Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ Է ԳՈՌԳՈՌԱԼԸ, ԹԵ ՋՈՒՐ ԿԼՑՆԵՆՔ ԹՈՒՐՔԻ ՋՐԱՂԱՑԻՆ

Օգոստոս 20,2010 00:00

\"\"Թուրքիային փաղաքշելը կարո՞ղ է հեռանկարում գործող դարձնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

«Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» կազմակերպության ղեկավար Տիգրան Հակոբյանը, «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք արարողությունը Հանրային խորհրդի մի ենթահանձնաժողովի, ՀՅԴ-ի եւ այլոց կողմից բոյկոտելու կոչերին՝ գրել էր. «Ուրեմն, Ստամբուլ գնալ կարելի է. մի քիչ չարչիություն, ձեռի հետ էլ արյունոտ սուլթանի Դոլմա-Բախչա, մզկիթներ, քյաբաբ-շաուրմա, Անթալիա նույնպես՝ լողնալ-մողնալ: Իսկ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի՝ չի կարելի: Ես, իսկապես, բան չեմ հասկանում»: Հետո հավելել էր. «Ազգովի ինչ-որ տեսական կռիվներ ենք տալիս «դարավոր ոսոխի» հետ, բայց հենց էդ ոսոխը ռեալ քայլ է անում, որն իր հերթին քեզ է պարտադրում քայլ անել՝ ծակ ու ծուկ ենք մտնում, տեսականից չենք ուզում դուրս գալ: Վախենամ, վաղը, ասենք, մեզ Կարսը հենց այնպես տան՝ ձեզ լինի, արեք-ապրեք, էդ Հանրային կոչվող խորհուրդը կամ ազգային-ավանդական կուսակցություններն ու գործիչները դավաճան անվանեն մեր պատմական էրգիր յորղան-դոշակով տեղափոխվողներին: Իբր, թուրքերը PR են անում, դուք էլ նրանց ջրաղացին հեղուկ եք լցնում»:

«Առավոտը» Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե այսինքն՝ այն բոլոր փաստարկները, որոնք հնչում են այս կապակցությամբ՝ ասենք, թե այսպիսով Թուրքիայի իշխանություններն ուղղակի ցանկանում են բարելավել իրենց վարկանիշը կրոնական հանդուրժողականության ոլորտում, հեշտացնել իրենց երկրի մուտքը Եվրամիություն, եւ հասկանալի չէ, թե ինչու պիտի հայերը նպաստեն թուրքական քարոզչությանը՝ իր համար համոզի՞չ չեն: «Ես երբեք չեմ վիճել, որ դա քաղաքական քայլ է, միգուցե պարտադրված է, արվում է PR նպատակներով, Եվրոպայի եւ համաշխարհային հանրության աչքերը փակելու համար,- պատասխանեց պարոն Հակոբյանը:- Այս ամենը հասկանում եմ ու չեմ վիճարկում: Ես այլ բան եմ ասում՝ այդ բոլորը հաշվի առնելով էլ, մենք պիտի մեր խաղը վարենք: Ընդհանրապես ցանկացած գործ նախաձեռնողն իր շահերն է հետապնդում, բայց պետք է փորձել, ընդունելով այդ կանոնները՝ խաղն աննկատ շրջել քո օգտին: Եվ այս առումով քո ճիշտ ռազմավարությամբ է պայմանավորված՝ հաջողության կհասնե՞ս, թե՞ ոչ: Ի՞նչ է, Ռուսաստանը մեր շահերից ելնելո՞վ է մեր երկրում ռազմաբազաներ պահում: Իհարկե՝ ո՛չ: Ուրեմն, ամենահեշտը մերժելն է՝ ասելը, թե դա Թուրքիայի PR-ն է, եւ որեւէ բան չանելը: Ու համոզված եմ՝ սա նորից մեր ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ անգամ հոգեբանական պարտություններից կլինի, եթե այնտեղ իսկապես աշխարհի տարբեր երկրներից շատ հայեր չհավաքվեն՝ ինչին ես շատ կասկածում եմ: Գոնե իրենց վանեցի համարող հայերին ցանկացա՛ծ կոչ չի կանգնեցնի այցելել այդ օրը Վանա լիճ եւ Աղթամար կղզի, ինչպես ցանկացած կոչ չի կարող ինձ խանգարել կամ արգելել, որ այցելեմ իմ նախնիների գերեզմանին: Այդպիսի բան չի՛ լինում»: Նկատեցինք, որ տուրիստական գործակալություններն արդեն այժմ են արձանագրում, որ զգալի աշխուժացում կա այդ ժամանակահատվածում Թուրքիա այցելելու, եւ Տիգրան Հակոբյանն արձագանքեց. «Ուրեմն, քաղաքական այս ամբողջ բանավեճը շինծու է եւ ցույց է տալիս մեր քաղաքական մտքի տկարությունը: Ցույց է տալիս, որ, ինչպես մի խելացի մարդ է ժամանակին ասել՝ մենք սիրում ենք մեր վիրտուալ հայրենիքը եւ ոչ իրական հայրենիքը, որի համար պիտի ջանք թափես: Իսկ Աղթամար գնալը, նեղություն կրելը, թուրքերի դեմքեր տեսնելը, նորից դարասկզբի եղեռնը հիշելը գուցե ծանր է հոգեբանության համար: Ավելի հեշտ է այստեղ նստելն ու գոռգոռալը, թե պետք չէ գնալ, քանի որ դա ջուր է լցնում թուրքի ջրաղացին»:

Եվս մի փաստարկ հիշեցրինք, թե ընդդիմախոսները չեն ցանկանում եկեղեցական արարողության մասնակցել թանգարանում՝ համարելով, թե այսպիսով մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրավման օրինականացմանը, եւ Տիգրան Հակոբյանն արձագանքեց. «Կարեւորը «ոտի տեղ» անելն է: Չի կարելի միանգամից խոհեմ քայլեր պահանջել այն Թուրքիայից, որում դեռ ողջ-առողջ են ե՛ւ օսմանիզմը, ե՛ւ քեմալիզմը: Կամաց-կամաց, մեր արժանապատվությունը պահելով, այնուամենայնիվ կարելի է փաղաքշել, եւ վաղը կարող է այդ եկեղեցում պատարագ մատուցվել տարեկան 2, 3, 4 օր: Եվ Սուրբ Խաչն ի վերջո վերստին կդառնա գործող եկեղեցի. մենք դրա՞ն չենք ձգտում: Թե՞ մերժում ենք նույնիսկ մեկ օրվա Սուրբ պատարագին մասնակցելը, երբ 1915 թվականից այդ եկեղեցում չի եղել նման որեւէ արարողություն: 95 տարի մեր ազգային, հոգեւոր, եկեղեցական արժեքներից մեկում չի հնչել Կոմիտասի պատարագը, եւ մենք ասում ենք, թե չենք ուզում գնա՞լ՝ դա իմ տրամաբանությունից դո՛ւրս է»:

Հիշեցրինք, որ իշխող եւ ազգայնական ուժերի ներկայացուցիչներն են հանդես եկել մերժողական դիրքորոշմամբ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտադիր է Աղթամար ուղարկել երկու եկեղեցականների: «Շատ լավ կլիներ, որ ընդհանրապես եկեղեցու գործերի մեջ չխառնվեինք, եւ այս ամենին վերաբերվեինք որպես զուտ եկեղեցական արարողության եւ վստահեինք հոգեւոր իշխանության որոշմանը,- արձագանքեց պրն Հակոբյանը:- Բայց քաղաքական աստառ ենք տալիս, եւ ես էլ եմ գտնում, որ այստեղ իսկապես քաղաքական տարր կա: Դա քաղաքականություն է՝ արձագանքել բացված այս նույնիսկ փոքր հնարավորությանը եւ ամրապնդել այն: Իսկ դրա փոխարեն միշտ ասելը, թե հազարավոր քանդված եկեղեցիներ ունենք՝ թող դրանք էլ աշխատեցնեն, գուցե արդար է մեզ համար, բայց արդյունավետ չէ՝ դուրս է real politic-ի շրջանակներից»: Ի դեպ, այն պնդումների կապակցությամբ, թե բացի Սուրբ Խաչից կան եւս 900 եկեղեցիներ, որոնք պետք է բացել ժամերգության համար՝ մեջբերենք մեր զրուցակցի եւս մի «ֆեյսբուքյան» գրառում. «Օստապ Բենդերների ազգ ենք՝ կա՛մ ամբողջը, կա՛մ ոչինչ: Սբ Խաչում հենց վաղվանից պիտի ամեն օր պատարագ անցկացնենք, Ղարաբաղն ամբողջ գրավյալ տարածքով պիտի մեզ միացնենք, պատմական Հայաստանն էլ միայն Սեւրի դաշնագրի սահմաններում: Էդ պատճառով էլ միշտ մեզ ոչինչն է մնում»:

Մեր զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ ի՞նչ է վկայում պատմությունը՝ թեկուզ վերջին տարիների, արդյոք արդյունավե՞տ են լինում թուրքերին փաղաքշելու փորձերը: «Մենք նման պատմական փորձ գրեթե չունենք՝ որպես պետություն պետության հետ խոսելու,- պատասխանեց Տիգրան Հակոբյանը:- Իսկ վերջին տարիների փորձի առումով էլ չգիտեմ, թե փաղաքշանքն այստեղ որն էր՝ երկու հավասար սուբյեկտներ ինչ որ բան փորձեցին անել ու չստացվեց: Ու չես կարող ասել, թե հատկապես ինչը չստացվեց, կամ՝ մենք փաղաքշում էինք, թե ոչ: Ես դա չգիտեմ: Այդ ամենը մնաց միայն թղթի վրա: Բայց ցանկացած երկխոսություն հիմնվում է փոխզիջումային տարբերակների վրա: Եթե տարին մեկ անգամ նման արարողություն կազմակերպելու փոխզիջումը նույնիսկ համարենք (տեսեք, շատ կոպիտ բան եմ ասում) մեզ շպրտած ոսկոր՝ մեր ներկայությունն ապահովելով եւ այլ քայլեր ձեռնարկելով՝ կարող ենք ավելիին հասնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել