպման առիթը դաշնակահարի նախաձեռնությամբ սեպտեմբերին անցկացվող հայ-ավստրիական երաժշտության երկրորդ փառատոնն է եւ նրա կողմից երեւանյան համերգները «բոյկոտելը»: Ա. Բաբախանյանը 2003 թվականից համերգներ է ունենում միայն մարզերում:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ սեպտեմբերի 7-16-ը կանցկացվի ոչ թե զուտ փառատոն, այլ հայ-ավստրիական երաժշտական փառատոն-ակադեմիա, ինչը վաղուց ընդունված է արեւմուտքում: Հրավիրված են 7 ավստրիացի ճանաչված երաժիշտներ՝ երգչուհի Աննա Մարիա Ռամերը, դաշնակահար Գոթլիբ Վալիշը, ջութակահար, ալտահար Գեորգ Համանը, կլառնետահար Ռալֆ Մանոն, կոմպոզիտորներ Իվան Էրյոդը եւ մեր հայրենակից Ջոն Սարկիսյանը: Համերգները, որոնք կրում են բարեգործական բնույթ, տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաեւ Գյումրիի ու Վանաձորի դրամատիկական թատրոններում: «Առաջին անգամ երաժիշտները կանցկացնեն վարպետության դասեր, ինչի նպատակով էլ վաղօրոք Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի երաժշտական դպրոցների, ուսումնարանների եւ կոնսերվատորիայի սովորողները ներկայացրել են ձայնագրություններ: Դրանց հիման վրա ընտրվել է 7-8 երաժիշտ՝ ջութակ, դաշնամուր, կամերային անսամբլ, կլառնետ, կոմպոզիցիա եւ վոկալ մասնագիտությունների գծով: Փառատոնի եզրափակիչ օրը ավստրիացի երաժիշտների հետ անսամբլային կատարումներով կներկայանան նաեւ հայ պատանի ու երիտասարդ ստեղծագործողները»,- հայտնեց Ա. Բաբախանյանը: Դիտարկմանը՝ փաստորեն այս տարի, ի տարբերություն նախորդի, չեն մասնակցի հայ երաժիշտները, եւ չեն հնչի մեր կոմպոզիտորների երկերից, Ա. Բաբախանյանի պատասխանը կտրուկ էր. «Սարսափելի ոչինչ չեմ տեսնում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ավստրիական դասական երաժշտության դպրոցը լավագույնն է աշխարհում»: Հիշեցնելով, որ անցյալ տարի փառատոնին աջակցել էր միայն Վիեննայի քաղաքապետը, հետաքրքրվեցինք՝ այս տարի դարձյա՞լ Հայաստանից արձագանք չի եղել, մեր զրուցակիցը հայտնեց, որ 50-50 չափով փառատոն-ակադեմիային աջակցել է վիեննական կողմից՝ նահանգապետ դոկտոր Փյոխլինգերը, հայաստանյան կողմից՝ մշակույթի նախարարությունը:
Շուրջ տասը տարի երեւանյան բեմերում չենք հանդիպում դաշնակահարին, փոխարենը Արմեն Բաբախանյան դաշնակահարին տեսնում ենք փառատոնի կազմակերպչի դերում: Այս առիթով մեր զրուցակիցը հիշեց, որ վերջին մենահամերգը Երեւանում ունեցել է 2003թ.՝ Ֆիլհարմոնիկի հետ: Երեւանում բեմ չբարձրանալու իր որոշումը նա չմեկնաբանեց, նշելով. «Վերջին տարիներին՝ միայն այս տարվա հունիսին ելույթ ունեցա՝ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահի բացման առիթով: Ցավոք, Ռախմանինովի, Բեթհովենի, Պրոկոֆեւի ստեղծագործությունները ստիպված եմ հնչեցնել միայն ամերիկաներում, ճապոնիաներում… Այսպես է ստացվել…»: Հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրենի թափուր տեղի համար իր անվան շուրջ խոսակցություններին, Ա. Բաբախանյանը պատասխանեց. «Նման առաջարկ չեմ ստացել: Մյուս կողմից, Չայկովսկու անունը կրող դպրոցը հրաշալի ավանդույթներ ունեցող կրթօջախ է, որը, անշուշտ, կարիք ունի լավ ղեկավարի: Իհարկե, ես գիտեմ՝ ինչ պետք է անել կառավարման, ուսուցման մեթոդիկայի եւ այլնի գծով…»: