Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքուր զարգացման մեխանիզմ»

Օգոստոս 20,2010 00:00

Կենսագազ ստանալու ծրագիրը լուսակերտցիների համար եւ փրկություն էր գարշահոտությունից, եւ էլեկտրաէներգայի լրացուցիչ աղբյուր:

\"\"Կոտայքի մարզի երկու բնակավայրերի՝ Արգելի եւ Նոր Գեղիի մեջտեղում գտնվող Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայից տարիներ ի վեր գարշահոտություն էր տարածվում շուրջբոլոր: Դեռ հեռվից վարորդները բարձրացնում էին ավտոմեքենաների ապակիները, բնակիչները՝ փողոցներում քայլում քթները բռնած… Քիչ չէ այն ընտանիքների թիվը, ովքեր հենց գարշահոտությունից փախչելու համար փոխեցին իրենց բնակավայրը: Շուրջ քսանհինգ տարի Նոր Գեղիի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանը միշտ մտահոգ է եղել խնդրով: Սակայն գյուղի կենտրոնական կոյուղագծի, ավանդական բաց կայունացման ավազանների մեջ լցվող թռչնաղբի հոտը հնարավոր չէր լիովին պարտակել, քանի որ հեղուկ թափոնների մշակման համար չկային փակ համակարգեր:

\"\"Գիտնականների կարծիքով, վերջին 50 տարիներին դիտարկվող քայքայումը պայմանավորված է տնտեսական գործունեությամբ, ինչի արդյունքում մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ մեթան եւ այլ ջերմոցային գազեր: Այսքանից հետո դժվար չէր հասկանալ արգելցիների եւ նորգեղիցիների ոգեւորությունը, երբ 2008 թվականի մարտին ֆաբրիկայի տարածքում շահագործման հանձնվեց կենսագազի գործարանը: «Մաքուր զարգացման մեխանիզմի» շրջանակներում Ճապոնիայի Կիոտո քաղաքում դեռեւս 1997թ. ընդունած արձանագրությանը կողմ երկիր է նաեւ Հայաստանը: Ուստի, սկսած 2008 թվականից, ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնելու նպատակով մեր երկրում նույնպես ծրագրեր են իրականացվում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օգնությամբ Հայաստանում գնահատվել է ջերմոցային գազերի արտանետումների ներուժը խոշոր եւ միջին թռչնաֆաբրիկաներում, անասնապահական ֆերմաներում: Լուսակերտի կենսագազի գործարանը հանրապետության երկրորդ «Մաքուր զարգացման մեխանիզմ» նախագիծն է (առաջինը Նուբարաշենի աղբավայրում է): Այսօր արդեն գործարանում օրական մշակվում է երկու հարյուր տոննա թռչնաղբ, որից արտադրվում է 60-70% մեթանի պարունակությամբ կենսագազ: Այն այնուհետեւ վերածվում է էլեկտրաէներգիայի: Այսպիսով, տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է շուրջ 6 ԳՎՏ-ժամ:

Գործարանի տնօրեն Անժելա Մանուկյանը վստահեցնում է, որ 2011-ին գործարանը կաշխատի շահույթով: Միաժամանակ հույս է հայտնում, որ իրենց հետ կհամագործակցեն տարածաշրջանի ֆերմերները՝ վաճառելով կենդանական թափոնը: Փոխշահավետ համագործակցության արդյունքում ոչ միայն կարտադրվի էլեկտրաէներգիա, այլեւ հողն ու ջուրը աղտոտող տարրերը էապես կնվազեն, մաքուր կլինեն օդը, շրջակա միջավայրը: Բացի սրանից, կենդանական թափոնի լրացուցիչ վերամշակման շնորհիվ ստացվում է բարձրորակ օրգանական պարարտանյութ: Սակայն ամենակարեւորն այն է, որ Հայաստանում եւ Կովկասում նախադեպը չունեցող այս ծրագիրը կարող է իրականացվել նաեւ Կոտայքի մարզում գտնվող Արզնու, Գետամիջի, ինչպես նաեւ հանրապետության այլ թռչնաֆաբրիկաներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել