Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար գործող կայանատեղիներ են նախատեսել

Օգոստոս 20,2010 00:00

Գործադիրը երեկ հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նիստում մանրամասնեց՝ փոփոխություններ են նախատեսվում վարչական իրավախախտումների վերաբերյալ, հաստատագրված վճարների, տեղական տուրքերի եւ վճարների, հարկերի մասին ՀՀ օրենքներում: «Սա էական նշանակություն կունենա ոլորտի բարեփոխումների հարցում, ինչպես նաեւ կնպաստի ստվերի վերացմանը, եւ քաղաքացիների շահերն ավելի պաշտպանված կլինեն»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ այս օրենքով մի շարք արտոնություններ են նախատեսել՝ անվճար կայանատեղիներ տրամադրելու առումով. «Մասնավորապես նախատեսել ենք, որ անվճար կլինի արտակարգ իրավիճակների եւ «շտապօգնության» ծառայողական մեքենաների համար»: Պարոն Դանիելյանը նաեւ ասաց, որ օրենքով սահմանված են վճարների առավելագույն չափերը, ինչը ենթադրում է, որ համայնքի ավագանին չի կարող նախատեսվածից ավելի գումար սահմանել:

Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ եւս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որի կարգավորման առարկան հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի. «Ներկայումս շահութահարկի հարկման օբյեկտում չեն ներառվում հարկային արտոնությունների գումարները, իսկ պարտադիր սոցիալական ապահովության գումարները ներառվում են եւ փաստորեն հանդիսանում են շահութահարկի համար հարկման օբյեկտ: Այս տարբերությունը վերացնելու համար առաջարկում ենք պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւս չներառել հարկման բազայի մեջ»:

Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ գործադիրը սահմանել է, որ հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները հրապարակվեն միայն հարկային մարմնի ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով՝ ձեռնպահ մնալով մամուլում հրապարակելուց: Նկատի է առնվել վերջին տարիներին ինտերնետային հասանելիության մակարդակի էական բարձրացումը, ինչպես նաեւ, որ այդ ճանապարհով տարեկան կտնտեսվի 8-10 միլիոն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)՝ մաքսային ծառայությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման եւ մաքսային ձեւակերպման գործընթացում էլեկտրոնային վճարման մոդուլի ներդրման հետ կապված համակարգչային սարքավորումների եւ ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով, հատկացրել է ավելի քան 4 միլիոն դրամ: Մոտ այդքան գումար էլ հատկացրել է հարկային ստորաբաժանումներում, մաքսակետերում եւ մաքսատներում տերմինալների տեղադրման, ծրագրային ապահովման եւ սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել