Մսի ներկրումը վտանգավոր է, քանի դեռ տգետ կադրեր կան
Կառավարությունը երեկ հաստատեց Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստան գոմեշի մսի ներմուծման մասին նախագիծը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կառավարության երեկվա նիստում ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ մասնագետներից կազմված աշխատանքային խումբը 3 այցելություն է ունեցել Հնդկաստան, տեղում կատարել անհրաժեշտ ուսումնասիրություն եւ գտել խնդրի լուծման եղանակները: «Լուծումները ստանդարտ են, եւ նմանատիպ ռեժիմներով Հնդկաստանից միս են արտահանում աշխարհի մի շարք պետություններ: Սահմանված չափանիշներն են՝ մսի արտադրության ոլորտում ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձը, արտադրամասում միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոցի առկայությունը»,- ասաց պարոն Սարգսյանը՝ նշելով, որ այս ստանդարտներով են Հնդկաստանից գոմեշի միս ներկրում մեր հարեւանները՝ Վրաստանն ու Ադրբեջանը: Նա նաեւ հավելեց, որ միսը կներկրեն այն ձեռնարկություններից, որոնք կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան ISO կամ HACCP արտոնագրեր: Միեւնույն ժամանակ, ըստ պարոն Սարգսյանի, Հնդկաստանում սահմանվելու է, որ Հայաստանում կլինի սննդի անվտանգության գծով համապատասխան ներկայացուցիչ, որը յուրաքանչյուր խմբաքանակի պատվերի դեպքում կմեկնի Հնդկաստանի տվյալ ձեռնարկություն եւ կմասնակցի կենդանու սպանդից սկսած՝ մինչեւ փաթեթավորման աշխատանքներին, տեղում անցկացվող լաբորատոր փորձաքնությանը:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Ցավոք, Հնդկաստանն այն երկիրը չէ, որ էն ստանդարտներն ունենա, որ այսօր պահանջում է միջազգային եվրոհամայնքը, բնականաբար չունի էլ, եւ ինչ-որ առումով սա ռիսկային որոշում է: Չնայած մսի ներկրումը մեզ խիստ անհրաժեշտ է, քանի որ չունենք անասունների էն գլխաքանակը, որը մեզ մսով ու կաթով ապահովի»: Պարոն Բերբերյանը մտավախություն ունի մսի ներկրման վերահսկողության առումով. «Վստահ չեմ, որ կառավարության հաստատած չափանիշներով ամեն ինչ կընթանա: Այն, որ պատվիրված գոմեշի միսը Հայաստան ներկրելու համար կմեկնեն Հնդկաստան՝ կմասնակցեն կենդանու սպանդից մինչեւ փաթեթավորման աշխատանքներին, մի քիչ զարմացնում է: Հակահիգիենիկ ու առողջության համար վտանգավոր մսից երաշխավորված չենք լինի, քանի դեռ ունենք ոլորտում տգետ կադրեր, որոնք իրենց գործն անում են այնքան, ինչքան կարճ խելքները հասնում է: Մեր երկիր ներկրվող գոմեշի մսի անվտանգությունը վերահսկողին վերահսկող էլ է պետք, թե չէ գայթակղիչ իշխանություն ենք տալիս, որը կարող է նեգատիվ անդրադառնալ ազատ շուկայական հարաբերությունների վրա»: Պարոն Բերբերյանին մտահոգում է նաեւ այն, որ Հնդկաստանից միս ներկրելու «պատիվն» էլ մեկ-երկուսին կվերապահեն. «Մեր երկրում ամեն ինչ մոնոպոլիզացնում են, վախենում եմ գոմեշի մսի ներկրումն էլ մոնոպոլիա դարձնեն»:
Սպառողների իրավունքների պաշտպան Աբգար Եղոյանն էլ մեզ հետ զրույցում նախ զարմացավ, որ կառավարությունը նման որոշում է կայացրել՝ առանց համապատասխան հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցելու ու քննարկելու, ապա ասաց. «Ուղղակի ծիծաղելի է, միսը ներկրել 10 տարվա փորձ ունեցող ձեռնարկությունից, կարող է 5 տարվա կազմակերպությունն ավելի լավ տեխնիկա ու սպանդանոցներ ներդրած լինի ու ավելի լավ մսամթերք ներկայացնի, մինչդեռ 10 տարվա փորձով կազմակերպության տեխնիկան հնարավոր է արդիական էլ չլինի»: Պարոն Եղոյանին զարմացնում է նաեւ կառավարության այն որոշումը, որ մսի ներկրման գործընթացը վերահսկելու է անվտանգության գծով համապատասխան ներկայացուցիչը. «Ինչի՞ համար է պետք առանձին ներկայացուցիչ, եթե կան սննդի անվտանգության, անասնաբուժության պետական տեսչություն եւ սերտիֆիկացման հատուկ մարմիններ: Անվտանգ միս մեր երկիր բերելու համար սերտիֆիկատն է կարեւոր: Եվ վերջապես, որ ներկրվող միսն իսկապես անվտանգ լինի, պետք է հասնենք նրան, որ այն իսկապես սերտիֆիկացված լինի, սերտիֆիկատները ստուգվեն, լաբորատոր փորձաքննություններն իրականում արվեն, այլ ոչ թե գնվեն»: