Կալկաթայի մարդասիրական ճեմարանից հեռացված Անդրանիկ Գեւորգյանը պատմում է, թե ինչ է եղել իրականում
Բոլորովին վերջերս Կալկաթայի մարդասիրական ճեմարանն ալեկոծված էր: Բանը հասավ նրան, որ ուսանողները բողոքի ակցիաներով հանդես եկան՝ դասադուլ, հացադուլ: Նրանք հրաժարվում էին մասնակցել դասերին, անգամ նամակ հղեցին Վեհափառին՝ կրթօջախում տիրող ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ:
Մայր աթոռը մամուլում այս ամենի մասին հանդես եկավ պարզաբանմամբ, թե «26 շրջանավարտներ իրենց ազատությամբ խաթարում են ճեմարանի բնականոն ընթացքը», ճեմարանականներն էլ նեղվեցին՝ ինչպե՞ս կարող էին 26-ն էլ անկարգապահ լինել: Չնայած ճեմարանի կառավարիչ հայր Խորենը սաներին խոստացավ, որ հեռացված ուսանողները ետ չեն ուղարկվի Հայաստան, սակայն խոստմանը տեր չեղավ: Երեկ խմբագրություն այցելեց Կալկաթայի La Martiniere for Boys ուսումնարանի սան Անդրանիկ Գեւորգյանը, ով ապրում էր Կալկաթայի մարդասիրական ճեմարանում, այնտեղի երգչախմբի ղեկավարն էր ու վերակացուն: Անդրանիկը մեկն է այն տղաներից, ում հայր Խորենը հեռացրել է ընդամենը բանաստեղծության մի քանի տողը մոռանալու պատճառով: Տղան չի ընդունում հայր սուրբի՝ իրեն վերագրված եւ ոչ մի մեղադրանքը, ի դեպ, նա արտաքինից ամենեւին էլ խռովարարի ու «կրիմինալի» տեսք չունի: Անդրանիկին մեկ տարուց պակաս ժամանակ էր մնացել, որ ավարտեր ուսումը, սակայն հայր Խորենը, ում ձեռքին են եղել տղայի անձնագիրն ու մնացած փաստաթղթերը, կազմակերպել է նրա վերադարձը Հայաստան: Ա. Գեւորգյանը «Առավոտին» հայտնեց, որ իր հետ հույսեր կապած ծնողները տխրությամբ են ընդունել կրթությունը կիսատ թողնելու փաստը… «2011-ի մարտի 2-ին քննություններս սկսվում էին, իսկ ապրիլին արդեն ավարտելու էի…»: Անդրանիկի պատմելով, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ճեմարանի երկու սան գումար են վերցրել ճեմարանից՝ արձակուրդի գնալիս, սակայն այդպես էլ չեն վերադարձրել, քանի որ Հայաստանից հետ չեն եկել: Դրա համար հայր Խորենը նախատել է իրենց, այնուհետեւ դժգոհել է, թե ինչու որոշ երեխաների ձեռքին հեռախոս կա, ու ինքն ու մյուս վերակացուն՝ Արմեն Մարգարյանը տեղյակ չեն: Հուլիսի 23-ին էլ, երբ ճեմարան է եկել Մոնթե Մելքոնյանի եղբայր Մարգար Մելքոնյանը՝ գրքի տպագրության առիթով, հանդիսության ժամանակ Անդրանիկը չի հիշել իրեն անգիր հանձնարարված բանաստեղծության մի քանի տողը: «Այդ մի քանի տողը մոռանալու պատճառով հայր Խորենը վեր կացավ ու բոլորի առաջ վիրավորեց ինձ՝ ձրիակեր ես, թալանչի ես, գող ես: Ես չպատասխանեցի, հաջորդ օրն էլ իմացա, որ խաղից, լողից, հեռուստացույցից մեկ ամսով զրկված եմ»,- հիշում է նա ու հավելում, որ քանիցս փորձել է խոսել հայր Խորենի հետ, սակայն նա անընդհատ իրեն արհամարհել է ու սպառնացել, թե նախկին կառավարչի պես է վարվելու բոլորի հետ: «Մի անգամ էլ եկեղեցում քարոզի ժամանակ հայր Խորենը վեր կացավ, բոլորին ասաց՝ ձրիակեր եք, թալանչի եք, գող եք, երեխեքը էլ չէին իմանում՝ ի՞նչ անել, ուստի որոշեցինք խոսել հետը: 20-ից ավելի բարձր տարիքի երեխաներով գնացինք իր մոտ, բայց դուրս արեց»,- շարունակում է տղան: Մի օր էլ պարզվել է, որ ոստիկաններ են հրավիրվել եւ ինքը ընդամենը 20 րոպե ժամանակ ունի իրերը հավաքելու եւ ճեմարանից հեռանալու համար: Ճեմարանի ռեժիմից դժգոհ սաները փակել են ոստիկանների եւ անվտանգության աշխատակիցների ճանապարհը եւ թույլ չեն տվել Անդրանիկին դուրս բերել դպրոցի տարածքից, բայց տղան այլընտրանք չի ունեցել այդ պահին: «Առանց ինձ ասելու հայր սուրբը տոմսս գնել էր: Ասացի՝ չեմ գնա, մինչեւ պատճառը չիմանամ: Հետո դեսպանը զանգեց, թե պիտի գնաս՝ հակառակ դեպքում դեպորտ կանեն: Ուզում էի Չնայ գնալ, այնտեղ ռեգբիի մարզիչ կար, որը պատրաստ է հովանավորել կրթությունս, բայց, ինչպես տեսնում եք, այստեղ եմ…»,- նեղվում է տղան: Անդրանիկը պնդում է, որ նույն՝ մեղադրանքներով նամակը, ընդամենը անունները փոխած, հանձնվել է ե՛ւ իրեն, եւ տղաներից մեկին: Երկուսն էլ համաձայն չեն եղել դրա բովանդակության հետ: Հայաստան գալուց առաջ ինքը ստորագրել է, թե ստացել է այդ նամակը, բայց դրանից առաջ ջնջել է իր արժանապատվությունը վիրավորող տողերը: Անդրանիկը հույս ունի, որ դեռ հնարավորություն կունենա ընդհատված ուսումը շարունակելու: