2010թ. աշնանը Հայաստանը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հայտամրցույթ կհայտարարի: Այդ մասին «Արմինֆոյի» թղթակցին հաղորդել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով, ներկայումս նախապատրաստվում են հայտամրցույթի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Նախարարը նշել է, որ, Ռուսաստանից բացի, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլ պետություններ: «2-3 ամսից մենք հայտամրցույթ կհայտարարենք: Նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Մասնակցության հայտեր սպասում ենք հայտամրցույթ հայտարարելուց հետո»,- ասել է նախարարը: Ա. Մովսիսյանը նշել է, որ օգոստոսի 20-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի շրջանակներում նախատեսվում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ համաձայնագիր ստորագրել՝ Հայաստանում 1060 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ: Համաձայնագիրը ենթադրում է ռուսական կողմի ֆինանսական եւ տեխնիկական մասնակցությունը նախագծին, ասել է Ա. Մովսիսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն արդեն ընտրել է ռուսական ռեակտորի տեսակը, որը տեղադրվելու է ՀԱԷԿ-ի նոր ատոմային էներգաբլոկում: Ռեակտորի արժեքը կհրապարակվի նախագիծը կազմելուց հետո, ասել է նախարարը:
Միաժամանակ Ա. Մովսիսյանը չի բացառել ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետների՝ մինչեւ 2019-2020թթ. երկարացումը: Այն նախատեսվում է փակել նոր միջուկային էներգաբլոկի շահագործումից հետո:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել է tert.am-ը, Սերգեյ Կիրիենկոյի օգնական Սերգեյ Նովիկովը ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է, որ, ըստ համաձայնագրի, «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես հայ-ռուսական Մեծամոր ԼվՑպՐ ՀԸԿ-ի բաժնետեր, որն էլ կիրականացնի Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի նոր՝ 2-րդ բլոկի շինարարությունը։ Նովիկովը նաեւ ասել է, որ ընկերությունը պարտավորվում է իրականացնել նոր էներգաբլոկի շինարարությունը եւ շահագործման հանձնել այն ժամանակ, երբ կդադարեցվի Մեծամորի ԱԷԿ-ի ներկայում գործող երկու էներգաբլոկներից մեկը։