Վենեսուելայի իշխանությունները մեկ ամսով արգելել են թերթերին բռնություն պատկերող լուսանկարներ հրապարակել: BBC-ի փոխանցմամբ, այդ որոշումն ընդունվել է El National ընդդիմադիր պարբերականի առաջին էջում հրապարակված մի լուսանկարի շուրջ առաջացած սկանդալից հետո:
Այս տարվա դեկտեմբերին հիշյալ պարբերականում հրապարակված լուսանկարում պատկերված էին մայրաքաղաքի դիահերձարանում իրար վրա ու նաեւ հատակին գցված ավելի քան 10 երիտասարդի դիեր՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Այդ լուսանկարը, պարբերականի խմբագրի ասելով, նպատակ ուներ մարդկանց մեջ շոկ առաջացնել, որպեսզի նրանք ինչ-որ կերպ արձագանքեին իրավիճակին, որովհետեւ կառավարությունը ոչինչ անել չի ուզում:
Ավելի ուշ այդ լուսանկարն արտատպել էր նաեւ համազգային Tal Cual թերթը: Հրապարակումներն արժանացել էին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի սուր քննադատությանը, որը դրանք «պոռնոգրաֆիկ լրագրություն» էր որակել: Երկրի իշխանությունները հետաքննություն էին սկսել՝ փորձելով պարզել, թե այդքան «անկեղծ հրապարակումը» որքանով է համապատասխանում երկրի օրենքներին:
Դեռ երեքշաբթի օրը Վենեսուելայի հատուկ դատարանը, որը պատասխանատու է երեխաների եւ պատանիների պաշտպանության համար, որոշել է, որ ԶԼՄ-ները պետք է ձեռնպահ մնան դաժան, արյունալի եւ գրոտեսկային լուսանկարներ հրապարակելուց, որոնք ինչ-որ կերպ կարող են անդրադառնալ երեխաների բարոյականության եւ հոգեբանության վրա: Դատարանի այդ որոշումից հետո երկրի իշխանությունները որոշել են. համազգային որեւէ թերթ մեկ ամսվա ընթացքում նման լուսանկարներ չպետք է հրապարակի: El National-ն, ի պատասխան այդ որոշման, հրապարակել է լուսանկարներ, որոնց վրա կարմիրով այսպիսի գրություն կա՝ «արգելված է գրաքննությամբ»: