Թե ինչու չեն գիտակցում, որ «ղումար» խաղալը շատ վատ բան է
Մոտ մեկ ամիս առաջ Ստեփանավան քաղաքում մի ողբերգություն տեղի ունեցավ. իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան եղավ 16-ամյա Գեւորգ Վարդանյանը: Անչափահաս տղան չէր կարողացել «փակվել» մեկ այլ անչափահաս տղայի՝ ստեփանավանցի Վլադիմիր Սուքիասյանին թղթախաղով պարտված 3 հազար դրամը: Վ. Սուքիասյանն այնքան էր տղայի վրա ճնշում գործադրել, սպառնացել ու անձնական արժանապատվությունը նվաստացրել՝ պահանջելով «մուծվել» այդ գումարը, որ Գեւորգը չէր դիմացել ու ինքնասպան էր եղել: Ավելի ուշ քննչական մարմինը հայտնաբերել էր մի տետր, որտեղ հատ-հատ գրված են եղել անուններ եւ դրանց դիմաց՝ թվեր: Պարզվել էր, որ այդ տետրը բլոտ խաղացողների «աշխատանքային» հաշվեմատյանն է, որտեղ «ղումար» խաղացող անչափահասները արձանագրել են, թե ով ում ինչքան գումար է կրվել:
Միջադեպի հետագա օրերին ողջ Ստեփանավանը քննարկում եւ փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ողբերգությունը: Տղային ճանաչողների ներկայացմամբ, «Գեւորիկը խելոք, համեստ, ծնողներին լսող եւ դպրոցում լավ սովորող երեխա էր», հետեւաբար նա չէր կարող ներքաշվել «ղումարբազների շայկայի» մեջ:
Սակայն, վերլուծելով կատարվածը, մի պարզ հարց է առաջանում՝ արդյոք 16-ամյա Գեւորգը գիտակցե՞լ է, որ իրականում «ղումարբազությունը» շատ վատ բան է։ Նա ծնված օրվանից աչք է բացել ու տեսել, որ եթե գնի լոտոյի տոմս, ապա 50 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներից առնվազն մեկն իրենը կլինի, որ Շամշադինի այսինչ գյուղի Անթառամ տատը թոշակից տնտեսած գումարով վիճակախաղի տոմս է առել ու «Կիա» շահել, որ իր հարեւան Պողոսը Ռոնալդինիոյի խաղի վրա խաղադրույք է կատարել ու «Վիվարոյին» 6 հազար դրամ «կրել»: Գեւորգը այդ նույն դպրոցի ճանապարհով կամ Երեւանի որեւէ փողոցով անցնելիս ամենաքիչը 10-15 «Վիվարոյի», «Տոտոյի», «Եվրոֆուտբոլի» կամ այլ բուքմեյքերական գրասենյակների է հանդիպել: Հեռուստատեսությամբ օրական ամենաքիչը 10-20 անգամ այս կամ այն խաղատան ծառայություններից օգտվելու եւ արագ հարստանալու ճանապարհը ցույց տվող գովազդներ է տեսել ու հասկացել, որ «ղումարբազությունն» այնքան էլ վատ բան չէ, որ Հայաստանում «ղումար» են խաղում բոլորը՝ անկախ տարիքից ու սեռից, անկախ սոցիալական կարգավիճակից ու գրպանի պարունակությունից: Հատկապես ֆուտբոլի առաջնության օրերին մեր երկրում «ղումարբազությունը» բարձրացվում է պետական մակարդակի. Հանրային հեռուստաընկերությունից սկսած՝ քարոզում են խաղադրույքներ կատարել: Ֆուտբոլային խաղերի հեռուստառեպորտաժները վարող մեկնաբանները՝ խաղերից շատ բուքմեյքերական գրասենյակների գովքն են անում: Նման պարագայում նույնիսկ չափահաս, ամենասովորական ֆուտբոլասերը, չդիմանալով գայթակղությանը, կընկնի ազարտի մեջ եւ աստիճանաբար կվերածվի ամենաիսկական խաղամոլի:
Եվ մինչ մեր երկրում խաղամոլությունը պետական հովանավորություն է վայելում եւ օրը մի թփի տակ «Վիվարո» կամ «Տոտո» է բացվում, քաղաքակիրթ երկրներում աշխատում են ազատվել նման գրասենյակներից: Այդ երկրի իշխանություններն էլ խաղամոլությունը համարում են շատ լուրջ հիվանդություն եւ նման մարդկանց համար հատուկ կենտրոններ են բացում, որպեսզի նրանք կարողանան բուժվել այդ հիվանդությունից։
Մեր երկրում ծաղկող բուքմեյքերական գրասենյակների այս բիզնեսը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկ-երկուսին: Դրանք աշխատում են հաստատագրված հարկատեսակով: Այս բիզնեսի գաղտնիքներին քաջատեղյակ մարդիկ, որոնք աշխատում են «Տոտյի» եւ «Վիվարոյի» հայաստանյան մասնաճյուղերից մի քանիսում, մեզ հետ զրույցում վստահեցրին, որ հատկապես մեր երկրում վերահսկող մարմինները լուրջ անելիքներ ունեն այդ ակումբներում: Նշենք, որ այս գրասենյակների գործունեության լիցենզիան տրամադրում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, վերահսկող մարմիններից մեկն էլ հենց այս գերատեսչությունն է: Թե այս եւ այլ վիճակախաղի, շահումով խաղի գրասենյակներում եւ ընդհանրապես խաղատներում ինչ ստուգումներ են իրականացվել եւ օրենքի ինչ խախտումներ են հայտնաբերվել, կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկում: Այսօր անդրադառնանք, թե այս պահի դրությամբ ՀՀ տարածքում քանի «Վիվարո», «Տոտո» կամ այլ բուքմեյքերական գրասենյակներ են գործում, ներառյալ սրճարաններում բացվածները: Ծանոթանալով ֆիննախի՝ «Առավոտին» տրամադրած միայն մի փոքրիկ տեղեկատվությանը, պարզ է դառնում, թե այդ «Վիվարոները», «Տոտոները» եւ այլ նմանատիպ գրասենյակներն ինչպիսի եկամտաբեր եւ, ինչու չէ, նաեւ արտոնյալ պայմաններում գործող բիզնեսներ են: Այսպես. այս տարվա ընդամենը 7 ամիսների ընթացքում դրանց թիվը ՀՀ տարածքում 134-ով ավելացել է: 2010-ի հունվարի 1-ի դրությամբ եղել է 324 կետ, իսկ օգոստոսի 17-ի դրությամբ դրանց թիվը դարձել է 458:
Ճիշտ է, գրասենյակների թվի աճի նման տեմպերը նաեւ պայմանավորված են վերջերս կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունով, սակայն հաշվի առնելով, որ աշխարհի խաղերն արդեն մեկ ամսից ավելի է՝ ավարտվել են, իսկ գրասենյակների թիվը չի պակասել, ապա վստահ կարելի է ասել, որ «ղումարբազությունը» մեր երկրում ոչ միայն խոչընդոտների չի հանդիպում, այլեւ դեռ մի բան էլ խրախուսվում է: