Քրգործի նախաքննությունն ավարտվել եւ մեղադրականն էլ հաստատվել է նրա բացակայության պայմաններում
Երեկ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում ավարտվել է Հայ ազգային կոգրեսի անդամներ՝ արցախյան պատերազմի մասնակից ու «Արաբկիր» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի եւ քաղբանտարկյալների եւ «մարտիմեկյան» իրադարձությունների ժամանակ տուժողների խնդիրներով ակտիվորեն զբաղվող Առաքել Սեմիրջյանի կողմից նախկին քաղբանտարկյալ Քրիստափոր Էլազյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մոտավորապես 60 էջանոց այս քրգործը, որն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, դեռ տեղ չի հասել: Այդ մասին «Առավոտին» փոխանցեց դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Կարճ հիշեցնենք, որ Ք. Էլազյանի՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում արած հայտարարության համաձայն, հուլիսի 19-ին, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Հովհ. Հարությունյանն ու Ա. Սեմիրջյանն իրեն ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հովհ. Հարությունյանին եւ Ա. Սեմիրջյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ ծեծ: Ի դեպ, այս հոդվածով նախատեսված պատժաչափը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ կալանքը՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Կոնգրեսի ներկայացուցիչները, սակայն, ի սկզբանե պնդում էին, որ Էլազյանը ստում, զրպարտում է իրենց՝ հավելելով, թե անհամբեր սպասում են դատաքննության մեկնարկին, որտեղ ապացուցելու են Էլազյանի սուտ մատնություն կատարելու փաստը: Բայց մինչ հարուցված քրգործի նախաքննությունը կավարտվեր ու դատարան կհասներ, նախաքննական մարմինը պարզել էր (այդ մասին համապատասխան արձանագրումներ կան նաեւ քրգործի նյութերում), որ Էլազյանը Հայաստանում չէ: Նա դեռ օգոստոսի 2-ին հասցրել էր փախչել. ասում են՝ Ուկրաինայում է, Խարկով քաղաքում: Թե առանց տուժողի ներկայության քրգործի նախաքննությունն ինչպե՞ս է ավարտին հասցվել, առավել եւս՝ վերահսկող դատախազի կողմից հաստատվել եւ դատարան ուղարկվել՝ մնում է զարմանալ:
«Առավոտի» հարցին, թե՝ «ամբաստանվողները» որքա՞ն լուրջ են համարում ապասվող դատական պրոցեսը, Ա. Սեմիրջյանն ասաց. «Լուրջ ենք վերաբերվում եւ ուզում ենք ապացուցել, որ նրա (Էլազյանի) արած հայտարարությունն իրականությանը չի համապատասխանել: Ամենը սուտ է եղել: Ափսոսում եմ, որ փախել է: Շատ ափսոս: Ինքը գիտեր, որ դատարանում ամեն ինչ բացահայտվելու էր ու «սուտ մատնություն» հոդվածով գնալու է, նստի»: Արձագանքելով մեր հարցադրմանը, թե՝ տուժողի բացակայությամբ գործի դատաքննությունն ինքն ինչպե՞ս է պատկերացնում, Ա. Սեմիրջյանը կարծիք հայտնեց, որ դատավորը, թերեւս, կմերժի գործը վարույթ ընդունել՝ հավելելով նաեւ, որ նախաքննության ընթացքում, գոնե, ինքը որեւէ ուղղորդվածության նշան չի տեսել:
Ի դեպ, ե՛ւ Հովհ. Հարությունյանի, ե՛ւ Ա. Սեմիրջյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Վերջինիս ասելով, քրգործում ՀԱԿ ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքը ապացուցող որեւէ հիմնավոր փաստ չկա: Իհարկե, կա Էլազյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը առ այն, որ նա ստացել է առողջությունը չքայքայող վնասվածքներ: Բայց, պաշտպան Գ. Հովհաննիսյանը նկատեց, որ այդ փորձաքննությունը կատարվել է դեպքից օրեր անց. նախ՝ Էլազյանը բուժօգնության է դիմել իր ասած միջադեպից երկու օր անց միայն, որից հետո ոստիկանությունում տված հայտարարության հիման վրա դատաբժշկի ուղեգիր է ստացել: Հետեւաբար՝ պաշտպանը չբացառեց, որ Էլազյանը մինչեւ բուժօգնության դիմելը նույն հաջողությամբ կարող էր քերծվածքներ ստանալ որեւէ այլ միջադեպի կամ նույնիսկ ինքնավնասման արդյունքում:
Գ. Հովհաննիսյանի ասելով, եթե դատավորը այլեւայլ հնարքների չդիմի, նա պարտավոր է լինելու քրգործը կարճել, առավել եւս, որ տուժող կողմը, որը պիտի շահագրգիռ լիներ իր հայտարարությունները դատարանում ապացուցելու եւ «մեղավորներին» պատժելու հարցում, փաստացի փախուստի է դիմել: «Բոլոր դեպքերում, եթե մեղադրող կողմն էլ դատարանում չհրաժարվի մեղադրանքը պաշտպանելուց, մենք պահանջելու ենք ապահովել տուժողի ներկայությունը, որովհետեւ մենք նրան հարցեր ունենք տալու: Մենք պատրաստ ենք դատաքննությանն ու կարող ենք ապացուցել, որ իմ վստահորդները նրան չեն ծեծել, եւ որ Էլազյանը ուղղակի զրպարտում է»,- ասաց պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Ի դեպ, «Առավոտը» փորձեց ստանալ նաեւ Ք. Էլազյանի մոր՝ տիկին Կարինեի, մեկնաբանությունն իր որդու փախուստի առնչությամբ: Վերջինս որդու Հայաստանից մեկնելը բացատրեց նրա առողջական խնդիրներով, թեեւ դա մեզ, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չթվաց: Պարզվեց նաեւ, որ Էլազյանը իր շահերը դատարանում ներկայացնելու համար փաստաբան չունի:
Դատավարական ընթացակարգը հաշվի առնելով՝ ակնկալվում է, որ այս քրգործով դատական առաջին նիստի օրը, եթե այն նշանակվի, հայտնի կդառնա 15-20 օրվա ընթացքում: