Երբ ցեղական ձին հոգնում է, ականջները սառչում են, ու ձին այլեւս չի կարողանում լսել ձիավորին, եւ ձիավորը կորցնում է նպատակին հասնելու իր նախընտրած թափը: Այսինքն թե՝ չի կարելի թույլ տալ, որ հոգնի ձին, եւ ականջները սառչեն, այսինքն թե՝ այլեւս անհնարին կդառնա ձիու ներդաշնակ վարգը, երբ անընդհատ առաջնորդվում ես նույն հանգով եւ գոչյունով նույն: Ժամանակների մեջ այդպես հոգնեց մեր պատմության ազնվացեղ ձին, եւ մենք չհասկացանք, որ եկել է ձիու ականջները շփելու, տաքացնելու ժամանակը, որ մեր ձին սթափվի, լսի մեր ձիավորի նոր հրահանգը: Անշուշտ, ամեն ինչ անցնում է, բայց ինչ հրաշալի է, որ ամեն ինչ չէ, որ մոռացվում է: Թեեւ ես հաստատ գիտեմ, որ անցյալի եւ պատմության արժեքը միայն իմաստուններին է հասու, իսկ մյուսներն ապրում են բնախոսական, բայց, միեւնույն է, ժամանակների միջով մեզ հասած մեր հոգնած նժույգը սպասում է, սպասում է նոր՝ իրեն ջահելացնող խոսքին, որը կարծես թե այսօր հնչում է…
Հին ենք, Տե՛ր Աստված, այս ինչքա՜ն հին ենք, միտքդ նույնիսկ դադարում է հասկանալ, թե ե՞րբ սկսեցինք եւ ինչպե՞ս, եւ ինչպես եղավ, որ թեեւ կործանվեցին մեր բոլոր բերդերն ու պալատները, սակայն մեր իսկ հողը պահեց հիշողությունը մեր. եւ այսօր որտեղ փորում ենք ծառ տնկենք կամ ցորեն ցանենք, թագավոր կամ իշխան է դուրս գալիս գետնի տակից. վերջերս նույնիսկ թուրքերը՝ քոչվոր, բայց այսու այլեւս մեր հարեւանները, որոնք ժամանակին քրտնում էին երկու անգամ՝ մեկ՝ կռվելուց, մեկ՝ ուտելուց, սկսեցին պեղել Վանի բերդը, եւ զարմանալի բան՝ հողի տակից նորից թագավոր դուրս եկավ՝ Ռուսա արքայի կնիքը, եւ թուրք պեղողների կողքին չկար մի հայ հնագետ, որ ասեր՝ տղե՛ք ջան, Ռուսան մեր թագավորն է՝ Մեծն Արգիշտիի որդին, Մենուայի թոռը:
Չէ՛, ուրիշ ոչինչ պետք չէ, աշխարհստեղծման հեռուներից սրարշավ եկած մեր ցեղի նժույգին նոր խոսք է պետք, հին սեր է պետք, նոր կոչ ու նոր հրահանգ, եւ մեր անցյալի թագավորները մարմին եւ հոգի կստանան՝ ներշնչելով մեզ իրենց արքայական արժանապատվությունը, որ վերագտնենք ժամանակներում կորցրած հաղթանակը մեր: