Անաստասյանը պահպանում է առաջատարի դիրքը
Աբու Դաբիում ընթացող շախմատի «Masters Tournament» ներկայացուցչական միջազգային մրցաշարում առաջատարը Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանն է: Վեցերորդ տուրում նա սեւ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի Սարհան Գուլիեւին: Նույն օրը հաղթանակ տարավ նաեւ մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ Հովհաննես Գաբուզյանը, որի մրցակիցը հնդիկ Անտոնիո Վիանին էր: Ցավոք, տուրն անհաջող ավարտվեց հանրապետության գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանի համար: Նա զիջեց ուկրաինացի Անդրեյ Կորոբովին: Վեցերորդ տուրից հետո Անաստասյանն ու Կորոբովը վաստակել են 4,5-ական միավոր: Սակայն անհատական ավելի բարձր գործակիցների շնորհիվ Հայաստանի բազմակի չեմպիոնը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Երեկ կայացած յոթերորդ տուրում Անաստասյանը հանդիպում էր իրանցի Մոհշեն Շարբաֆի, Գաբուզյանը՝ Կորոբովի, Գրիգորյանը՝ Վիանիի հետ:
Մերոնցից լավագույնը Անդրիասյանն է
Հունաստանում ավարտվեց շախմատի «Negroponte 2010» միջազգային մրցաշարը, որին մասնակցած 204 շախմատիստների մեջ էին նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Ստացվել էր այնպես, որ եզրափակիչ տուրում մեր երկրի երկու շախմատիստները՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը եւ Վահե Բաղդասարյանը, ելել էին միմյանց դեմ: Նրանց պայքարն ավարտվեց ոչ-ոքիով: Էլինա Դանիելյանը նույնպես կես միավոր վաստակեց, իսկ Նելլի Աղինյանը պարտության մատնեց տանտիրուհի, կանանց միջազգային վարպետ Մարիա Պետրակին:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում մեր հանրապետությունից լավագույնը 6,5 միավորով 8-րդ հորիզոնականում հանգրվանած Զավեն Անդրիասյանն է: Մյուսները զբաղեցրել են հետեւյալ տեղերը:
14. Վահե Բաղդասարյան՝ 6,5,
45. Էլինա Դանիելյան՝ 5,5,
77. Նելլի Աղինյան՝ 5,0:
Սինգապուրից դեռ մեդալներ ենք ակնկալում
Սինգապուրում ընթացող պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի հերթական օրը մեր հանրապետությունից պայքարի մեջ ներգրավվեցին լողորդները:
Տղաների 50 մետր ազատ լողաոճում Սերգեյ Պեվնեեւը 25,83 վրկ արդյունքով 52 մասնակցի մեջ գրավեց 32-րդ տեղը, իսկ Անահիտ Բարսեղյանը, հանդես գալով 50 մետր թիկնալողում, ցույց տվեց 17-րդ արդյունքը (32,79 վայրկյան): Այս մրցաձեւին մասնակցում էր 22 աղջնակ:
Երեկ բազմամարտի եզրափակչում մեդալների համար պետք է պայքարը շարունակեր սպորտային մարմնամարզիկ Վահան Վարդանյանը, Վասիլ Շահնազարյանն ուժերն էր փորձելու նետաձգությունում, իսկ աթլետ Դիանա Խուբեսերյանը մասնակցելու էր 100 մետր արագավազքի մրցմանը:
Հայաստանցի մարզասերներն անհամբերությամբ են սպասում +85 կգ քաշային ծանրորդ, այս տարի Վալենսիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանի մրցելույթին: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նա մրցահարթակ էր մտնելու այսօր վաղ առավոտյան, Երեւանի ժամանակով մոտավորապես յոթին:
Նախապատրաստվում են
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվող Հայաստանի մինչեւ 19 եւ 17 տարեկանների հավաքականները ուսումնամարզական հավաքների անցկացման վայր ընտրել են Հանքավանը: Հավաքականների ավագ մարզիչներ Սեւադա Արզումանյանն ու Սուրեն Չախալյանը նախատեսել էին երեկ ստուգողական հանդիպում կազմակերպել երկու թիմերի միջեւ: