Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է

Օգոստոս 19,2010 00:00

Եթովպիական վանքում հայտնաբերվել է ձեռագիր, որը կարող է լինել աշխարհի ամենահին նկարազարդ քրիստոնեական տեքստը: Սկզբնապես այն թվագրվում էր XI դարին, սակայն ռադիոածխաջրածնային վերլուծության շնորհիվ սահմանվել է տեքստի ստեղծման ճիշտ ժամանակահատվածը՝ մ. թ. 330-650թթ.:
Տեքստը, որի տարիքը գերազանցում է 1600 տարին, անվանված է ի պատիվ Հարիմա վանահոր, ով V դարում եկել է Եթովպիա: Լեգենդի համաձայն՝ նա արտագրել է Ավետարանը Հարիմա վանքի հաստատումից անմիջապես հետո, ընդամենը մեկ օրում՝ երկրի հյուսիսում գտնվող Ադուա քաղաքում:
Գրքում կան նաեւ Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես ավետարանիչների նկարները, կա նաեւ Երուսաղեմի տաճարի առաջին քրիստոնեական պատկերը: Հարիմայի Ավետարանը երբեք դուրս չի բերվել վանքի տարածքից: Ձեռագիրը գրվել է այծի կաշվի վրա, եթովպերեն եւ համարվում է, որ դրա կազմը որպես այդպիսին ամենավաղ օրինակն է, որի տակ պահպանվել են բնօրինակային էջեր: Ձեռագրի ավելի վաղ թվագրումը համընկնում է Հարիմա վանահոր՝ 494թ. Կոնստանդնուպոլսից Եթովպիա ժամանման հետ: Իսահակ Հարիման եթովպացի սուրբ է, Ակուսումյան թագավորություն ժամանած «ինը սրբերից» մեկը:
Հարիման սերում էր «հռոմեական» կայսերական տնից, մկրտվել էր եւ վանական ձեռնադրվել Պանտելեյմոն վանահոր ձեռամբ: Հարիման Ակուսումյան թագավորություն էր ժամանել Էլլա-Ամիդ թագավորի օրոք: Մեկ տարի ինն ամիս բոլոր «ինը սրբերն» ապրեցին միասին, սակայն Էլլա-Ամիդի մահից հետո՝ նրա հաջորդ Տազենի օրոք նրանք ցրվեցին ամբողջ երկրում՝ վանքեր հիմնելու համար: Մադարայի նախկին հեթանոսական տաճարի տեղում, որն արդի Ադուա քաղաքից 10 կմ արեւելք է, Հարիմա վանահայրը հիմնեց վանք, որը մինչեւ օրս կա: Վարքագրության մեջ նշվում է, որ եթե Հարիման «չգնար Եթովպիա, այն անհավատ կլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել