Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽԸ՝ ԿԻՍԱՎԵՐ

Օգոստոս 20,2010 00:00

Ինչպե՞ս են ծախսվել վերանորոգման գումարները

\"\"Խորհրդային տարիներին Նոյեմբերյան քաղաքում մշակութային միջոցառումներ անցկացնելու երկու օջախ կար: Կինոյի տունը սեփականաշնորհվեց, այժմ այնտեղ Հանրապետական կուսակցության տարածքային \"\"կազմակերպության գրասենյակն է, նաեւ վարկային մի կազմակերպություն, շենքի մի թեւում էլ շինարարություն է կատարվում: Քաղաքին մնաց միայն մեկ մշակութային օջախ՝ քաղաքային մշակույթի տունը: Շատ այլ շենքերի ու շինությունների նման՝ մշակույթի տունն էլ տուժեց 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից: 2003 թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվեց մշակույթի տան վերանորոգումը: Հատկացվել էր 35 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կատարեց Իջեւանի «ԻՇԿ» կազմակերպությունը (ղեկավար՝ Գիգուշ Հովակիմյան): 2004 թվականի սկզբին վերանորոգումն ավարտվեց: Շենքը ամրացվեց, դարձավ սեյսմակայուն: Սակայն դահլիճի, նախասրահի, բեմի նորոգումը շատ անորակ արվեց: Հենց դա էր պատճառը, որ նորոգված շենքի հանդիսավոր բացում այդպես էլ չեղավ, թեեւ այդ ժամանակներում անգամ գյուղի փոքր մանկապարտեզի նորոգման ավարտն էր հանդիսավոր նշվում: Նոյեմբերյանի մշակույթի տունը համայնքային նշանակության օբյեկտ է, որի նորոգման ավարտական ակտի տակ պիտի ստորագրեր նաեւ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Քաղաքապետը մեզ հավաստիացրեց, որ նորոգման վատ որակի պատճառով ինքը չի ստորագրել: Սակայն դա չի խանգարել, որ մշակութային օջախը գործարկվի: Վերանորոգման ժամանակ ամբողջությամբ շարքից դուրս են եկել դահլիճի բեմական հարդարման, վարագույրով կահավորման եւ լուսավորման համակարգերը: Շենքը շահագործման հանձնելուց հետո Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի դերասան Արկադի Անանյանը երեք ամիս աշխատեց բեմը կարգավորելու համար եւ այդ մեծածավալ աշխատանքի համար համեստ հնարավորություններ ունեցող մշակույթի տան տնօրինությունից ստացավ 30 հազար դրամ աշխատավարձ: Այլ խոսքով, վերանորոգման ավարտից հետո մշակույթի տան կոլեկտիվը սեփական միջոցներով բեմի նորոգում կատարեց: Մշակույթի տան նախասրահում՝ առաստաղին եւ պատուհանների մոտ, բազմաթիվ ճեղքեր կան, նախասրահի պատի ճեղքերից անձրեւը ներս է թափանցում: Ճեղքեր կան դահլիճի, հանդերձարանի, օթյակի, բեմի պատերին: Դահլիճից բեմ բարձրանալու համար նախատեսված ձախ եզրի աստիճանահարթակը մի կողմում ծռվել, թեքվել է, ակնհայտ է, որ դրա հիմքը դատարկ կամ կիսադատարկ է: Երեւի շինարարը «խնայողություն» է արել, շա՜տ տնտեսվար շինարար է եղել: Շենքի շրիշակները պատերից պոկված, բավական հեռացած են: Պատերին քսված գաջը փշրվում, թափվում է: Դահլիճի կենտրոնական եւ ձախ եզրի անցուղիներում խոր, երկար ձգվող ճեղքեր կան: Նոյեմբերյանցիները կատակում են. անցուղիները հոլիվուդյան սարսափ ֆիլմերից են՝ «հատակը կլանում է քայլողին»: Միամիտ այցելուն, ով առաջին անգամ է ոտք դնում մշակութային այս օջախ, չի կարող ենթադրել, թե ինչ տհաճ անակնկալ է սպասում իրեն: Նախկինում, մինչ վերանորոգումը հատակին հաստ, ամուր տախտակներ էին, հատակն ամուր էր: Վերանորոգումից հետո՝ «հոնքն ուղղելու փոխարեն աչքը հանեցին»: Հաստ ու ամուր տախտակի փոխարեն դահլիճի հատակին բարակ ու խոնավ փայտիկներ են տեղադրել, վրան՝ արհեստական կանաչ գորգ փռել: Հատակի տախտակները խոնավությունից փտել են:

Նոյեմբերյանի քաղաքային թատրոնի ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների եւ գրողների միությունների անդամ Սամվել Բեգլարյանը շենքի նորոգման որակի վերաբերյալ կտրուկ արտահայտվեց. «Ինչպիսի՞ մարդ պիտի լինի շինարարը, որ գա սահմանագոտի եւ գործն այսպես ձախողի: Թատրոնի բեմն ավերակ էին դարձրել, մինչդեռ թատերական բեմ ձեւավորելն առնվազն 2-3 հազար դոլար արժե: Երբ ձեռքով դիպչում ես պատերին, գաջը փլվում է: Նման անօրինակ շինարարությամբ մարդկանց մեջ հուսահատություն են առաջացնում, նպաստում, որ նրանք արտագաղթեն սահմանագոտուց: Ես միշտ խոնարհվում եմ մշակութային օջախ մտնելիս, սակայն Նոյեմբերյանի մշակույթի տուն մտնելիս իմ խոնարհումը ուրիշ պատճառ ունի. պարզապես ոտքս ընկնում է փտած տախտակների արանքը»:

Այս պայմաններում 40-ամյա Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնը պատրաստվում է հերթական թատերական պրեմիերային: Մեր ունեցած տեղեկություններով՝ մշակույթի տունը նորոգումից հետո՝ իսկապես նորոգելու համար շուրջ 4 միլիոն դրամ կպահանջվի: Համայնքի բյուջեի ֆոնդային մասում գումարներ կան: Սակայն սահմանամերձ քաղաքը բազում այլ հիմնահարցեր էլ ունի, քան նորից նորոգել պետբյուջեով 5-6 տարի առաջ նորոգված մշակույթի տունը:

Ցավով նկատենք, որ Նոյեմբերյանի մշակույթի տան նորոգումը «գլխառադ» անելը, պետական փողերը փոշիացնելը եզակի դեպք չէ Հայաստանում: Մշակութային այս օջախը նորոգելու անվան տակ ավերելու օրերին, շինարարների այլ խումբ նորոգելու անվան տակ ավերել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի դպրոցը: Այնտեղ էլ այժմ 22 միլիոն է պետք՝ դպրոցը տեսքի բերելու համար («Առավոտ», 08.06 2010՝ «Խոշոր չափի անտարբերություն»): Ցավալի է, որ այսօրինակ տխուր պատմություններից հետո ոչ ոք նախատինքի խոսք չի ասում, ոչ մի անուշադիր ու անտարբեր պաշտոնյա աթոռից չի զրկվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել