Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարում են, որ վերջին մարտական բրիգադը լքել է Իրաքը: ԱՄՆ-ի հետեւակային երկրորդ դիվիզիայի «Սթայքեր» 4-րդ բրիգադը, որի կազմում 4 հազար զինծառայող կա, հատել է Քուվեյթի սահմանը: BBC-ի մատուցմամբ, այսպիսով հինգշաբթի օրն ավարտվել է ամերիկյան ուժերի ռազմական գործողությունների ակտիվ մասը: Յոթ տարի առաջ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք՝ տապալելով Սադամ Հուսեյնի ռեժիմը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս առնչությամբ շնորհավորել եւ իրենց ծառայության համար շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Նա նաեւ ասել է, թե ԱՄՆ-ն շարունակելու է գործընկերային հարաբերություններ կառուցել Իրաքի ժողովրդի հետ՝ մեծացնելով իր քաղաքացիական ներկայությունն ու դիվանագիտական ջանքերը: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին ռազմական միավորումների դուրսբերումն Իրաքից պատմական իրադարձություն է համարել, հավելելով, թե դա, սակայն, չի նշանակում, որ Իրաքում Միացյալ Նահանգների առաքելությունն ավարտված է. «Մենք ավարտում ենք պատերազմը, բայց մեր աշխատանքը չի ավարտվում»:
Իրաքում մինչեւ 2011թ. վերջը շարունակելու է մնալ շուրջ 50 հազար զինվորական, որոնք Իրաքի անվտանգության ծառայություններին մարզելու եւ խորհրդատվական աջակցություն են տրամադրելու: