Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավասարակշռությունը խախտելու բացահայտ քայլ

Օգոստոս 20,2010 00:00

\"\"Այդպես է գնահատում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրի վերանայումը

Երեկ «Հայելի» ակումբում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը պետք է բանավիճեր Մենուա Հարությունյանի հետ, սակայն վերջինս քննարկմանը չներկայացավ՝ քաղաքից բացակայելու պատճառով: Չկայացած բանավեճը դարձավ ՌԴ նախագահի այցի, ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման, այդ մասին ՀԱԿ-ի վերաբերմունքի վերաբերյալ ասուլիս:

Ըստ հրապարակախոսի, ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրի կնքումը հավասարազոր է անկախության կորստի. «Պայմանագրի կնքումը եւ հատկապես Ռուսաստանին պաշտոնապես Հայաստանի անվտանգության երաշխավոր ճանաչելու թեզը շատ վտանգավոր է: Եթե Ռուսաստանն ըստ պայմանագրի դառնում է անվտանգության երաշխավոր, ուրեմն այլեւս ինքն է որոշում, թե ո՞րն է քո անվտանգությունը… Անվտանգության թիվ մեկ սպառնալիքը դառնում են հենց ռուսական ռազմակայանները՝ պայմանագիրը կնքելուց եւ երկարացվելուց հետո: Տարածաշրջանում հավասարակշռությունը խախտելու բացահայտ քայլ է կատարվում, եւ հնարավոր է՝ հետագա զարգացումը լինի ԼՂՀ-ի հակամարտության գոտի ռուսական զորք մտցնելը, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրի արագ կարգավորումը՝ ըստ ռուսական սցենարի, ինչը Հայաստանին ձեռնտու չէ: Սա ռուսների գերնպատակն է, ինչի մասին մենք պետք է լուրջ մտածենք»։

Անդրադառնալով ռազմաբազաների տեղակայման ժամկետների 49 տարով երկարաձգման պայմանագրի նկատմամբ ՀԱԿ-ի դիրքորոշմանը՝ բանախոսը նախ նշեց, որ ՀԱԿ-ի փոխարեն չի կարող պատասխան տալ, եւ ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշման մասին լավ կլինի հարցնել հենց ՀԱԿ-ի մարդկանցից, հետո էլ հավելեց. «ՀԱԿ-ը ուրույն դերակատարություն ունի քաղաքական դաշտում՝ կատարելով այլընտրանքային բեւեռի ֆունկցիա եւ ապահովելով որոշ առումով մեր երկրի անկախության չափը: Այս առումով իր չափի մեջ գուցե ժամկետների երկարաձգումը իր դերը կատարի ՀԱԿ-ի վարած քաղաքականության մեջ: Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է եւ իշխանական լծակներ չունի, նրա դիրքորոշումը կլինի համեստ եւ գուցե բավականին պատվախնդիր»:

Հ. Տեր-Աբրահամյանը նշում է, որ ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգումը ՀԱԿ-ի համար քաղաքական նպատակ չի կարող լինել, որովհետեւ ռազմաբազաները ոչ ոք դուրս չի բերի. «ՀԱԿ-ի տիպի բավականին մեծ քաղաքական ուժը պայմանագրի կնքման հարցում կտրուկ որոշումներ չի կայացնի եւ կտրուկ հարցեր չի բարձրացնի: Պարզ է, որ ռուսական գործոնի առջեւ ոչ ոք էլ չի կարող կանգ առնել»:

Անդրադառնալով ՀՀՇ 16-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, թե առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը, հրապարակախոսը ասաց. «Եթե մարդ բավականաչափ գիտակցություն ունի եւ հանրահավաքի գնում է ոչ միայն ուղղակի ինչ-որ բան գոռալու համար, այլեւ լսում է՝ իրեն ինչ են ասում կամ թեկուզ մյուս օրն առավոտյան թերթում կարդում է, բնականաբար, ինքը տեսնում է՝ այս մարդն ինչ է ասում, կշռում է ու իր համար որոշում ՝ միանո՞ւմ է այդ շարժմանը, թե՝ ոչ»։ Հ. Տեր-Աբրահամյանի խոսքերով՝ Լ. Տեր-Պետրոսյանը գրեթե նույն խոսքերն ասել է նաեւ 2007թ. սեպտեմբերի 21-ի եւ հատկապես հոկտեմբերի 26-ի ելույթներում, ինքն էլ հստակ լսել է դրանք ու, այդուհանդերձ, կանգնել Լ. Տեր-Պետրոսյանի կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել