Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառուի վրա ավելո՞րդ պարտք են գրել

Օգոստոս 20,2010 00:00

«Երեւան ջուր» ընկերությունից հավաստիացնում են, որ իրենց տեսուչները պարբերաբար այցելում են այս բնակարան եւ ստուգում են ջրաչափի տվյալները:

«Այսքան ժամանակ իմ տուն «Երեւանջուր» ընկերության որեւէ տեսուչ չի այցելել ու իմ ջրաչափի տվյալները չի գրանցել, սակայն ամեն անգամ որոշակի գումար ինձ վրա գրել են, ես էլ առանց որեւէ դժգոհության վճարել եմ, սակայն վերջերս ինձ վրա 30 հազար դրամի պարտք են գրել: Այդ ամիս ես իսկապես խնդիր ունեի՝ իմ տան ջրի խողովակներից մեկը վնասվել էր եւ այդ պատճառով մեծ քանակությամբ ջուր հոսել է, սակայն եթե ջրի տեսուչները ինձ չեն այցելել, ինչպե՞ս իմացան, որ ես 30 հազար դրամի ջուր եմ օգտագործել, կամ այդքան գումարի ջուր իմ վնասված խողովակից հոսել է»,- այսպես սկսեց իր պատմությունը Ամիրյան 12 շենքի 98 բնակարանի բնակիչ Աղավնի Մանասյանը: Նրա ներկայացմամբ. «Ես մի քիչ ուշ տեղեկացա, որ իմ տան ջրի խողովակի հետ կապված նման խնդիր ունեմ, սակայն համոզված եմ, որ այնտեղից 30 հազար դրամի ջուր չի հոսել: Ես թոշակառու եմ, մենակ եմ ապրում, ամսական ստանում եմ 21 հազար դրամ թոշակ, որը մի կերպ է հերիքում իմ առօրյա խնդիրները լուծելու համար, ինչպե՞ս տանեմ այդքան գումար վճարեմ, հետո ինչո՞վ ապրեմ»:

Այս առնչությամբ մենք «Երեւան ջուր» ընկերությունից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ իրենց ընկերության տեսուչները, առանց բնակչին այցելելու, իմանան, թե բնակիչն ինչքան ջուր է օգտագործել կամ առանց իմանալու մոտավոր որոշեն, թե տվյալ բնակիչն ինչքան ջուր է ամեն ամիս օգտագործում: «Երեւան ջուր» ընկերության լրատվության բաժնի հաղորդակցության գծով գլխավոր քարտուղար Մանե Մամյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում, օրինակ՝ այցելության ժամանակ բաժանորդի բացակայության դեպքում հնարավոր չէ գրանցել բնակիչ-բաժանորդների ջրաչափերի ցուցմունքները, ապա ընկերությունը կիրառում է ջրաչափի ցուցմունքը մի քանի ամիսը մեկ գրանցելու եղանակը: Յուրաքանչյուր ամիսն ամփոփելուց հետո ներդրված ծրագիրն ավտոմատ կերպով բոլոր միացումների համար հաշվարկում է հաջորդ ամսվա միջին ծախսը՝ հիմնվելով նախորդ 3 ամիսների ծախսի միջին ամսական ցուցանիշի վրա: Հաշվարկը կատարվում է միայն այն դեպքում, երբ 3 ամիսներից գոնե մեկ ամսվա ցուցմունքը փաստացի գրանցված է մեր աշխատակցի կողմից: Ընթացիկ ամսվա փաստացի ցուցմունքի մուտքագրման ժամանակ տվյալ միացման համար հաշվարկված միջին ծախսի ցուցանիշը նույնպես ավտոմատ կերպով հեռացվում է: Եթե փաստացի գրանցված ցուցմունքն ավելի փոքր է լինում, քան նախորդ ամսում ծրագրով հաշվարկված միջին ծախսի ցուցանիշը, ավտոմատ կերպով կատարվում է վերահաշվարկ»:

Անդրադառնալով նրան, որ այս կինն ի վիճակի չէ 30 հազար դրամ վճարել «Երեւան ջրին», Մ. Մամյանը պատասխանեց. «Բաժանորդը հնարավորություն ունի կնքել պարտքի մարման ժամանակացույց՝ դիմելով համապատասխան տարածքային ծառայություն կամ բաժանորդների սպասարկման բաժին: Նշեմ նաեւ, որ Ամիրյան 12 շենքի 98 բնակարանում տեղադրված ջրաչափի ցուցմունքը պարբերաբար ֆիքսվել է «Թիվ 3» տարածքային ծառայության աշխատակիցների կողմից եւ մուտքագրվել է ջրածախս՝ համաձայն ջրաչափի ցուցմունքի: Օրինակ, մարտի 30-ին ֆիքսվել է 176 խմ ջրածախս, ինչի մասին տեղեկացվել է բնակիչը: Ապրիլից ի վեր այս բնակիչը տարբեր պատճառաբանություններով խոչընդոտում է աշխատակիցների մուտքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել