Ինքնասպանության հասցնելու արարքները
«Ինքնասպանության հասցնելը» հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողությունների մեջ թվարկված են սպառնալիքը, դաժան վերաբերմունքը, անձնական արժանապատվությունը պարբերաբար նսեմացնելը (Քրեական օրենսգրքի 110 հոդված):
1. Իր բովանդակությամբ սպառնալիքը կարող է տարաբնույթ լինել, եւ «ինքնասպանության հասցնելը» արարքը հանցագործություն որակելու համար նշանակություն չունի, թե հանցավորը ինչ է սպառնացել տուժողին՝ զրկել կյանքից, վնաս հասցնել առողջությանը, հրապարակել տվյալներ, ինչը տուժողը ցանկացել է գաղտնի պահել, աշխատանքից ազատել, հրկիզել բնակարանը, ոչնչացնել ունեցվածքը եւ այլն: Նշանակություն չունի նաեւ սպառնալիքի արտահայտման ձեւը՝ բանավոր է արվում, թե գրավոր, բացահայտ է, թե անստորագիր (օրինակ, Գյումրիում անչափահասի ինքնասպանությունը փոխկապակցված էր սպառնալիքի հետ):
2. Տուժողի նկատմամբ դաժան վերաբերմունքը կարող է իրականացվել գործողությամբ, ինչը առաջացրել է ինքնուրույն հանցակազմ, օրինակ՝ ծեծ, խոշտանգում, դիտավորյալ առողջությանը վնաս հասցնել եւ այլն: Ի դեպ, դաժան վերաբերմունք կարող է ճանաչվել նաեւ ազատությունից ապօրինի զրկելը, հոգեբուժական հիմնարկում անօրինական տեղավորելը, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելը, աշխատանքից, բնակարանից, սննդից զրկելը եւ տուժողի իրավունքների այլ խեղումները:
3. Անձնական (մարդկային) արժանապատվության նսեմացնելը կարող է արտահայտվել տուժողին պարբերաբար վիրավորելու, զրպարտելու, ծաղրուծանակելու, ֆիզիկական արատները կրկնօրինակելու ձեւով:
Քննարկվող հանցագործությունն ավարտված է համարվում ինքնասպանության (ինքն իրեն մահ պատճառել) կամ ինքնասպանության փորձի փաստը տեղի ունենալու պահից: Հետեւաբար, կյանքին վերջ տալու մտադրությունների մասին արտաբերումները կամ նախամահվան գրառումները ինքնըստինքյան դեռեւս հանցակազմ չեն առաջացնում:
«Ինքնասպանության հասցնելը» գործերով կարեւոր պայման է նաեւ հանցավորի գործողությունների եւ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի ձեւով առաջացած հետեւանքների միջեւ պատճառական կապի պարզաբանումը: Քննարկվող հանցագործությունն առկա է միայն այն դեպքում, երբ ինքնասպանությունը կամ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել հանցավոր սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ մարդկային արժանապատվության պարբերաբար նսեմացնելու պատճառով:
Երբ տուժողն ինքնասպան է եղել ի պատասխան
Իսկ երբ տուժողն ինքնասպանություն է գործել անձի իրավաչափ գործողություններին ի պատասխան, այս պարագայում հանցագործության կազմը բացակայում է (օրինակ, այս տարի շրջանավարտն ինքնասպան եղավ միասնական քննությունից ցածր գնահատվելու առիթով): «Ինքնասպանության հասցնելը» հանցագործությունը սուբյեկտիվ կողմից կարող է կատարվել մեղքի դիտավորության ամեն ձեւով, ընդսմին, ուղղակի դիտավորության դեպքում հանցավորը նախատեսում է տուժողի ինքնասպանության հնարավորությունը եւ ցանկանում այդ: Իսկ անուղղակի դիտավորության դեպքում գիտակցաբար թույլ է տալիս հետեւանքների առաջացումը:
Նկատենք, որ հոդվածի 1-ին մասում մեղքի խնդիրը անորոշ է: Պատժելի են միայն անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ տուժողին ինքնասպանության հասցնելու արարքները:
Թե ուղղակի դիտավորությամբ տուժողին ինքնասպանության հասցնելը ինչ հանցակազմ է առաջացնում, հոդվածում եւ Քրօրենսգրքում շեշտադրված չէ (աբսուրդ): Ըստ երեւույթին, հայրենի օրենսդիրը առաջնորդվել է գոյություն ունեցող այն կարծիքով, որ նման պարագայում արարքը դիտվում է դիտավորյալ սպանություն: Քրեական իրավունքի տեսությունը հիշյալ կարծիքը ժխտում է: Խնդիրն այն է, որ դիտավորյալ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հանցակազմերի օբյեկտիվ կողմը տարբեր է, այսինքն՝ ի տարբերություն սպանության, ինքնասպանության հասցնելու պարագայում հանցավորը տուժողի մահը առաջացնող ուղղորդող որեւէ գործողություն չի կատարում, տուժողն առաջնորդվելով իր գիտակցությամբ եւ կամքով, ինքն է ընդունում կյանքից զրկելու որոշումը եւ այդ գործողություններն անձամբ ուղղորդում կատարման (րՎ. ՍՏՎՎպվՑՈՐՌռ Ս ցչՏսՏՉվՏՎց ՍՏՊպՍրց ՀՂ, 2005չ., րՑ. 316):
Հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում հանցավորից նյութական կամ այլ կախման մեջ գտնվող անձի նկատմամբ առաջինի կողմից ինքնասպանության հասցնելու համար: Դրույթը նախկին 105 հոդվածի 1-ին մասի կրկնությունն է, ինչը, օրինակ, ՌԴ-ի համապատասխան հոդվածից (110) իրավացի հանվել է: Դրանով ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ըստ որում, հանցագործության սուբյեկտ կարող են լինել ոչ միայն այն անձը, որից տուժողը ծառայական, նյութական կամ այլ կախման մեջ է գտնվել, այլեւ յուրաքանչյուրը, որի 16 տարին լրացել է (պատիժը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում): Պրակտիկայում, եթե «ինքնասպանության հասցնելը» արարքը կատարել է պաշտոնատար անձը, հանցանքը որակվում է համակցությամբ՝ ինքնասպանության հասցնելը եւ պաշտոնական լիազորությունների անցում (Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս):
Մեղմ պատիժ
Մեր հոդվածի սանկցիան նախատեսում է առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Նկատելի մեղմ պատիժը պայմանավորված է ուղղակի դիտավորությամբ տուժողին ինքնասպանության հասցնելու բացթողման իրավական անգրագիտության հետ: Օրենսդիրը պատասխանատվություն է նախատեսել նաեւ հորդորելու, խաբեության եւ այլ միջոցներով տուժողին ինքնասպանության հասցնելու արարքի համար (Քրեական օրենսգրքի 111 հոդված, սանկցիան՝ 3 տարի ազատազրկում): Եթե դիմենք պարզ տրամաբանությանը, ապա հորդորելով կամ խաբեությամբ ինքն իրեն սպանելու վճռականություն հնարավոր է հարուցել միայն մանկահասակ, անգործունակ կամ անմեղսունակ ճանաչված անձանց մոտ: Այդ դեպքում հանցավորի արարքը որակվում է դիտավորյալ սպանություն (միջնորդավորված ձեւ): Հետեւաբար, Քրօրի 111 հոդվածը խոտան է: Նկատվեց, որ ինքնասպանության հասցնելու դրդապատճառները այլոց հանցավոր գործողություններն են, ինչն առանձին դեպքերում առաջացնում է նաեւ սպանության հանցակազմ: Մինչդեռ, հաճախ հանցավորը եւ այլք առաջացած հետեւանքի հանգամանքները նենգափոխում են, իբր ինքնասպանություն է (ինքն իրեն սպանելը) եւ պարտակում հանցագործությունը: Պրակտիկայում ֆիզիկական հարկադրանքի միջոցով ինքնասպանության հասցնելը, երբ տուժողը զրկված է եղել իր կամքը դրսեւորելու հնարավորությունից, նույնպես որակվում է սպանություն, իսկ երբ հանցավորի գործողությունն առաջացնում է ինքնուրույն հանցակազմ՝ ծեծ, առողջությանը վնաս հասցնել, բռնաբարություն եւ այլն, արարքը որակվում է համակցությամբ՝ ինքնասպանության հասցնելը եւ համապատասխան հոդվածը: Ոստիկանությունում եւ զինված ուժերում աղմկահարույց միջադեպերով Վահան Խալաֆյանը, Արտակ Նազարյանը ինքնասպանություն են գործել բռնարարքների եւ կտտանքների հարկադրմամբ, Կարո Այվազյանը ինքնասպան լինելուց առաջ գնդակահարել է 5 զինվորի, ըստ այդմ, ճշմարտությունը բացահայտելու համար անհրաժեշտ է բազմակողմանի ստուգել վերոնշյալ հանգամանքները:
Հավաստումներ կան, թե Կարոն ԱՄՆ-ում դատապարտվել է ծանր հանցագործություն կատարելու համար, զորակոչվել է հոգեխանգարված:
Թեեւ ինքնասպանության հասցնելը ծանր հանցագործություն չէ, սակայն երբ ոստիկանությունում եւ բանակում, հատուկ դպրոցներում քաղաքացուն կամ զինծառայողին հարկադրում են ինքնասպանության եւ պարտակում հանգամանքները, երեւույթը չափազանց վտանգավոր է դառնում, ինչը կարող է հանգեցնել դասալքության, զինծառայությունից խուսափման, հայրենալքման, ի վերջո՝ հանցագործության դեմ պայքարում հասարակության օժանդակության առկախման: