Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի հարցազույցը slaq.am կայքին
– Պարոն Թեւանյան, մամուլում նշված էր, որ աշնանը կհայտարարվի նոր քաղաքական ուժի մասին, եւ մտածեցի, թե ինչ-որ բաներ արդեն հստակ են:
– Ճիշտն ասած, չեմ կարող ասել, որովհետեւ պետք է տեսնեմ այդ հրապարակումը՝ նոր ասեմ: Բայց դեռ նման կառուցվածքային կազմակերպչական խնդիր ընդհանրապես գոյություն չունի, ուղղակի մենք նշում ենք այն բացթողումները, աղաղակող ձախողումները, որոնք ունեն իշխանությունները: Արձանագրում ենք, որ հարթակային ընդդիմությունը՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, իշխանության այլընտրանք չի հանդիսանում եւ քաղաքական վակուում է առաջացել: Իսկ եթե կա քաղաքական վակուում, ապա այդ վակուումը պետք է լցվի: Կլցվի մեր կողմից կամ այլոց կողմից՝ ժամանակը ցույց կտա: Իսկ նոր ուժի պահանջ՝ հասարակությունն անկասկած ունի,- նկատեց Անդրանիկ Թեւանյանը:
– Պարոն Թեւանյան, ասացիք, որ համախոհների հետ քննարկումներ են լինում, ովքե՞ր են ձեր համախոհները:
– Այս պահին չեմ կարող ասել, քանի որ դեռեւս կուսակցականացվելու նման գործընթաց չկա, չեմ կարող անուններ տալ, մենք նման պայմանավորվածություն չունենք՝ այդպիսի խնդիր չկա, որ վաղը ստեղծվի կուսակցություն: Մենք ուղղակի գաղափարական դաշտ ենք ձեւավորում, եթե հետագայում զարգացումներ լինեն\’ այդ անունները հայտնի կլինեն, բայց ասեմ, որ այդ անունները հայտնի են փորձագիտական շրջանակներից եւ հայտնի են հասարակությանը: Այնպիսի մասնագետներ են, որ օրը մեջ տեսակետները չեն փոխում, իրենց ասածները իրականանում են եւ դուրս են այն քաղաքական դաշտից, որը մենք անկախությունից ի վեր մինչ օրս տեսել ենք, այդ մարդկանցից յուրաքանչյուրն իր ոլորտում բավականին հեղինակություն ունի:
– Ինչպե՞ս կպատասխանեք մամուլի այն հարցադրմանը, թե նոր քաղաքական ուժը ստեղծվելու է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար:
– Մենք անձի շուրջ ձեւավորված որեւէ բան չենք անի, եկեք հստակ ֆիքսենք\’ նոր քաղաքական ուժի ձեւավորում այս պահին գոյություն չունի, կա նոր ուժի պահանջ, որը կարող է լինել կամ մեր կողմից նախաձեռնված, կամ՝ այլոց, բայց նոր քաղաքական ուժի պահանջը հասարակության մեջ կա: Նոր ուժը չի ձեւավորվելու անձի շուրջ, այլ ձեւավորվելու է գաղափարի շուրջ, ա՛յն գաղափարների, որոնք կան 7or.am-ի խմբագրականներում եւ այլ վերլուծականներում:
Նշենք, 7or.am-ի խմբագրականներում եւ այլ վերլուծականներում անխնա քննադատության են ենթարկվում Լեւոն Տեր-Պետորսյանը եւ Սերժ Սարգսյանը, սակայն «խնայվում է» Ռոբերտ Քոչարյանը: