Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՔԱՐՈԶԵԼՈՒ

Օգոստոս 20,2010 00:00

Կառավարությունը երեկ հաստատեց «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը: ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նիստում ասաց, որ շրջակա միջավայրը սանիտարահիգիենիկ ու էկոլոգիական առումով անմխիթար վիճակում է. «Այս ծրագիրը նպատակաուղղված է առաջիկա 3 տարվա ընթացքում բարելավել վիճակը»: Պարոն Պապյանի խոսքերով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է պետական-մասնավոր հատվածի ներգրավվածությունն ու հասարակական կազմակերպությունների աջակցությունը: Ծրագիրը նախատեսել է 15 միջոցառում, որից 5-ը, ըստ փոխնախարարի, ուղղված է պատճառների ախտահանմանը. «Մասնավորապես նախատեսվում է օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտը կատարելագործել, ինչպես նաեւ քարոզարշավ իրականացնել՝ էկոդաստիարակչական ոլորտում, իսկ 10 միջոցառում էլ նախատեսել ենք մաքրման աշխատանքների համար, ինչպես նաեւ հետեւանքների վերացմանը»: Նա նաեւ տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսել են առաջիկայում «Մաքուր հայրենիք» հիմնադրամ ստեղծել, որը կապահովի համապատասխան ֆինանսների ներգրավումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց. «Երեւանից դուրս գալիս մայրուղու թե՛ աջ, թե՛ ձախ կողմերում անտանելի վիճակ է, պետք է քարոզենք անհանդուրժողականություն, որ այս երեւույթները տեղ չգտնեն»: Երեկ կառավարությունը հավանության արժանացրեց նաեւ «Աղբահանության եւ սանմաքրման մասին» օրենքի նախագիծը եւ դրան հարակից օրենսդրական 4 ակտերում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքերով, այս օրինագիծը կարեւոր ոլորտ է կարգավորում. «Այն վիճահարույց հարցը, թե վճարների հաշվարկման հիմքում ինչ տարբերակ պետք է դրվի, ընդունվել է այն մոտեցումը, որ բոլոր տարբերակները պետք է համարվեն իրավաչափ, բայց համայնքին կտրվի իրավունք, որ ելնելով կոնկրետ իրավիճակից, որոշի լավագույն տարբերակը: Բազմաբնակարան շենքերից գանձվող գումարի համար՝ մի մեթոդաբանություն է առաջարկված, առանձնատների համար՝ մի ուրիշ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել