Հայերին ջերմ են ընդունել
Լեհաստանի Գդանսկ քաղաք մեկնած Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասանները հյուրախաղերից խանդավառված են վերադարձել: Նրանք հուլիսի 30-ից օգոստոսի 8-ը մասնակցել են Գդանսկում անցկացվող Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնին: Լեհ հանդիսատեսին հայ դերասանները ներկայացել են «12-րդ գիշեր» բեմադրությամբ, որն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Երեկվա ասուլիսում Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը պատմում էր, որ հայ հանդիսատեսին լավ ծանոթ «12-րդ գիշերը» Լեհաստանում ներկայացնելիս տպավորություն է ստացել, թե ներկայացման պրեմիերան է. «Դերասաններն այնքան ոգեւորված էին խաղում, որ խոստովանում էին, թե Երեւանում նվազագույնը 10-20 անգամ խաղացել են, բայց նման հոգեվիճակ երբեք չեն ունեցել»: Բարձր տպավորություններ ուներ նաեւ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը. «Մեր դերասաններին չէին թողնում բեմից հեռանային, ընդունելությունը բացառիկ էր, դահլիճը՝ լեփ-լեցուն, իսկ ծափահարությունները չէին դադարում: Մեր դերասաններն ասում էին, թե նման ընդունելության նույնիսկ Երեւանում չեն արժանացել»:
Ոչ պակաս խանդավառված է Հայաստան վերադարձել նաեւ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում «Սլավյանսկի բազար» մրցույթի հայ մասնակիցը: Էստրադային երգի միջազգային ամենամյա մրցույթում Անահիտ Շահբազյանը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ մրցանակը կիսելով Ուկրաինայի ներկայացուցչի հետ: «Ինձ համար մեծ պատիվ էր մրցույթին մասնակցելը, ես ինձ ոչ միայն երգչուհի էի զգում, այլեւ պատվավոր քաղաքացի ու զինվոր»,- ասում էր նա: Անահիտը մրցել է 19 պետությունների ներկայացուցիչների հետ, իսկ լավագույններին ընտրել է ժյուրին՝ ըստ իր նախասիրած երաժշտության: Հայ երգչուհին իրեն մրցակից է տեսել Ղազախստանի, Բուլղարիայի, Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչներին ու կիսում է մրցույթի մնացած մասնակիցների կարծիքը, թե առաջին մրցանակին արժանացած Վրաստանի ներկայացուցիչը այդ մրցանակի լավագույն թեկնածուն չէր. «Ոչ ոք նրան չշնորհավորեց, որովհետեւ մասնակիցներից ոչ ոք չէր համարում նրան արժանի առաջին մրցանակին, բավականին լուրջ երաժիշտ-երգիչներ կային, որ հարմար էին առաջին տեղին, իսկ Վրաստանի մասնակիցը պարզապես ռեստորանային երգչուհի էր»: Անահիտը կարծում է, որ ինչպես շատ միջազգային մրցույթներում, «Սլավյանսկի բազարում» էլ պետության վարած քաղաքականությունը մեծ դեր ունի. «Ժյուրիի նախագահը մի քանի անգամ կրկնել է, որ հաղթողը հավանաբար Հայաստանի ներկայացուցիչն է լինելու, բայց մրցույթին ներկա էր նաեւ Վրաստանի նախագահը, եւ բոլոր մասնակիցներն էլ եկան այն եզրակացության, որ ինչ-որ բան արդեն նախօրոք արված էր»: Հայաստանի երգի պետական թատրոնի ներկայացուցիչ Անահիտը մրցույթում կատարել է Արթուր Գրիգորյանի «Ծով» ստեղծագործությունը եւ Ալեքսանդր Ժուրգինի «Կանչիր ինձ, սեր» երգը: