Անցած տարվա հունվարի 14-ից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղի բնակիչ Արեւհատ Կարապետյանի բողոքին: Վերջին անգամ՝ այս տարվա մարտի 10-ին՝ «Մի քաղաքացու պատմություն» եւ հունիսի 17-ին՝ «Գայլը գառի պահապա՞ն» հրապարակումներով: Հիշեցնենք, որ տիկինը պնդում է, թե դարձել է Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանի եւ նրա ազգական, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի հալածանքների թիրախը. իրենից հող են խլում, փորձում են ոստիկանություն բերման ենթարկելու անվան տակ տնից դուրս հանել եւ սպանել: Ամեն ինչ անում են, որ 70-ամյա կնոջ կյանքը դառնա անտանելի: Արեւհատ Կարապետյանը ավելի քան 150 բողոք է հղել տարբեր ատյաններ. սկսած Արարատի մարզպետարանից, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ կառավարություն: Այս տարվա մարտի 10-ին հերթական անգամ անդրադառնալով այս խնդրին, ներկայացրել ենք Արեւհատ Կարապետյանի նոր բողոքը: Թեեւ ՀՀ կառավարությունում տեղյակ են հարցին ու փաստերը ուսումնասիրելու համար 2009-ի փետրվարին Հովտաշատ է այցելել ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, խոսել ե՛ւ բողոքավորի՝ Արեւհատ Կարապետյանի, ե՛ւ Մասիսի ոստիկանապետի հետ, սակայն վիճակը չի լավացել: Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանի թեթեւ ձեռամբ տիկին Արեւհատի հողից նոր կտորներ են զավթվել ու տրվել այլոց:
Օրեր առաջ տիկին Արեւհատից տեղեկացանք նոր արտառոց իրողության մասին: Գյուղի փոստատան աշխատակից Գոռը տիկին Արեւհատին 13 500 դրամ է տվել եւ խնդրել ստորագրել մի թղթի տակ, որի վրա, բացի Արեւհատ Կարապետյանի անուն-ազգանունից եւ գումարի չափից, այլ բան գրված չի եղել: Թե ինչու է ստորագրել դատարկ թղթի տակ, տիկին Արեւհատն ինքն էլ չի կարողանում բացատրել: Գոռը նրան արդեն ասել է, որ թուղթը ստորագրելուց հետո էլ չի կարող նպաստ ստանալ: Տիկին Արեւհատը ենթադրում է, որ իր դեմ դավ է նյութվում: Առավել եւս, որ Ալիկ Սարգսյանի ՀՀ ոստիկանապետ դառնալուց հետո Մասիսի ոստիկանապետ Գագիկ Բադալյանը Երեւանում նոր պաշտոն է ստացել:
Տիկին Արեւհատը ասաց նաեւ, որ կրկին փորձել է դիմել ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, սակայն վերջինս, ըստ տիկնոջ, ասել է. «Գնա, թե չէ ոստիկան կկանչեմ, խելոք մնա ու գնա»: