Վստահ է ԵԿՄ եւ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը
– Հոկտեմբերից կտրվեն կապուղիների համար մրցույթին մասնակցել կամեցողների հայտերը, արդյո՞ք որեւէ բան կփոխվի մինչ այդ, թե ամեն ինչ ծրագրել եք անցկացնել նախատեսված ժամկետներում:
– Ժամանակացույցը հստակ հայտարարված է, թերթերում հայտարարությունները տվել ենք, ակտիվ գործընթացը, կարծում եմ, կսկսվի հոկտեմբերի 10-ից, քանի որ հանձնաժողովը փաստաթղթերը կընդունի հոկտեմբերի 10-20-ը, առաջին մրցույթի ժամկետը հոկտեմբերի 18-ն է: Ինչպես տեղյակ եք, հայտարարել ենք նաեւ մարզային մրցույթներ, որոնք եւս ժամանակացույցով շատ մոտ են, եւ հոկտեմբերի 17-28-ն էլ կընդունվեն լրացուցիչ մարզային հայտերը: Մինչ այդ առանձնապես ակտիվություն, անկեղծ ասած, չենք սպասում: Հավանական փոփոխությունների հետ կապված ասեմ, որ տրամաբանական չի էլ լինի խաղից առաջ փոխել խաղի կանոնները, հուսով եմ, կոնկրետ մրցույթին վերաբերող օրենսդրական փոփոխություններ մրցույթից առաջ չեն լինի: Ըստ իս, հանձնաժողովը մրցույթների շատ ճիշտ եւ շատ գրագետ կարգ է սահմանել, բացառել ենք անհասկացություն կամ երկիմաստ նախադասություն: Ցանկացած դիմորդ, եթե անգամ լավ չի տիրապետում ոլորտին եւ չունի իրավաբանական լուրջ ընկերությունների հզոր աջակցություն, կարող է նույնիսկ միջինից ցածր մասնագետների օգնությամբ գրագետ եւ պատշաճ ներկայանալ մրցույթին:
– Մեր թերթի հետ զրուցում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասել էր, թե մրցույթների անցկացման պատասխանատուն ինքն է, այնուամենայնիվ, հանձնաժողովի վրա բավականին սեւ բծեր կան, եւ որոշակի մեղադրանքներ են հնչում հանձնաժողովի հասցեին, պատվերներ կատարելու մեջ եք մեղադրվում եւ այլն: Առաջիկայում պարզ է, որ 4 հեռուստաընկերություն զրկվելու է կապուղիներից, այսինքն՝ հերթական անգամ դուք լինելու եք թիրախ, արդեն ունե՞ք որոշակի պատվեր, թե ո՞րին եք կապուղի տալու եւ որին՝ մերժելու:
– Իհարկե, հանձնաժողովի նախագահը ճիշտ է ասել, որ պատասխանատվության բեռը շատ մեծ է, բայց հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, մենք բոլորս պետք է պատասխանատվություն կրենք եւ միասին կիսենք ե՛ւ ծափահարությունները, ե՛ւ քննադատությունը: Սա իմ անձնական մոտեցումն է: Ինչ վերաբերում է պատվերներին, անկեղծ ասած, ես կոնկրետ պատվեր չեմ ստացել, չգիտեմ՝ պատվեր չկա՞, թե ընդհանրապես չի լինում: Վստահ եմ, այն դաշտը, որ ստեղծել է Ազգային ժողովը, տրամադրելով այս փոփոխված օրենքը, ինչ-որ հույս ներշնչում է հանձնաժողովին եւ դիմողներին՝ այն մասին, որ շատ նորմալ մրցույթ է անցկացվելու: Այլ հարց է, որ, ցանկացած մրցույթի դեպքում, լինի շինարարության մրցույթ, թե կապուղիների, միշտ էլ, եթե մեկ տեղ է եւ երկու դիմորդ կա, բնականաբար, կողմերից մեկը դժգոհում է: Թե որքան է դա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, սա արդեն երկրորդ հարցն է: Նախկին մրցույթների մասին չէի ցանկանա խոսել, անցածն-անցած է, ամեն դեպքում, մի բան պետք է նշեմ. ոչ մի մարմին չի կարող ապացուցել, որ հանձնաժողովը կաշառվել է կամ գործել է օրենքից դուրս:
– Մի մոռացեք Եվրոդատարանի վճիռը:
– Իհարկե, կարող էի հիշատակել Եվրոդատարանի որոշումը, բայց այնտեղ ընդամենը արարողակարգային օրենսդրական խախտում է նշված, որը ուղղակի կապ չի կարող ունենալ հանձնաժողովի հետ: Իսկ այս նոր մրցույթն այնքան բաց եւ թափանցիկ է կազմակերպված, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչը կարող է անհասկանալի լինել:
– Այնուամենայնիվ, որոշումը հանձնաժողովականներն են կայացնում, այսինքն՝ կոնկրետ մարդիկ, եւ շատ մեծ է սուբյեկտիվիզմի գործոնը:
– Այդ կարծիքը չեմ կարող կիսել, մի հանձնաժողովի անդամ էլ ես եմ եւ առաջնորդվելու եմ օրենքով, եւ, ես ընդունում եմ՝ եթե դիկտատուրա, գոնե օրենքի դիկտատուրա, եւ եթե սուբյեկտիվիզմը բխելու է օրենքից, ես պատրաստ եմ լինել սուբյեկտիվ:
– Որպես ԵԿՄ անդամ, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հարցի կարգավորման այս շրջանը:
– Իհարկե, ցանկացած նորմալ մարդ կցանկանար այս հարցի շուտափույթ եւ արժանապատիվ լուծում, բայց՝ ըստ իս, սա շատ երկար եւ ծանր ճանապարհ է: Բայց եւ կարեւոր է, որ բանակցությունները շարունակվում են: Ես համամիտ եմ, որ, ռուսերեն ասած՝ «Խուդոյ միր լուչշե դոբրոյ վայնի»: Մենք շտապելու եւ ընկճվելու իրավունք չունենք: Իհարկե, 15 տարին անձի համար շատ երկար ժամանակ է, բայց ազգի պատմության համար դա ժամանակ չէ, եւ երբեւէ մեր սերունդները մեզ շնորհակալ կլինեն, որ մենք չենք ընկճվել այս տարիներին եւ չենք գնացել անիմաստ եւ սխալ քայլերի:
– Որպես նախկին ընդդիմադիր գործիչ, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը:
– Չլինելով ակտիվ քաղաքականության մեջ եւ չլինելով կուսակցության անդամ, չէի ուզենա գնահատականներ տալ ընդդիմադիր գործիչների քայլերին: Միշտ էլ ամառը եղել է համեմատաբար հանդարտ, ինչ վերաբերում է ձեր ակնարկին՝ նախկին ընդդիմադիր լինելուս մասին, ապա ես այսօր էլ եմ ընդդիմադիր ցանկացած բացասական երեւույթի: Իմ կարծիքով, շատ ընդդիմադիրներ կան նաեւ իշխող կուսակցության մեջ, նրանք ընդդիմադիր են ոչ թե իշխանությանը, այլ այսօրվա իրականությանը: Նրանցից շատերը ընդունում են, որ այսօր ամեն ինչ հոյակապ չէ, բայց նրանց առաջարկը ո՞րն է, եթե մեկը, որը կարող է գալ եւ ավելի շուտ փոխել վիճակը, խնդրեմ, հարթակն ազատ է, կարող են գալ եւ ընտրությունների միջոցով առաջարկել իրենց ծառայությունները ժողովրդին: Իսկ ընդդիմադիր վիճակը վատ բան չի, առողջ ընդդիմությունը նույնիսկ իշխանության մեջ շատ լավ երեւույթներ է բացահայտում: Ամբողջ դաշտը տիրապետելը շատ դժվար է, ինչ որ մեկը պիտի հուշի, թե որտեղ է սխալը եւ նշի այդ սխալը ուղղելու ճանապարհը, իրատեսական ճանապարհը: