Իսպանիայում ցուլը հաջողացրել է անցնել արենան օղակած արգելափակոցներն ու մխրճվել հանդիսատեսների շարքերը՝ վնասվածք հասցնելով առնվազն 30 մարդու: Այդ մասին փոխանցում է «Ֆրանսպրեսը»: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի երեկոյան, Նավարրա գավառի փոքրիկ Տաֆալիա քաղաքում: Միջոցառման կազմակերպիչներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել միայն 15 րոպե անց. ցլին սատկացրել են, իսկ մինչ այդ տասնյակ հանդիսատեսներ կապտուկներ եւ լուրջ վնասվածքներ են ստացել: Ծանր է միայն ցլի հարվածից կողի ջարդվածքներ ստացած 10-ամյա մի տղայի վիճակը: Իսպանական ԶԼՄ-ները պարզաբանում են, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե աշխարհում հանրահայտ ցլամարտի, այլ կենդանու մասնակցությամբ ակրոբատիկ հնարքներ ցուցադրող ներկայացման ժամանակ: